Կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի 100-ամյակին Երևանում կամերային երաժշտության երեկո կանցկացվի
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմպոզիտոր, մանկավարժ, ՀՀ և ԽՍՀՄ մշակութային, հասարակական գործիչ Էդվարդ Միրզոյանի 100-ամյա հոբելյանի առթիվ մայիսի 17-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կամերային երաժշտության երեկո կանցկացվի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգին որպես մենակատարներ հանդես կգան թավջութակահար Արամ Թալալյանը, դաշնակահարներ Ջուլիետտա Վարդանյանը,
Շաքե Թադևոսյանը, Կարինե Հովհաննիսյանը, սոպրանո Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանը:
Կհնչեն Էդվարդ Միրզոյանի «Ասում են թե…», «Երազ տեսա», «Դու հասկացար» ռոմանսները, «Պոեմ»-ը, որը հեղինակը նվիրել է դստերը` Զարուհի Միրզոյանին,
«Տարվա եղանակներ»-ը, Սոնատ թավջութակի և դաշնամուրի համար և «Տխուր վալս»-ը:
Էդվարդ Միրզոյանը 1941 թվականին ավարտել է Երևանի կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը, 1946-1948 թվականներին կատարելագործվել է Մոսկվայի Հայ մշակույթի տան երաժշտական ստուդիայում։ 1948 թվականից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում (1965 թվականից՝ պրոֆեսոր)։ Միրզոյանի ստեղծագործություններում առանձնանում են Ավետիք Իսահակյանի և Եղիշե Չարենցի խոսքերով գրած ռոմանսները («Ասում են, թե…», «Երազ տեսա» և այլն), «Հայրենիքն է կանչում» խմբերգը։ Ընդգծված դինամիկայով աչքի են ընկնում նրա «Սիմֆոնիկ պարեր», «Տոնական նախերգանք», «Ինտրոդուկցիա և Անընդհատ շարժում» (ջութակի և նվագախմբի համար) գործերը։ Կոմպոզիտորի Լարային կվարտետը հայ կամերային երաժշտության ուշագրավ երկերից է։ Հայրենասիրական շնչով են տոգորված «Հայաստան», «Տոնական» և այլ կանտատներ։ Հայկական սիմֆոնիկ երաժշտության նվաճումներից են Թավջութակի և դաշնամուրի սոնատը, Սիմֆոնիան՝ լարային նվագախմբի և լիտավրների համար։ Գրել է նաև «Ալբոմ թոռնիկիս համար» («Առավոտ», «Մարիամ» և այլն), Պոեմ՝ դաշնամուրի, Պոեմ-էպիտաֆիա՝ կամերային նվագախմբի համար, և այլ գործեր։ Միրզոյանը գրել է նաև կինոերաժշտություն՝ «Փլուզում», «Քաոս», «Հեղկոմի նախագահը», «Խաչմերուկի դեղատունը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում