Պաշարված ամրոց

Պաշարված ամրոց

Վազգեն Սարգսյանին

Մեռյալ քնի մեջ քնեած քաղաք`
Սառել է կրծքիդ գլուխը օձի,
Սողում է դավը, իբրև սև աղանդ,
Պաշարված, բայց ոչ գերված ամրոցի։
Ու խավարում է հավատը- մի զոհ,
Մատնության առջև քո հոգին գոցիր,
Որ չմոտենա ոչ մի օտար զորք
Պաշարված, բայց ոչ գերված ամրոցին։
Գիշերն արթնանալ ու պատրաստ լինել,
Ու թող թշնամին սողոսկել փորձի
Կամքի ամրակուռ դարպասներից ներս
Պաշարված, բայց ոչ գերված ամրոցի։
Կե՛ղծ է անեծքը, և ո՛ղբն է եղծված,-
Հարալեզներն են լիզում հերոսին.
Ու տարածվում է մի խուլ հեծեծանք
Պաշարված, բայց ոչ գերված ամրոցից։
Ասես խնջույք է ժանտախտի ժամին,
Քաղաքն է խեղդվում ծխից ու բոցից,
Ու մոտենում է ահեղ թշնամին
Պաշարված, բայց ոչ գերված ամրոցին։
Ու հագեցել է ոսոխը արյամբ,
Ու թող թշնամու արյունը հոսի,
Ու մեր արյան մեջ պատկերը հարյավ
Պաշարված, բայց ոչ գերված ամրոցի։
Կրկին նահատակ ու կրկին հերոս,
Ու բաբախում է լույսն` իբրև մոր սիրտ,
Ու լույս է տալիս ամեն մի մեռնող
Պաշարված, բայց ոչ գերված ամրոցին։
Կյանքի ճանապարհ ու մահվան օղակ,
Գուշակությունը պատգամախոսի,
Որ գիշերվա մեջ լու՛յս պիտի շողա
Պաշարված, բայց ոչ գերված ամրոցին։
Ու ատելության սև ուրվականը
Թող գիշերներով սահելով խոսի.
Հրեշտակներն են հիմա պահապան
Պաշարված, բայց ոչ գերված ամրոցին։
Փողերն են փչում կենաց անտառի,
Օրերը կրկին ելել են որսի,
Ու արիներն են ելնում անառիկ
Պաշարված, բայց ոչ գերված ամրոցից։
Ճ՛իչը բերանում քարացած քաղաք,
Քո նետը պիտի թշնամուն խոցի,
Ու ասքն է հնչում գալիքի համար
Պաշարված, բայց ոչ գերված ամրոցի։
1993

ԴՈՆ ԿԻԽՈՏ

Հիմա չգիտեմ, ու՞մ հետ եմ խոսում,
Եվ այս տողերը ո՞վ պիտի կարդա,
Երբ խեղկատակն է լոկ ծափեր կորզում,
Երբ դահլիճը լի, բայց բեմն է դատարկ։
Եվ ո՞վ կսպասեր, ստվե՛ր իմ, ասա՛,
Որ պիտի մի օր խոսքը ճապաղի,
Որ ետնաբեմում- ահից համրացած,
Պիտի հանձնվենք այս մնջախաղին։
Որ ոգու սովից մենք պիտի քաղցենք,
Կյանքի ծարավը մեզ խեղդի դարձյալ-
Դատարկված մարդիկ, ամլացած անձեր,
Որ շշնջում են վախեցած, անձայն
Մի ահագնացող ոճիրի մասին,
Որ այս հողն արդեն կրել չի կարող-
Ու որոճում են անհոգ ու անսիրտ
Իրենց օրերը անիղձ, անկարոտ…
Ամենն, ուրեմն, պատրանք է եղել-
Խոսքը ոգեղեն, տարերքը հզոր,
Ու ցամաքել է կրքի հեղեղը,
Գաղափարների թափառող մի զորք
Մարտի է տարել անփորձ բառերը,
Որ ընկան կռվում- դավին անգիտակ-
Խոսուն մեռյալներ, որ կյանք են առել,
Ու կրկին մտել դիմակների տակ։
Ու ես չգիտեմ, թե ի՞նչ եմ շահում,
Ու ես չգիտեմ, թե ու՞ր եմ հասել,
Եվ ու՞մ վրա են հիմա արշավում
Իմ այս բառերը՝ անպաշտպան, անզեն։
Ու ես չեմ կարող զրահներ հագնել,
Ու անձնազոհի դեր խաղալ էլի.-
Ու ես ճարահատ սրտիս զարկերը
Ուղղում եմ հոգու հողմաղացներին.
-Ինչու՞ է ամբոխն այսքան անտարբեր,
Եվ ինչպե՞ս հուզել քաղաքն այս դատարկ,
Ու արժե՞ սգալ կամ արցունք թափել-
Զազրախոսում է ամեն խեղկատակ,
Ու վերնախավն է ցնծում նորընտիր,
Որ զոհել է իր միակ հերոսին-
Ամայության հետ դու եզրեր փնտրիր,
Դատարկության հետ դու խենթախոսիր…
Իսկ դուք ասում եք- ժամանակ է պետք,
Երբ ժամանակն է վաղուց կանգ առել,
Բայց ես պատրաստ եմ հենց հիմա երդվել,
Որ ժամանակի պատանդը բառն է։
Ու անիմաստ է արդեն հապաղել,
Երբ խոսքն է այրվում ներքին խռովքից-
Նա դու՛րս կպրծնի աքցանից ահեղ
Կա՛մ կարժանանա հավերժ նզովքի…

Հրաչյա ԹԱՄՐԱԶՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում