«Ակնհայտ է՝ Ադրբեջանը վախենում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետները մուտք գործեն հայկական մշակութային վայրեր»
Նմանատիպ
ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը հարցազրույց է տվել Nouvelle d’Arménie պարբերականին:
Հարց․ Ի՞նչ է անում և ի՞նչ է նախատեսում անել Հայաստանը՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում գտնվող հայկական հուշարձանների պաշտպանության համար ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներգրավվածությունն ապահովելու նպատակով։
Քրիստիան Տեր-Ստեփանյան․ Ցանկանում եմ առաջին հերթին հստակեցնել, որ Հայաստանը բազմիցս դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի ընթացքում, երբ հայկական մշակութային ժառանգությունը (նկատի ունեմ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցուն հասցված լուրջ վնասները) դիտավորյալ թիրախավորվում էր ադրբեջանական զինված ուժերի կողմից։
2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո, որը վերջ դրեց զինված ընդհարումներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և դրա շուրջը, Հայաստանի Հանրապետության իրավասու իշխանությունները՝ թե՛ Արտաքին գործերի նախարարությունը, թե՛ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, թե՛ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովը, ինչպես նաև ՀՀ և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանները բազմիցս իրենց խորը մտահոգությունն են հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին՝ ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ անցած տարածքներում գտնվող հայկական մշակութային ժառանգության ոչնչացման և վանդալիզմի գործողությունների առնչությամբ, ինչպես նաև հայկական մշակութային ժառանգությունը յուրացնելու Ադրբեջանի փորձերի կապակցությամբ։
Մենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարությանը, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ պետությունների մշտական պատվիրակություներին տրամադրել ենք հուշագրեր, լուսանկարներ և տեսանյութեր, որոնք վկայում են Ադրբեջանի կողմից իրականացված դիտավորյալ ոչնչացումների և վանդալիզմի բազմաթիվ գործողությունների մասին․ յուրաքանչյուր ոք կհիշի Շուշիի Կանաչ ժամ՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցուն հասցված վնասները։
Տեղեկատվական այս գործունեության ընթացքում գնահատելի են ոչ կառավարական այնպիսի կազմակերպությունների ակտիվությունը, ինչպիսիք են Terre et Culture-ը, ՀԲԸՄ-ը կամ Հայկական հարցի պաշտպանության կոմիտեն (CDCA), ինչպես նաև բազմաթիվ միջազգային ճանաչում ունեցող մտավորականներ։
Հաշվի առնելով ստացված տեղեկատվությունները և ձեռնարկված տարբեր քայլերը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն տիկին Օդրե Ազուլեն, շահագրգիռ կողմերի հետ խորհրդակցություններից և վերջինններիս համաձայնությունից հետո, 2020թ․ նոյեմբերի վերջին հանդես եկավ նախաձեռնությամբ՝ առաջարկելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ և դրա շուրջը, տարածաշրջանի մշակութային ժառանգության իրավիճակը գնահատելու նպատակով, հիմնվելով Զինված ընդհարման դեպքում մշակութային ժառանգության պաշտպանության 1954թ․ Կոնվենցիայի և դրա երկու Արձանագրությունների դրույթների վրա։
Հայաստանը դրական կերպով ընդունեց այս առաջարկը, որը հատկապես քննարկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի և ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հանդիպան ժամանակ, 2020թ. դեկտեմբերի 8-ին վերջինիս՝ ՅՈՒՆԵՍԿՕ կատարած այցի ընթացքում։
Հայաստանը կառուցողական կերպով ներգրավվեց առաքելության նախապատրաստմանը, հատկապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարությանը տրամադրելով Արցախում և դրա շուրջը գտնվող հայկական մշակութային և կրոնական ժառանգության և այլ հուշարձանների՝ ավելի քան 4000 վանքերի, եկեղեցիների, խաչքարերի համապարփակ ցանկը, որոնք վկայում են այդ ժառանգության հարստության մասին։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաջարկը չեր սահմանափակվում միայն մեկ առաքելություն ուղարկելով, այլ նախատեսում էր մի շարք առաքելությունների իրականացում, որոնք անհրաժեշտ են Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջը գտնվող մշակութային ժառանգության իրավիճակի հնարավորինս ամբողջական գնահատում կատարելու համար։ Այս հեռանկարում, փոխանցված ցանկը ներառում էր նաև Շահումյանի շրջանում գտնվող հուշարձանների ցանկը, որտեղ, ինչպես հայտնի է յուրաքանչյուրին, հայկական մշակութային ժառանգության գանձեր կան։
Նախնական առաքելության շրջանակներում այցելելու հնարավոր մշակութային ժառանգության ավելի թիրախային ցանկը նույնպես տրամադրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարությանը։
Այս առաջարկությունը 2020թ․ դեկտեմբերին ստացավ նաև Զինված հակամարտության դեպքում մշակութային ժառանգության պաշտպանության 1954թ․ Կոնվենցիայի երկրորդ արձանագրության Միջկառավարական կոմիտեի աջակցությունը, որը Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությամբ ընդունեց հայտարարություն՝ կոչ անելով պաշտպանել Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ գտնվող մշակութային ժառանգությունը և ողջունելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ հնարավորինս արագ այս մշակութային ժառանգության իրավիճակը գնահատող անկախ տեխնիկական առաքելություն իրականացնելու նախաձեռնությունը։
Ինչպես հասկանում եք, ՅՈՒՆԵՍԿՕ-ի այս առաքելությունը պետք է իրականացվեր շահագրգիռ բոլոր կողմերի ներգրավմամբ և համաձայնությամբ։
Հարց․ Եթե հստակեցնենք, ի՞նչ միջոցներ ունի ՅՈՒՆԵՍԿՕ-ն այդ ժառանգությունը պաշտպանելու համար։ Ի՞նչ կարելի է սպասել այդ Կազմակերպությունից։
Քրիստիան Տեր-Ստեփանյան․ Տեխնիկական անկախ այս առաքելության կազմակերպման պատասխանատվությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարությանն է պատկանում, որը կարող է հիմնվել փորձառության, լոգիստիկ և տեխնիկական հմտությունների վրա։
Այն ունի փորձագետների ցանկ, որոնք մասնագիտացած են մշակութային ժառանգության պաշտպանության ոլորտում, որոնց Կազմակերպությունն ի զորու է ներգրավել։
Շատ կարևոր է նաև, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր պատասխանատվությամբ կողմերի հետ խորհրդակցություններ է անցկացնում՝ առաքելությունն իրականացնելու նպատակով, որը 1954թ. Կոնվենցիայի և առաքելության ընդունված ձևաչափի շրջանակներում, պահանջում է կողմերի համաձայնությունը։
Հարց․ Այս համատեքստում ո՞րն է եղել Ադրբեջանի դիրքորոշումը։
Քրիստիան Տեր-Ստեփանյան․ Չնայած, որ Ադրբեջանը տվել էր իր սկզբունքային համաձայնությունը, այդուհանդերձ, վերջինս չի դադարել սկզբից ի վեր ստեղծել արհեստական և քաղաքականապես պատճառաբանված խոչընդոտներ առաքելության իրականացման համար, հատկապես դիտավորյալ ձգձգելով առաքելության նախապատրաստումը կամ փորձելով փոխել դրա ձևաչափը։
Պատահական չէ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր՝ 2020թ. դեկտեմբերի 21-ի հաղորդագության մեջ, հանրայնորեն տեղեկացնում է, որ չնայած բազմաթիվ դիմումներին, որոնք փաստացի անարդյունավետ են եղել, «Միայն Ադրբեջանի պատասխանն է սպասվում, որպեսզի ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարողանա առաջ շարժվել առաքելությունն ուղարկելու համար»։
Պետք է այսօր փաստել, որ իրավիճակը մնացել է անփոփոխ․ քննարկումները երկար շարունակվում են և առաքելությունը դեռևս չի իրականացվել։
Ակնհայտ է, որ ադրբեջանական իշխանությունները վախենում են, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետները կարողանան մուտք գործեն հայկական մշակութային վայրեր, որտեղ ոչնչացման գործողություններն ապացուցված են կամ կարող են հաստատվել։
Ճիշտ է, որ Ադրբեջանի նախագահի կոչը՝ ջնջել հին հայկական արձանագրությունները հայկական եկեղեցիների պատերի վրայից, որն արվել է 2021թ․ մարտի 15-ին Արցախի Հադրութի շրջանում գտնվող 17-րդ դարի հայկական եկեղեցի նրա այցի ժամանակ, իսկական դրդում է դեպի վանդալիզմ և որևէ լավ բան չի թողնում կանխագուշակել հայկական մշակութային ժառանգության իրավիճակի վերաբերյալ, որը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում։
Ի՛նչ գնահատում կարող են անել ՅՈՒՆԵԿՍՕ-ի փորձագետները, եթե վերջիններս այցելեն այն վայրը, որտեղ գտնվում էր Մեխակավանի հայկական եկեղեցին (Ջեբրայիլի շրջան), որտեղ BBC-ի թղթակիցը հստակ արձանագրել է այդ եկեղեցու անհետացումը։
Ադրբեջանական ղեկավարության նման հայտարարությունները, որոնք Արցախում հայկական ցանկացած ներկայություն ժխտելուն ուղղված քաղաքականության մասն են, հանդիսանում են ոչ միայն հայ ժողովրդի մշակութային ժառանգությանը հասցված վնաս, այլ նաև կայուն ատելության արտահայտություն են հայի նկատմամբ, ինչպես այսպես կոչված «Ռազմական ավարի պուրակի» բացումը Բաքվում․ համակարգային ատելության և անհանդուրժողակնության մեկ այլ դրսևորում, որտեղ ցուցադրված են հայ զինվորականների մանեկեններ, զինվորական սաղավարտներ և Հայաստանի ու Արցախի հայ զինվորների անձնական իրեր, պղծելով ռազմագերիների և անհետ կորած անձանց պատիվը, անարգելով պատերազմի հայ զոհերի հիշատակը և խախտելով նրանց ընտանիքների իրավունքներն ու արժանապատվությունը։
Հարց․ Ըստ Ձեզ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարության հետաքրքրվածությունն ու արձագանքը այս հարցի վերաբերյալ բավականաչա՞փ է։ Ի վերջո, ո՞րն է այդ առաքելության մարտահրավերը։
Քրիստիան Տեր-Ստեփանյան․ Հայաստանը միշտ ընդգծել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության իրականացման հրատապությունը, գիտակցելով, որ ժամանակի գործոնը որոշիչ է հայկական մշակութային ժառանգության պահպանման համար։
Բուն այցելությունը Հայաստանի կողմից ներկայացված կարևոր հայկական մշակութային վայրեր, որոնք տեղակայված են Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքներում, հատկապես Արցախի այն մասերում, որոնք այսօր օկուպացված են Ադրբեջանի կողմից, ինչպիսիք են Շուշին և Հադրութը, մնում է մեր ուշադրության կենտրոնում և պետք է ՅՈՒԵԿՍՕ-ի առաքելության բաղկացուցիչ մասը կազմի, այնպես ինչպես փորձագետների առաքելության այցելությունն Արցախ։ Սրանք այդ առաքելության անշրջանցելի տարրերից են։
Այս առաքելության իրականացումը ճշմարտության պահ է ՅՈՒՆԵՍԿՕ-ի և միջազգային հանրության համար՝ մշակութային ժառանգության համընդհանուր բնույթի առումով և այն պաշտպանելու նրանց պարտավորության տեսանկյունից։ Ոչինչ չանելով նրանք չեն կարող փաստել, վկայել Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքներում հայկական մշակությային ժառանգության ծրագրված ոչնչացումը։ Յուրաքանչյուր ոք պետք է հիշի տխուր նախադեպը, որ բաժին հասավ Նախիջևանի հայկական մշակութային ժառանգությանը, որտեղ 89 եկեղեցի, 5840 խաչքար և 22000 տապանաքար ոչնչացվեցին 1997- 2006թթ․ ընթացքում և որն ի ցույց դրեց միջազգային հանրության անգործությունը՝ մշակութային ժառանգության պաշտպանության իր պարտավորության մեջ։
Նման իրավիճակը չպետք է կրկնվի։ Այդ պատճառով մենք ՅՈՒՆԵՍԿՕ-ից ակնկալում ենք, որ վերջինս շարունակի և կրկնապատկի իր ջանքերը՝ այդ առաքելությունը Արցախում և նրա շուրջն իրականացնելու նպատակով, ընդունված ձևաչափի շրջանակներում։
Հարց․ Հայաստանից բացի, որո՞նք են այս գործով հետաքրքված այլ երկրները։
Քրիստիան Տեր-Ստեփանյան․ Հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանությունն ու պաշտպանությունն իրավամբ Հայաստանի առաջնահերթությունների շարքում են․ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը որևէ առիթ բաց չի թողնում դրա կարևորությունն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջամտության անհրաժեշտությունն ընդգծելու համար՝ դիմակայելու այն տագնապալի իրավիճակին, որում հայտնվել է հայկական մշակութային ժառանգությունը՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքներում։
Բոլորին հայտնի է Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների ներգրավվածությունը Արցախում և դրա շուրջ գտնվող մշակութային ժառանգության պաշտպանության գործում։ Մշակութային ժառանգության պահպանության հանդեպ այս հանձնառությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ին փոխանցվել է Ֆրանսիայի և Ռուսաստանի Դաշնության կողմից։ Այս կապակցությամբ, մենք ուրախությամբ պետք է նշենք, որ այս հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի, ֆրանսիացի և ռուս համանախագահների ճանապարհային քարտեզի մասն է կազմում։ Նույն կերպ ուրախ ենք, որ ԵՄ-ն և նրա անդամ երկրները լիովին աջակցում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության արագ իրականացմանն Արցախում և նրա շուրջը։
Աղբյուր` Panorama.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում