«Երկրին բախվել է երկնաքար, որը հնարավոր չի եղել ոչնչացնել նույնիսկ միջուկային զենքով»

«Երկրին բախվել է երկնաքար, որը հնարավոր չի եղել ոչնչացնել նույնիսկ միջուկային զենքով»

Անցյալ շաբաթ ԱՄՆ-ի և Եվրոպայի տիեզերական գործակալությունների փորձագետների խումբը մասնակցել է ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (ՆԱՍԱ) գլխավորած մեկշաբաթյա վարժանքին, որի ընթացքում նրանք պետք է փորձեին կանխել Երկիր մոլորակին սպառնացող աղետը, գրում է Daily Mail-ը:

Վարժանքի համար նախատեսված հիպոթետիկ սցենարի համաձայն՝ երկնաքարը մոտենալիս է եղել Երկրին և, ըստ ներկայացված տվյալների, կանխարգելիչ միջոցառումներ չձեռնարկելու դեպքում, այն 6 ամսվա ընթացքում ընկնելու էր մոլորակի վրա: Ցավոք, ՆԱՍԱ-ի մշակած այլընտրանքային իրականության մեջ փորձագետները չեն կարողացել կանխել սպասվող աղետը, և երկնաքարն ընկել է Արևելյան Եվրոպայի վրա:

Մասնագետներին հանձնարարված առաջադրանքի պայմանների համաձայն, երկնաքարը գտնվել է Երկրից 56 միլիոն կիլոմետր հեռավորության վրա: Երկնային օբյեկտը նույնիսկ անուն է ունեցել՝ 2021PDC: Դրա չափը տատանվել է 35 մետրից մինչև 0,8 կիլոմետրի սահմանում:

ՆԱՍԱ-ի սցենարի համաձայն, երկնաքարն առաջին անգամ «հայտնաբերվել է» ապրիլի 19-ին, և, ըստ հաշվարկների, պետք է բախվեր Երկրին վեց ամսից, այսինքն՝ 2021-ի հոկտեմբերին:

Մասնակիցները պետք է օգտագործեին իրենց ողջ գիտելիքներն աղետը կանխելու համար: Վարժանքի ընթացքում մասնակիցները դիտարկել են տարբեր տարբերակներ, այդ թվում՝ տիեզերանավի գործարկումը, որը կարող է փորձել ոչնչացնել երկնաքարը կամ հեռացնել այն Երկրից:

Այնուամենայնիվ, պարզվել է՝ վեց ամիսը բավարար չէ: Եթե իրական կյանքում մարդկությունը կանգնած լիներ 2021PDC-ի վտանգի առջև, ապա ներկայիս հնարավորություններով այն վնասազերծել հնարավոր չէր լինի:

Մասնագետները նույնիսկ քննարկել են միջուկային զենքի օգտագործման տարբերակը, սակայն այն ևս արդյունավետ չի եղել: Ըստ մասնագետների՝ երկնաքարի նման չափերի դեպքում ոչ մի երաշխիք չի եղել, որ նման զենքը կարող է գոնե խոռոչ բացել երկնային օբյեկտի ներսում:

Այսպիսով, մասնագետներին մնացել է միայն մեկ տարբերակի՝ հավանական աղետի գոտուց մարդկանց շուտ տարհանմանը:

Այլընտրանքային իրականության մեջ տիեզերական օբյեկտը բախվել է Երկրին Արևելյան Եվրոպայի տարածաշրջանին: 99 տոկոս հավանականությամբ բախումն աղետ է առաջացրել Գերմանիայի, Չեխիայի և Ավստրիայի սահմանի մոտ: Ավելին, պայթյունի հետևանքով արտադրվել է նույն քանակությամբ էներգիա, որքան կարտադրվեր միջուկային ռումբ պայթեցնելու դեպքում:

Լավ նորությունն այն է, որ, ըստ գիտնականների վերջին տվյալների, ներկայում ոչ մի երկնաքար Երկրի համար վտանգ չի ներկայացնում: Այնուամենայնիվ, հայտնի է՝ երկնաքարերի երկու երրորդը, որոնք կարող են բավականին լուրջ վնաս պատճառել մեր մոլորակին, շարունակում են մնալ չբացահայտված: Ահա թե ինչու է ՆԱՍԱ-ն փորձում պատրաստվել նման իրավիճակի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում