Անահիտ Ավանեսյանը գերազանցում է Արսեն Թորոսյանի «ռեկորդները»

Անահիտ Ավանեսյանը գերազանցում է Արսեն Թորոսյանի «ռեկորդները»

Ամիսներ առաջ հրաժարական տված Արսեն Թորոսյանի փոխարեն առողջապահության նախարարի պաշտոնը ստանձնեց Անահիտ Ավանեսյանը, ընդ որում ստանձնեց մի շրջանում, երբ բավականին լարված իրավիճակ էր պահպանվում կապված կորոնավիրուսի համավարակի՝ Հայաստանում տիրող պատկերի հետ: Ի՞նչ աշխատանք է կատարել այս ընթացքում նախարարը, բացի, իհարկե, տարատեսակ սկանդալների կիզակետում հայտնվելուց, ինչը այս իշխանության ներկայացուցիչների համար, կարծես, արդեն սովորական երևույթ է դարձել: Սկսենք նրանից, թե ո՞վ է Անահիտ Ավանեսյանը:

Ինչպես տեղեկացնում է ԼՈՒՐԵՐ.com-ը, բազմիցս հրապարակվել է, որ նա Արսեն Թորոսյանի մտերիմ ընկերոջ կինն է, մասնագիտությամբ իրավաբան, քաղաքացիական իրավունքի մասնագետ: Նա ոչ միայն բժշկական կրթություն չունի, այլ անգամ առողջապահական կազմակերպչի վերապատրաստում չի անցել: Ավանեսյանի ամուսինը՝ Ստեփան Ավանեսյանն ու Արսեն Թորոսյանն ոչ միայն ընկերներ են, այլեւ՝ ունեն բիզնես շահեր։

Անահիտ Ավանեսյանի ամուսնուն պատկանող «Արմֆարմացիա» ընկերությունը վերջին տարիներին կնքել է 240 պայմանագիր՝ 44 պետական կառույցի հետ, ընդհանուր՝ մոտ 606,7 մլն դրամ արժողությամբ, որի կեսից ավելին՝ 137 պայմանագիրը՝ արդեն Ավանեսյանի՝ փոխնախարար եղած ժամանակ։ 209,5 մլն ՀՀ դրամի պայմանագրեր ունի տարբեր պետական կառույցների, այդ թվում՝ Առողջապահության նախարարության և նրա ենթակայության տակ գտնվող կառույցների հետ։ Պայմանագրերի մոտ 43%-ը (262 մլն դրամ) կնքվել է առողջապահության նախարարության հետ։ Ինքն` Ավանեսյանը, մինչ նախարար նշանակվելը եղել է նույն «Արմֆարմացիայի» ղեկավարը: Այսինքն՝ ակնհայտորեն այսօրվա նախարարը իր փոխնախարարի կարգավիճակը եւ ամուսնու ընկերոջ հնարավորությունները օգտագործել է, որպեսզի ընտանեկան բիզնեսները զարգացնի: Նախարար դառնալուց հետո այս հարցը կրկին օրակարգային դարձավ, սակայն նախարարը որևէ կերպ չարձագանքեց և պարզաբանումներ չներկայացրեց:

Նախարար եղած ժամանակահատվածում էլ Ավանեսյանը շարունակել է հայտնվել տարատեսակ պատմությունների կիզակետում: Օրինակ՝ պարզ է դարձել, որ նախարարը նույնիսկ «Սպուտնիկ V» պատվաստանյութի իրական անունը չի իմանում և այն անվանում է «Սպուտնիկ 5»; Այնուհետև նախարարը ստիպված էր խոստովանել, որ այդ նույն Սպուտնիկը Հայաստանում գրանցված չէ, մինչդեռ, մինչ այդ հանրությանը ամբողջովին այլ տեղեկություն էր տրամադրվում: Նախարարը, պարզվում է, նաև չի տիրապետում, թե թվով քանի մարդ է պատվաստվելու Հայաստանում, սակայն ինքնամոռաց լծվել է պատվաստանյութերի, մասնավորապես` «Astra Zeneca» պատվաստանյութի ձեռքբերմանը և դրա իրացմանը: Նախարարը անգամ հրաման է ստորագրել, որով բարձրացվում է պատվաստման ենթական քաղաքացիների տարիքային շեմը: Եվ դա հասկանալի է. պահեստում մնացած պատվաստանյութի պիտանելիության ժամկետները սպառվում են մայիսին, և նախարարությունը շտապում է դրանք իրացնել՝ հանրության առողջության հաշվին: Ընդհանրապես պաշտոնավարման այս ամիսներին Ավանեսյանի հիմնական գործառույթն է եղել արևմտյան պատվաստանյութի ինքնամոռաց լոբբինգը, այս հարցում վերջինս անցել է նույնիսկ Գավիի հիմնադրամի սիրելի Արսեն Թորոսյանին:

Ընդհանուր առմամբ, պետք է նշել, որ Ավանեսյանի պաշտոնավարման ամիսներին կտրուկ ավելացավ նաև կորոնավիրուսով վարակվողների թիվը, ինչը խոսում է այն մասին, որ նախարարության վերահսկողական և կանխարգելիչ գործառույթները պատշաճ չեն իրականացվում, իսկ սահմանափակումներն էլ արդյունավետ չեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում