Առինքնող դերասանուհին. «Պետք է կայծը ձգել ունկնդիրների սրտերի մեջ…»

Առինքնող դերասանուհին. «Պետք է կայծը ձգել ունկնդիրների սրտերի մեջ…»

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արուսյակը շոյում էր հանդիսատեսին, հետեւը գցում ու տանում՝ ուր որ ուզում էր: Նա առինքնում էր հանդիսատեսին իր հմայքով…»:

Վահրամ ՓԱՓԱԶՅԱՆ

Մեծանուն դերասանի սեղմ, բայց ծանրակշիռ այս խոսքն օրիորդական անուն-ազգանունով Արուսյակ Դարպասյանի՝ Արուս Ոսկանյանի մասին է, հայ բեմի գեղեցկափայլ զարդերից մեկի մասին, ով իր տաղանդի շնորհիվ կարողացել էր վաստակել բեմ բարձրանալու պատիվն այնպիսի հսկաների խաղընկերությամբ, ինչպիսիք էին ինքը՝ Օթելլոյի հանճարեղ դերակատարը, Հրաչյա Ներսիսյանը, Վաղարշ Վաղարշյանը, այլք…

Արուս Ոսկանյանը ծնվել է 1889 թ. ապրիլի 28-ին, Կոստանդնուպոլսում: Պարմանահասակ տարիքում նրա ծնողները, ինչպես եւ շատերը, ջանում էին, որպեսզի իրենց դուստրը, բացի ընտանեկան պատշաճ դաստիարակությունից, միջնակարգ կրթություն ստանա, դաշնամուրի վրա մի քիչ նվագել սովորի, քիչ թե շատ ուսանի ֆրանսերենը, վարժվի երգ ու պարին ու վերջում ամուսնական ճիշտ ընտրություն կատարի: Սակայն Արուսյակը, բուն ուսումնառությունից զատ, ժամանակ էր որսում՝ թաքուն հաճախելու ֆրանսիական, հունական, թուրքական դիմակահանդեսների, էստրադային, կրկեսային ներկայացումների, իսկ ավելի ուշ՝ իտալական օպերաներ, Մնակյանի ղեկավարությամբ գործող հայ դերասանական խմբի թրքերեն լեզվով բեմականացումներ, ֆրանսիական դրամաներ, որոնցից մեկում դերասանուհի Սյուզան Դեպրեի՝ Ֆեդրայի դերակատարությունը վերջնականապես պղտորում է դեռատի Արուսի հոգին եւ նրա մեջ արմատացնում բեմին նվիրվելու անկասելի ցանկությունը: Բայց ժամանակները սոսկալի էին՝ սուլթանհամիդյան, եւ խոսք չէր կարող լինել հայկական ներկայացումների մասին, իսկ թատրոնին սիրահարված Արուսը, մյուս համարձակ դերասանների նման, չէր կարող գնալ ու բարձրանալ թուրքական բեմ: Նա բավարարվում էր իր տեսածները սիրասուն տատիկին պատմելով ու լսելով նրա պատմած հեքիաթները:

1908 թ. տապալվում է համիդյան արյունոտ ռեժիմը, կայսրությունում սահմանադրություն է հայտարարվում, տեղի հայությանը հնարավորություն է ընձեռվում մտածել իր մշակույթի մասին: Անդրկովկասի հայ դերասանական խմբերը սկսում են հաճախակի այցելել պոլսահայերին: Աբելյան-Արմենյան դերասանական խումբը ելույթներ է ունենում Պոլսում: Թատրոնին սիրահարված ուսումնական աղջիկը, անկախ ծնողների ցանկությունից, վճռում է կարողությունները փորձել Աբելյանի մոտ: «Արուսը կարող է լավ դերասանուհի դառնալ»,- կանխագուշակում է բեմի վաստակաշատ վետերանը: Նախազգացումը ճիշտ էր, եւ այլեւս ոչ ոք եւ ծնողական ոչ մի հորդոր չէին կարող բեկանել նրա կայացրած վճիռն ու ճակատագրի հետագա ընթացքը՝ մանավանդ որ նույն թվականին բախտը ժպտացել էր՝ «Օթելլոյում» Վահրամ Փափազյանի հետ խաղում մարմնավորել էր Էլմիրայի դերը… Իսկ հետագա ընթացքին էապես նպաստում է երջանկաբեր այն իրողությունը, որ Արուսին սիրահարվում եւ նրա հետ ընտանիք է կազմում Աբելյանի խմբի դերասան Հովսեփ Ոսկանյանը՝ ինքնին շահեկան միջավայր ապահովելով թատերապաշտ իր սիրելիի համար նույն թատրոնում: Այստեղ էլ Արուսյակ Դարպասյանը ստանում է մեզ հոգեհարազատ Արուս Ոսկանյան ազգանունը:

Վերադառնալով Կովկաս՝ նրանք հաստատվում են Բաքվում: Երիտասարդ դերասանուհին հանդես է գալիս Սեւ քաղաքում, Բալախանում, Արմենիքենդում տրվող դրամատիկական եւ օպերետային ներկայացումներում: Այստեղ ծանոթանում է մեծահռչակ դերասանուհի Ազնիվ Հրաչյայի հետ, որը դառնում է իր բեմական ուսուցիչը: Մինչեւ 1917 թ. հանդես է գալիս Բաքվում, Աբելյանի եւ Սիրանույշի խմբերի հետ երբեմն-երբեմն շրջագայում Հյուսիսային Կովկասում, Միջին Ասիայում, Պարսկաստանում: Դրան հաջորդում է երեքամյա գործունեությունը Թիֆլիսում: Ալ. Շիրվանզադեի խորհրդով եւ օժանդակությամբ խաղում է տեղի Հայոց դրամատիկական ընկերության խմբի կազմում:

1921 թվական. Արուս Ոսկանյանն արդեն մայր հայրենիքի գլխավոր թատրոնի դերասանուհի է, որտեղ մեծ ճանաչում է ձեռք բերում «ճակատագրական կանանց» կերպարների անձնավորմամբ՝ Մարգարիտ, Սոնա (Շիրվանզադեի «Պատվի համար», «Չար ոգի»), Օֆելյա (Շեքսպիրի «Համլետ»), Սալոմե (Օսկար Ուայլդի «Սալոմե»), Անուշ (Հ. Պարոնյանի «Պաղտասար աղբար») եւ այլ պիեսներում:

Սակայն նրա դերասանական տաղանդը փայլելու էր 30-ականների կեսերին. նրա՝ Կատերինայի, Կրուչինինայի (Ա. Օստրովսկու «Ամպրոպ», «Անմեղ մեղավորներ»), Ռաշելի, Նաստիայի (Մ. Գորկու «Վասսա Ժելեզնովա», «Հատակում»), Միսիս Ֆորդի (Շեքսպիրի «Վինձորի զվարճասեր կանայք») դերակատարումները գլուխգործոցային էին: Դերասանուհին եղել է նաեւ առաջին Ջուլիետն ու Լեդի Մակբեթը, անգերազանցելի Պորցիան, Դեզդեմոնան (Շեքսպիրի «Ռոմեո եւ Ջուլիետ», «Մակբեթ», «Վենետիկի վաճառականը», «Օթելլո») դերակատարումներում: Սակայն միայն թվարկվածներով չի սահմանափակվում, Վաղարշ Վաղարշյանի բնութագրմամբ՝ «հայ բեմի պայծառ աստղի» շողարձակումները մեր բեմի երկնակամարում…

Հավելենք, որ Արուս Ոսկանյանը, որի խաղին բնորոշ են եղել հերոսական ռոմանտիկան, բանաստեղծական ռեալիզմը եւ բեմական թեթեւությունը, եղել է նաեւ սքանչելի ասմունքող, հանդես եկել թատրոնի մասին հոդվածներով: Հաճախակի է մասնակցել տարաբնույթ միջոցառումների: Դրանցից մեկի մասին Ռուբեն Զարյանի վերհուշի մի հատվածով էլ ամփոփենք շքեղ դերասանուհուն նվիրված այս հրապարակումը. «Ուշ ծանոթացա հետը, 1940-ին միայն, կարծեմ ապրիլի 30-ին: Այդ օրը հրավիրված էի Պոլիտեխնիկում Աբովյանի մասին զեկուցում կարդալու: Հրավիրված էր նաեւ Արուս Ոսկանյանը, զեկուցումից հետո հանդես էր գալու գեղարվեստական ասմունքով: …Երբ եկա զեկուցման, նա արդեն այնտեղ էր: Ինձ ներկայացրին դերասանուհուն: Շտապեցի ասել, որ իր արվեստի երկրպագուներից եմ: Ժպտաց եւ անմիջապես փոխեց խոսակցության նյութը. «Որքա՞ն եք խոսելու»: «Մի ժամ կամ գուցե մի փոքր ավելի»…

Զեկուցումս տեւեց երեք ժամ: Ընդմիջմանը մեղավոր տեսքով մոտեցա դերասանուհուն: Արուսը թեեւ ժպտում էր, բայց կապույտ աչքերի մեջ կշտամբող հայացք կար:

– Այս ինչ արիք, այդքան խոսե՞լ կլինի, սպասելուց հոգնություն իջավ վրաս, ես հիմա ինչպե՞ս բեմ բարձրանամ, անաստված:

Ես շփոթված էի ու չգիտեի՝ ինչ ասել:

– Ի՞նչ անեմ, ներե՞մ…

Նա շարունակում էր ժպտալ, եւ այլեւս կշտամբանք չկար աչքերում:

– Երիտասարդ եք, ընկեր Զարյան, եւ ինձանից ձեզ խրատ. միշտ հիշեք, որ երկար խոսքը հագեցում է առաջ բերում. պետք է կայծը ձգել ունկնդիրների սրտի մեջ ու չսպասելով, որ հանգչի, ամբիոնից հեռանալ…»:

Իսկ ինքը՝ հայ բեմի թագուհին, շա՛տ շտապեց՝ ընդամենը 54 գարուն… Երիտասարդ տարիքում ուսուցչություն արած, ուդ ու մանդոլին նվագել սիրող հայ բեմի աստղը ի հավերժություն գնաց երկրորդ աշխարհամարտի շոգ ամռանը՝ 1943 թ. հուլիսի 20-ին՝ սառը շնչառություն հաղորդելով մայր թատրոնի բեմին ու իր արվեստի երկրպագուներին…

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում