Դու կարող ես երջանիկ լինել
Նմանատիպ
Ընդունիր, որ դու ես պատասխանատու այն ամենի համար, ինչ կատարվում է քո կյանքում: Այլ խոսքերով՝ եկեք այլոց վրա չբարդենք պատասխանատվությունն այն բանի համար, թե մենք մեզ ինչպես ենք զգում, դադարենք ասելուց. «Սրա համար երեխաս է մեղավոր, ամուսինս, կինս», և կհասկանանք, որ մեր ընտրությունից և մեր ազատությունից է կախված այն, թե ինչպես ենք մեզ զգում: Մենք ազատ ենք ուրախություն, վրդովմունք զգալու, լաց լինելու, փնթփնթալու, տխրելու կամ երջանիկ լինելու համար: Մենք կարող ենք երջանիկ լինել:
Դա հենց այն է, ինչ Աստված է ուզում: Անգամ եթե այժմ ճգնաժամ է, և մեզ վիճակված է տնտեսական խնդիրների դարաշրջանում ապրել, չի նշանակում, որ Տերն ուզում է, որպեսզի խելագարվենք, ինքնասպանություն գործենք կամ անընդհատ հոգեբույժների մոտ վազենք: Ինչ վիճակում էլ ստիպված լինենք ապրել այս աշխարհում, մենք կարող ենք երջանիկ, բարեգութ, հանգիստ ու հանդարտ լինել:
Որևէ մեկը կարող է ասել. «Ախր շուրջբոլորը քաոս է»: Այո, շուրջբոլորը քաոս է, բայց թե դու ինչպես կարձագանքես այդ ամենին, քո հոգուց է կախված: Օրինակ՝ հինգ հոգուց բաղկացած ընտանիքում խնդիր է ծագում, և մեկը դրա մասին լսելով՝ խելագարվում է, մյուսն՝ աղոթում, երրորդը շփոթվում է ու չգիտի՝ ինչ անել: Խնդիրը մեկն է, նյարդայնացնողը՝ նույնպես, իսկ հակազդեցությունը՝ տարբեր: Յուրաքանչյուրն իր ձևով է հակազդում:
Դու չես կարող ասել. «Ուրիշներն են մեղավոր ինձ հետ կատարվողի համար»: Նյարդայնացնողը ինձնից դուրս է գտնվում, սակայն, այն, թե ես ինչպես դա կընդունեմ, միայն իմ հոգևոր վիճակից է կախված, այն սրբությունից, որն ունեմ կամ չունեմ, հոգեկան հավասարակշռությունից, որն ունեմ կամ՝ ոչ, Աստծու հետ կապից, որն ունեմ կամ չունեմ: Երբեք մեղադրանքը մի ուղղեք արտաքին ինչ-որ բանի: Կինը երբեք մեղավոր չէ, որ դու խիստ լարված ես, ճնշված և այլն: Ամուսինը ևս մեղավոր չէ նրանում, թե դու ինչ ես զգում: Ամուսինը գրգռող էլեմենտն է, առիթը, իսկ խնդիրը քո ներսից է գալիս. եթե բնավորությունդ այլ լիներ և դու ուրիշ մարդ լինեիր, ապա ամուսինդ ինչ էլ ասեր կամ աներ, դու այդպես չէիր արձագանքի: Ապացո՞ւյց:
Կանայք կան, որոնց ամուսինները քոնից վատն են, բայց չնայած դրան, նրանք այնպես չեն վարվում, ինչպես դու՝ չեն բղավում ու հիստերիկայի մեջ չեն ընկնում: Իսկ ինչո՞ւ: Որովհետև նրանք հոգևոր այլ վիճակում են գտնվում:
Այս ամենը ես հասկացա սուրբ Անտոն Մեծի մասին ընթերցելիս, երբ մեկը նրան ասում է.
– Հա՛յր, աղոթիր ինձ համար, որպեսզի փրկվեմ, դրախտ ընկնեմ, ուղղվեմ, լավը դառնամ: Խնդրում եմ քեզ: Եթե դու աղոթես, կյանքս կշտկվի:
Եվ սուրբ Անտոնը պատասխանում է.
– Եթե ես էլ աղոթեմ, բոլորն էլ աղոթեն, սակայն դու ինքդ դա չցանկանաս, քեզ ոչ ոք չի փրկի:
Դու էլ պետք է դա ցանկանաս: Երջանկությունը քեզնից է կախված: Ընտրությունը, թե ինչպես ապրել, քո ձեռքում է: Եվ եթե անգամ գայթակղություններ ունենաս, կարող ես դուռը կա՛մ բացել, կա՛մ փակել դրանց առջև:
Սովորաբար մենք հակված ենք գնդակն այլ տեղ գցելու: Մտածում ենք, որ ուրիշներն են մեղավոր. «Հասարակությունն է մեղավոր, որ ես այսպիսին եմ: Մի՞թե սա կյանք է, որ մենք ենք ապրում: Ուրիշներն են մեղավոր, որ ես խենթանում են: Կինս է մեղավոր, որ ինձ աշխատավայրից շտապ կանչում են, որ այնտեղ խնդիրներ կան, նյարդայնացնող իրադրություն է»: Ոչ թե կինդ է մեղավոր, այլ կարևոր է այն, թե դու ինչպիսի հոգևոր վիճակում ես:
Հիշո՞ւմ եք, թե Քրիստոս ինչ ասաց, երբ գնում էր Ղազարոսին հարություն տալու: Նա մարդկանց ասաց.
– Ղազարոսի գերեզմանի քարը մի կողմ դրեք (հմմտ. Հովհ. 11:39):
Եվ սուրբ Հովհան Ոսկեբերանն ասում է. «Լավ, Քրիստո՛ս իմ, Դու այժմ մեռյալին հարություն ես տալու: Արդ մի՞թե չես կարող քարը մի կողմ դնել: Ինքդ արա դա. հրաշքով»: Եվ ապա շարունակում է. «Ոչ: Իսկ գիտե՞ս, թե ինչու: Որովհետև այն, ինչ կարող ես ինքդ անել, պետք է անել, իսկ այն, ինչ չես կարող՝ Աստված կանի:
– Կարո՞ղ ես քարը մի կողմ դնել:
– Կարող եմ:
– Արդ արա՛: Իսկ կարո՞ղ ես հարություն տալ մեռյալին:
– Ոչ:
– Ուրեմն Ե՛ս նրան հարություն կտամ»:
Պետք է պատասխանատվություն ստանձնես ու ինքդ տնօրինես քո կյանքը: Դա շատ կարևոր է, այդպես մենք կդադարենք սրտմտելուց: Ամենքս, երբ խոստովանության ենք գնում կամ ուղղակի զրուցում ենք, հակված ենք ամեն ինչ այլոց վրա բարդելու:
– Հա՛յր, այնպիսի՜ բաներ կասեմ Ձեզ: Ամեն ինչ այնքա՜ն վատ է իմ կյանքում:
– Իսկ ինչո՞ւ է ամեն ինչ վատ:
– Երեխաներս, ամուսինս, աշխատանքս…
Քչերն են այնպիսիք, որ ասում են. «Ամեն ինչ վատ է, որովհետև ես եմ այդպես ցանկանում, որովհետև ես վատն եմ»: «Որովհետև սովոր եմ, որ ամեն ինչ վատ լինի, որովհետև ինձ դուր է գալիս, երբ իմ կյանքում վատ է, որովհետև, երբ ամեն ինչ վատ է, սկսում են ինձ նշանակություն տալ, ուշադրություն են դարձնում, և ես նույնպես կարող եմ ինչ-որ բան ասել: Իսկ եթե ամեն ինչ լավ լինի ու ես ընկերուհիներիս մոտ գնամ, նրանք կսկսեն իրենց ամուսիններից դժգոհել, և եթե ես ասելու բան չունենամ, ապա ի՞նչ պիտի անեմ այնտեղ: Ուստի պետք է որևէ խնդիր գտնել, որևէ բան գտնել, որպեսզի մենք դա քննարկենք, ըմբոշխնենք»:
Փոքրաթիվ են այն մարդիկ, որ ընդունում են. «Այն ամենի համար, ինչ իմ կյանքում կատարվում է, անձամբ ես եմ պատասխանատու: Ես ինքս, հա՛յր, որոշեցի ու նյարդայնացա: Ամուսինս ուղղակի գրգռեց ինձ»:
Աբբա Դորոթեոսը դա հրաշալի է նկարագրում: Մի մարդ է գալիս նրա մոտ ու ասում.
– Հա՛յր, ես վիճել եմ այսինչ վանականի հետ:
– Ինչո՞ւ, զավակս:
– Որովհետև նա ինձ խիստ նյարդայնացնում է: Էլ ուժ չունեմ նրան տանելու: Նրա վարքն անտանելի է:
Եվ աբբա Դորոթեոսը պատասխանում է.
– Այդ մարդը քո բարերարն է, որովհետև քեզ օգնում է հասկանալու, թե որքան թույլ բնավորություն ունես:
Խնդիրը նրանում չէ: Քո ներսում դաշնամուր է դրված, և նա գալիս, սեղմում է ստեղներն ու աղմուկ բարձրացնում: Իսկ եթե այդ դաշնամուրը չլիներ քեզանում, մի՞թե նա ստեղն կգտներ նման շիլափլավ ստեղծելու համար: Դու հակված ես գրգռվածության, անհավատության, թերահավատության. մեկը գալիս է ու քեզ հուներից հանում: Իսկ մարդ կա, որ ինչ էլ անես, նրա վրա չի ազդում: Ինչո՞ւ չի ազդում: Որովհետև նրա բնավորությունն է այդպիսին: Եվ այն, ինչ ոմանք ի ծնե ունեն, մենք կոչված ենք անձնական սխրանքի միջոցով ձեռք բերելու:
Երեխան երեկոյան ուշանում է, տուն չի գալիս: Այո, բայց մի՞թե դրա պատասխանատվությունը քեզ վրա է: Դու ինչի՞ համար ես պատասխանատու:
– Բայց չէ՞ որ նա իմ զավակն է:
Իսկ դա ի՞նչ է նշանակում: Եթե նա «քո զավակն է», դա չի նշանակում, որ պետք է հիվանդանաս նրա պատճառով: Հիվանդանալով՝ դու նրան չես օգնի: Չես օգնի, եթե հիստերիկա սկսվի քեզ մոտ ու սկսես անդադար զանգահարել, հուզվել ու խենթանալ: Երեխայիդ օգնությունը ահա թե ինչում է կայանում. հանգի՛ստ թող ուրիշներին, հոգուդ խաղաղության ու հանդարտության համար հոգա:
Երբ երեխայիդ չես գտնում, Աստված ի՞նչ է ուզում: Որպեսզի աղոթես, հանդարտվես, խաղաղվես ու ամեն ինչ Աստծուն հանձնես: Վստահի՛ր Աստծուն ու ասա. «Տե՛ր Աստված, այս ամենը Քեզ վրա վերցրու»:
– Այդ դեպքում ես այդ ի՞նչ մայր եմ, եթե չզանգահարեմ նրան, որպեսզի տեսնեմ, թե ինչով է զբաղվում: Եթե ամուսնուս չստիպեմ, որպեսզի զանգահարի նրան՝ միասին հասկանալու, թե ինչ է կատարվում: Մի՞թե ավելի լավ չի լինի, եթե զգանք, որ մենք մի ընտանիք ենք, որ հոգեպես միասին ենք:
Ոչ: Ասում եմ, որովհետև այսօր մի երեխա ինձ հետևյալն ասաց.
– Ինչ-որ բան է պատահել ծնողներիս, և նրանք կրկին սկսել են վիճաբանություն սարքել: Ես ընկերոջս տանը մնացի՝ գիշերելու, իսկ նրանք սկսեցին զանգահարել: Հեռախոսիս մարտկոցը պարպվեց, իսկ նրանք որոշեցին, որ ես եմ անջատել հեռախոսն ու սկսեցին տարբեր սցենարներ հորինել: Երբ տուն գնացի, մայրս սկսեց բղավել ինձ վրա, հայրս՝ նույնպես, իբրև թե հանուն իմ բարօրության: Հետո հայրս ինձ մի կողմ տանելով, ասաց. «Ես քեզ չէի զանգի, բայց նա ինձ ստիպեց՝ ասելով. «Զանգի՛ր: Երբ դու ես զանգում, նա գոնե մի քիչ վախենում է քեզանից»»:
Իսկ մայրն ասում է.
– Եթե այդպես չվարվեմ, ապա ի՞նչ մայր եմ ես:
Նա զգում է, որ իր պատասխանատվությունը երեխայի հետևից վազելն է: Սակայն մեր պատասխանատվությունն այդ չէ: Ամենակարևորն այն է, որ մեզ վրա ներքուստ աշխատենք, աղոթենք, այնպիսի բանով զբաղվենք, որը մեզ Աստծուն կմոտեցնի: Ո՞վ կարող է առնչվել Աստծուն և խնդիրներ ունենալ դրանից հետո: Ո՞վ: Այդ ե՞րբ ես առնչվել Աստծուն ու անհանգստություն զգացել երեխայիդ, հարազատ մարդու, հիվանդության ընթացքի համար: Անհնարին է: Եթե Աստծուն զգաս, ապա քեզ այլևս ոչինչ չի տանջի այս աշխարհում, եթե անգամ ողջ աշխարհը սկսի խորտակվել:
Եվ մի՞թե դա արհամարհանք է աշխարհի նկատմամբ: Մի՞թե արհամարհանք էր, երբ հայրերն անապատ էին գնում: Ոչ: Իսկ ի՞նչ էին նրանք ասում.
– Ես ինձ համար պատասխանատվությունն ինձ վրա կվերցնեմ, որպեսզի ինքս լույս դառնամ, սրբանամ, զորեղ աղոթքի տիրապետեմ, և դա օգնություն կլինի բոլորին:
Իմ պատասխանատվությությունն այն չէ, որ ուրիշի հետևից վազեմ, նրան սթրեսի ենթարկեմ, և որպեսզի հետո բոլորս միասին խելագարվենք:
Մենք՝ եկեղեցասեր մարդիկս (նրանք, ովքեր իրենց եկեղեցասեր են անվանում), սովորել ենք գնդակը միշտ ուրիշին նետել. «Սատանան է մեղավոր, ուրիշներն են մեղավոր, թուղթուգիրն է մեղավոր, որ ինձ վրա արել են: Միայն մի հոգի մեղավոր չէ՝ ես՝ ինքս»: Մենք երբեք չենք ասում. «Ե՛ս եմ մեղավոր»: Միշտ պետք է ուրիշ մեկը մեղավոր լինի:
Դա հիշեցնում է այն վանականին, որն ասում էր.
– Հա՛յր, երեկ թաքուն կերել եմ: Գնացի ու կերա, չնայած որ չէր կարելի:
Որովհետև բոլորը պահք էին պահում, իսկ նա գնացել ու մի կտոր պանիր էր կերել, հետո ձու էր վերցրել, միայն թե չէր իմացել, թե ինչպես այն պատրաստել: Եվ իր խոստովանահորն ասում էր.
– Հա՛յր, ես ձու եմ կերել: Ներեցե՛ք ինձ:
– Իսկ այն ինչպե՞ս ես առանց եփելու քո սենյակում կերել:
– Տեսե՛ք, միտքս փայլատակեց այն ժամանակ, ու ես մեծ բանալիներից մեկը վերցրի, ձուն դրա վրա դրեցի, իսկ անցքի տակ մոմ վառեցի ու այդպես սկսեցի տաքացնել: Պտտեցի, պտտեցի ու տասնհինգ րոպե անց այն արդեն պատրաստ էր:
– Վայ, զավակս…
– Այո, հա՛յր, ինչ էլ ասեք՝ իրավացի եք: Միայն թե ես մեղավոր չեմ, այդ բանսարկուն ինձ դրդեց:
Եվ այդժամ հանկարծ սատանան հայտնվում է խոստովանահորն ու ասում.
– Ներեցեք, բայց այն, ինչ նա է արել, անգամ ես գլխի չէի ընկնի: Ես դեռ նման բան չէի լսել:
Տեսնո՞ւմ եք, թե որքան հեշտ է պատասխանատվությունը մեկ այլ մարդու վրա բարդել ու չցանկանալ համաձայնել, որ մենք խնդիր ունենք:
Իսկ մենք ինչո՞ւ պատասխանատվություն չենք վերցնում մեզ վրա: Ինչո՞ւ: Փոքրուց սովորել ենք (մենք՝ հոգևորականներս, ձեզ սխալ ենք սովորեցրել, երբեմն մենք էլ այդպես՝ սխալ ասում), որ երբ ընդունես սխալդ ու պատասխանատվություն ստանձնես, Աստված կբարկանա քեզ վրա ու կպատժի: Պետք է լայն բացված գիրկ ունենաս աչքերիդ առջև, որպեսզի ասես. «Ես մեղք եմ գործել, և կյանքիս համար պատասխանատվությունն ինձ վրա եմ վերցնում»: Իսկ եթե քեզ սպառնում են հողաթափով, պատժով, ամպրոպով, դժոխքով, ապա դու դա չես ասի, այլ կասես. «Հա՛յր, ուրիշներն են մեղավոր»: Այլ է, երբ հասկանաս, որ Աստված սեր է, որ Նա չի պատժում, որ այդ մենք ենք երևակայում մեզ հակառակ գործող Աստծու: Մեր գիտակցության մեջ մի խորը պատկերացում կա, որ եթե ես պատրաստվում եմ որևէ լավ բան անել, ապա Աստված խնդիրներ կստեղծի ինձ համար, կխոչնդոտի: Այսինքն՝ չենք մտածում, որ Աստված մեր կողմից է: Ինչո՞ւ: Որովհետև խնդիրներ ունենք և մտածում ենք. «Իսկ ո՞վ է այդ խնդիրները ստեղծել ինձ համար: Աստված: Նշանակում է՝ Աստված ինչպիսի՞ն է: Նա ինձ դեմ է»:
Դա սխալ պատկերացում է, միայն մի բան է ճշմարիտ, այն է, որ մեր կյանքում շատ խնդիրներ կան, որոնք ինչի՞ համար են մեզ տրվում: Ոչ թե պատժելու, այլ ուսուցանելու: Աստված կամենում է, որպեսզի մենք դասեր քաղենք այն ամենից, ինչի միջով անցնում ենք: Ոչ թե, որպեսզի պատժի մեր արարքների համար, այլ որովհետև կամենում է, որ մենք հասունանանք:
– Ի՞նչ եմ արել, որ այսպիսի բան է ինձ պատահում:
– Ոչ մի բան, զավա՛կս: Մի՞թե պետք է, որ ինչ-որ բան անես:
Երբեմն այնպես է պատահում, որ մենք ինչ-որ բան ենք անում, սակայն դա ևս պատիժ չէ. խրատ է, շտկում: Երբ ես փոքր էի, այլ երեխաների հետ միասին ծիծաղում էի մեր թաղամասից մի տատիկի վրա: Հետևում էինք, թե նա ինչպես է քայլում, ինչպիսին են նրա մազերը, հագուստը: Ես ծիծաղո՞ւմ էի: Այո: Իսկ երբ ես մեծանամ, մեկ ուրիշն էլ ինձ վրա կծիծաղի: Ինչո՞ւ պիտի բարկանամ: Բավական է միայն հիշել դա, և Աստված ինձ կասի.
– Որդյա՛կ, ահա, թե դու ինչ էիր անում այն ժամանակ: Տեսնո՞ւմ ես, թե դա որքան ցավ է պատճառում: Հիմա էլ քեզ վրա են ծիծաղում:
Երեկ փողոցում քայլելիս մի մեքենա անցավ կողքովս: Ինձ չտեսան էլ, բայց ողջ ուժով բղավեցին.
– Սրիկա տերտերնե՛ր:
Ես մտքումս ասացի. «Սո՛ւրբ Աստվածածին, ես ոչինչ չեմ արել, բայց ինձ վիրավորեցին»: Եվ հիշեցի, որ կյանքում ես էլ եմ վիրավորել ինձ ոչինչ չարած մարդկանց: Դա պատիժ չէ: Բայց Աստված քեզ ասում է.
– Տե՛ս, կյանքում արդարությունը նրա համար չէ, որպեսզի Ես քեզ ստիպեմ ցավ ապրել՝ որպես պատիժ, այլ խրատելու, դաս տալու համար, որպեսզի հոգևորապես աճես:
Աստված չի ուզում մեզ պատժել, ուստի վատ չէր լինի, որպեսզի ընդունեինք մեր պատասխանատվությունը.
– Ես մեղավոր եմ, հա՛յր: Ե՛ս եմ մեղավոր, Տե՛ր Աստված: Եթե ես ավելի հանգիստ լինեի, ապա ինձ ոչինչ չէր շփոթեցնի:
Ապացո՞ւյց: Կանայք կան, որ երբ իրենց լավ են զգում, տխուր չեն, երբ անձնական, հորմոնալ, գինեկոլոգիական և այլ խնդիրներ չունեն, ինչ էլ որ նրանց տանը կատարվի, ժպտում են: Դա նրանց չի շփոթեցնում, որովհետև իրենք իրենց հետ ներդաշնակ են: Սակայն մյուս օրերին բավական է երեխան ասի.
– Մա՛մ, ժամը քանիսի՞ն ենք ատամնաբույժի մոտ գնալու:
Եվ նա պատասխանում է.
– Դե բավական է: Նման հարցեր մի՛ տուր:
Երեխան ինչ էլ ասի, դա նրան զայրացնում է: Անգամ ամենաչնչին բանից էլ կարելի է բարկանալ: Ե՞րբ: Երբ Աստծու, աղոթքի ու հոգուդ հետ լավ կապի մեջ չես: Ուրիշները ոչ մի բանում մեղավոր չեն: Ոչ ոք մեղավոր չէ, որ մենք հոգևոր մարդիկ չենք:
Մի մարդ պատմում էր իր ընտանիքի մասին, թե ինչպես ամեն ինչից զրկվեցին.
– Առաջ շատ փող ունեինք, տներ, սեփականություն, բայց ամեն ինչ կորցրինք:
– Իսկ ինչո՞ւ,- հարցրի ես:
Նա իսկույն պատասխանեց.
– Մեզ վրա թուղթուգիր էին արել, և այդ օրվանից ամեն ինչ գլխիվայր շրջվեց:
Նրա կինն էլ էր այդտեղ ու ամենախելացի բանն ասաց.
– Եկ, ողջ ճշմարտությունն ասա սուրբ հորը: Ախր բանը դրանում չէր, այլ եթե դու մի փոքր զսպեիր ազարտդ, մենք գոնե այն տունը կպահեինք: Պետք չէ ամեն ինչ կախարդության վրա բարդել: Մենք էլ ենք պատասխանատու կատարվածի համար:
Եկեք գնդակն անվերջ ուրիշների դաշտը չնետենք: Ավելի լավ է մեր ընտրության, մեր գործերի պատասխանատվությունը ստանձնենք: Մեր իրականությունն ինչպե՞ս է ձևավորվում: Ո՞վ է ձևավորում այն, ինչ մեզ շրջապատում է: Աստված կամ հանգամանքներն են անո՞ւմ, որ հանկարծակի հայտնվում ու տխրեցնում են մեզ: Այո, Աստված թույլ է տալիս, որպեսզի ինչ-որ բան տեղի ունենա, սակայն, թե դու դա ինչպես կվերապրես, ոչ թե Աստծուց է կախված, այլ քեզանից: Դա դու ես որոշում և ընտրում:
Ուստի և սուրբ Աթոս լեռան վրա, որտեղ ճգնում են մեզ համար օրինակ հանդիսացող հայրերը, տեսնում ես. որ նրանց վիրավորում են կամ ինչ-որ հիվանդություն, խնդիր է ծագում, իսկ նրանք չեն կոտրվում: Իսկ եթե անգամ ընկճվում են, ապա շուտով ստանձնում են կատարվածի պատասխանատվությունն ու այսպես մտածում. «Իսկ ինչո՞ւ Աստված դա թույլ տվեց: Ի՞նչ է ուզում դրանով ինձ սովորեցնել: Աստծու ի՞նչ ճշմարտություն պիտի հիշեմ»: Եվ կրկին ոտքի են կանգնում ու վերագտնում հավասարակշռությունը:
Կրկին աբբա Դորոթեոսն է այդ մասին խոսում. «Երբ մեծ փորձություն մուտք գործի քո կյանք, պառկիր հատակին, որպեսզի կարողանաս ոտքի ելնել: Հատակին միշտ լուռ ու խաղաղ է»: Իսկ ի՞նչ է նշանակում է պառկել հատակին: Նշանակում է՝ փորձության ժամին Աստծու այնպիսի ճշմարտություն հիշիր, որը կարող է քեզ երջանկացնել:
Սրբերից մեկն ասում է, որ երբ կյանքում դժվարության ես հանդիպում, ապա հաստատ Քրիստոսի ճշմարտություններից որևէ մեկը մոռացել ես այդ ժամին: Օրինակ՝ ինչ-որ մեկը գալիս ու քեզ հունից հանում է, և դու որոգայթում ես հայտնվում. սկսում ես վիճել, հակաճառել: Կամ էլ ամուսինն ընդամենը մի բառ է ասում: Կինն իսկույն պատասխանում է, երեխաներն էլ միանում են վեճին: Իսկ հարկ էր, որ նրանք հարցնեին իրենց. «Իսկ ես ինչի՞ մասին էի մոռացել այդ պահին: Մոռացել էի, որ մենք եղբայրներ ենք: Մոռացել էի, որ այդ ամենը պատահական չէ, որ այդ կինն իմ կինն է (այդ տղամարդն իմ ամուսինն է), և այդ երեխան իմ զավակն է»:
Դու դա մոռացել ես, և Աստված քեզ ասում է, որ կյանքում պատահական ոչինչ չկա: Այդ կինը կողքիդ է գտնվում, որպեսզի որոշակի ինչ-որ բան քեզ սովորեցնի, նա նրա համար չէ քեզ հետ, որպեսզի կյանքդ անտանելի դարձնի: Դու ինքդ ես դրան համաձայնում, և նա այն անտանելի է դարձնում: Սակայն կարող էիր սրբանալ այդ կնոջ կողքին և երախտագիտությամբ համբուրել նրա ձեռքը, երբ մահվանդ ժամը գա, ինչպես մի վանական մյուսի ձեռքը համբուրեց, որը նրա կյանքն անտանելի էր դարձրել: Եվ գիտե՞ք թե ինչ ասաց նրան.
– Մո՛տ արի, հա՛յր, ձեռքդ ինձ տուր,- և համբուրեց այն:
Վերջինս ամոթահար եղավ ու ասաց.
– Ինչո՞ւ ես ձեռք համբուրում, չէ՞ որ կյանքդ անտանելի եմ դարձրել:
Եվ ի՞նչ պատասխանեց մեռնող վանականը.
– Ոչ մեկը մեղավոր չէ իմ առջև: Եթե ես տառապում էի, ուրեմն ուզում էի, դրա համար էլ տառապում էի: Իսկ քեզ հատկապես շնորհակալ եմ:
– Ինչի՞ համար:
– Որ քո շնորհիվ սովորեցի համբերել, սիրել, ներել: Ես քեզ շատ պարտական եմ:
Նա իր պատասխանատվությունն ուրիշի վրա չգցեց, ինչպես շատերն են անում: Շատ ամուսիններ իրենց կանանց ասում են.
– Այդ դո՛ւ ես մեղավոր, որ ես այսքան նյարդային եմ:
Բայց կարող էր ասել. «Դու մեղավոր չես, դու օգնում ես պայքարել իմ գրգռվածության դեմ»: Սակայն մենք ամեն ինչ գլխիվայր ենք շրջում ու միշտ հիասթափվում ենք: Իսկ հարկ է, որպեսզի փորձության ժամին մտածենք, որ մեզ դիմող մարդը խնդիր ունի: Այդ պահին նա տանջվում ու տառապում է, իսկ մենք մոռանում ենք դրա մասին: Օրինակ՝ ամուսինը հոգնած վերադառնում է աշխատանքից ու ամեն առիթով՝ փողի, պարտքերի և այլնի, վիճում կնոջ հետ: Իսկ կինն ի՞նչ է զգում այդ միջոցին: «Դրա՛ն տես: Էլի սկսեց: Էլի վեճ է սարքում, հրահրում է ինձ»:
Հայր Պորֆիրիոսն ասում է. «Հարկ է զգաս, որ [քեզ հրահրող] մարդկանց պահվածքում թաքնված է հետևյալ ուղերձը. «Ես տառապում եմ, վախենում, ինձ անպաշտպան եմ զգում, անհանգստանում եմ ապագայի համար»: Թեկուզ և մարդը գազազում է, բայց հոգում նա վախենում է: Իմացիր սա, երբ տեսնես, որ նա բղավում է, կատաղում, ափերից դուրս գալիս, ինչ-որ բան կոտրում, ինչպես որ երիտասարդությունն է անում»:
Ե՛վ մասնագետները, և՛ սրբերը զանազանում են զգայուն մարդկանց, որոնք վախենում են և խուճապահար սկսում բղավել: Նրանք չար մարդիկ չեն, որ մեզ հում-հում կուլ կտան, ուղղակի շատ զգայուն են և տառապում են դրանից:
Բայց ի՞նչ են անում և՛ մեկը, և՛ մյուսը, այսինքն՝ ամուսինն ու կինը: Նրանք երկուսն էլ եսասիրության ու հակառակության ծուղակն են ընկնում: Ախր նա ի՞նչ չարիք կարող է քեզ պատճառել: Նա ինքն է այդ պահին վախեցած, իսկ դու սկսում ես անհանգստանալ քո հոգեկան աշխարհի համար, անպաշտպան ես քեզ զգում ու ագրեսիվ դառնում:
Արդյունքում ընտանիքում տեսնում ես լարված հարաբերություններ, վիճաբանություններ, հակառակություններ, խառնաշփոթ իրավիճակ: Եվ մտածում ես. «Ի՞նչ է այստեղ կատարվում: Միգուցե ճակատամա՞րտ է: Կռվում են, թե ով ում կհաղթի»:
Եվ կանայք դրանից հետո սկսում են ձևեր թափել, հոնքերը կիտել ու երեք օր ամուսնու հետ չխոսել: Նրանց հարցնում եմ.
– Իսկ ինչո՞ւ չես խոսում նրա հետ:
– Որպեսզի սովորի:
– Ի՞նչ պիտի սովորի ախր: Ինչո՞ւ չես ժպտում նրան:
– Դե ես նրան ներել եմ, բայց դիտմամբ եմ այդպես անում:
– Իսկ ինչո՞ւ ես դիտմամբ անում:
– Որպեսզի իրեն չերևակայի, այլապես կրկին նույն խնդիրները կունենանք:
Այն միջոցը, որով գործում ենք, սրբության հոգևոր ոլորտից դուրս է նետում մեզ և ներքաշում զուտ երկրային, աշխարհիկ խաղի մեջ: Եվ մենք դադարում ենք վեհ մարդ լինելուց, այլևս այնպիսին չենք, ինչպիսին Աստված է ուզում մեզ տեսնել, այսինքն՝ հոգևոր բնույթի ու սրբության չենք տիրապետում: Իսկ եթե այդպիսին լինեինք, ապա մեզ հետ ինչպես էլ վարվեին, մենք մեզ այնպես կզգայինք, ասես մոծակը խայթեց: Երբ մոծակը փղին խայթում է, փիղը որևէ բան զգո՞ւմ է: Ոչինչ:
Եթե մեր հոգին այնքան լի է, եթե աղոթքն ինձ երջանկության այնպիսի զգացումով է լցնում, ապա, եթե աշխատանքի գնամ ու որևէ մեկն այնտեղ վիրավորի կամ նվաստացնի, ապա դա ինձ չի վիրավորի: Ինչո՞ւ: Որովհետև ինձ չի հուզում, թե ինչ կասես ինձ, և ես քեզ չեմ պատասխանի. «Իսկ ինչո՞ւ ես ինձ այսպես թերագնահատում: Գիտե՞ս, թե ես ով եմ»: Ինձ չի հետաքրքրում, թե ինչ կասես: Ինչո՞ւ: Որովհետև ես իմ ներսում Աստծու ձայնին եմ հետևում, որն ինձ ասում է. «Զավա՛կս, Ես քեզ սիրում եմ: Դու շատ թանկ ես Ինձ համար: Ոչ թե, որ դու բոլորից լավն ես, այլ ուղղակի թանկ ես ինձ համար, ինչպես և բոլորը», դրա համար էլ ինձ չի հուզում, թե ուրիշներն ինչ կասեն իմ մասին:
Սակայն եթե ես ներդաշնակ չեմ ինքս ինձ հետ, ապա մշտապես քաջալերանք կփնտրեմ, համակրանք ուրիշի կողմից, կսպասեմ, որպեսզի նա ինձ ուշադրություն դարձնի, հետաքրքրություն ցուցաբերի իմ հանդեպ, և այնժամ կսկսեն այս խնդիրներն առաջ գալ:
(Շարունակելի)
Ծայրագույն վարդապետ Անդրեաս (Կոնանոս)
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը
Աղբյուր՝ Surbzoravor.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում