«Նարեկ» համույթը «44» պարային ներկայացմամբ արվեստասերներին կպատմի 44-օրյա պատերազմի մասին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախյան 44-օրյա պատերազմին արվեստագետներն անդրադառնում են և՛ երաժշտությամբ, և՛ կտավներով, և՛ թատերական ներկայացումներով, համերգային ծրագրերով ու այլ նախաձեռնություններով: «Նարեկ» համույթը, որն իր գործունեության ընթացքում ներկայացումներով հանրայնացրել է հայ մարդուն, Հայաստանին հուզող խնդիրները, պատերազմի մասին ևս կխոսի պարի լեզվով:
Համույթի «44» պարային ներկայացման առաջնախաղը տեղի կունենա մայիսի 6-ին Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում համույթի գեղարվեստական ղեկավար Արման Ջուլհակյանն ընդգծում է, որ ներկայացման մեջ քաղաքական ենթատեքստեր չկան: Նա վստահեցնում է՝ մեկ գործողությամբ պարային ներկայացման հանդիսատեսին կարևոր արժեքների մասին մտորելու, խորհելու հնարավորություն կտա: «Սա հայրենասիրական բնույթի ներկայացում է: Ժողովուրդ, որը կուրորեն ապրում է, ստեղծում է, արարում է, գնում է պատերազմ՝ հանուն հայրենիքի: Ե՞րբ են բացվում մարդու աչքերը: Երբ նա կորուստներ է կրում: Բեմադրությունը դիտելուց հետո յուրաքանչյուրը պետք է իրեն հարց տա, թե ի՞նչ լուծում է հնարավոր գտնել»,-նշում է Ջուլհակյանը:
Ամբողջ ներկայացման ընթացքում արտիստները պարում են կապած, փակ աչքերով: Նրանց աչքերը բացվում են միայն բեմադրության եզրափակիչ հատվածում, և վերջիններս հասկանում են, թե ինչ է տեղի ունեցել:
Ներկայացման ռեժիսորը Դրամատիկական թատրոնի ռեժիսոր, դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Գրիգոր Խաչատրյանն է: Ջուլհակյանը համագործակցում է նաև խորեոգրաֆ Արա Ասատուրյանի հետ: Թիմի անդամներն են մենապարուհի և փորձավար Մելինե Առաքելյանը, տնօրեն Աիդա Անդրեասյանը:
Արման Ջուլհակյանի խոսքով՝ 1915 թվականից մեր վերքերը չեն սպիացել, և համույթն արվեստի միջոցով մշտապես անդրադառնում է ցավոտ թեմաների, առաջ է քաշում հասարակությանը հուզող խնդիրներ: «Մինչև հիմա մենք պայքարում ենք, որ աշխարհը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Պետք է նաև պայքարել, բարձրաձայնել այսօրվա խնդիրները՝ պատերազմներից և այլ արհավիրքներից հետագայում խուսափելու համար: «Նարեկ» պարային համույթը հաճախ է շրջագայում ոչ միայն Հայաստանի տարբեր մարզերում, այլև արտերկրում և պարի միջոցով ներկայացնում Հայաստանին առնչվող հարցեր: Մեր բոլոր ներկայացումներում մեր պատմությունն է, և այն պատմում ենք նաև օտարներին»,- ընդգծում է բալետմայստերը:
2017 թվականին համույթը Նյու Յորքի Բրոդվեյ փողոցում խաղացել է երկու մասից բաղկացած ներկայացում: Հանդիսատեսի 30 տոկոսն է հայ եղել, մյուսները՝ օտարազգիներ: «Ներկայացումը լայն արձագանք ստացավ: Այն ընկալեցին բոլորը: Մենք ասես գտել ենք նոր ոճ, ունենք ասելիք, որն ընթեռնելի է օտար հանդիսատեսին: Հույս ունեմ, որ «44»-ն էլ հաջողություն կունենա, և այն կփորձենք ներկայացնել Հայաստանից դուրս»,- ասում է Ջուլհակյանը:
Բալետմայստերը երախտագիտությամբ է նշում, որ Արցախյան 44-օրյա պատերազմի առաջին իսկ օրվանից համույթի կողքին են եղել Անրի Վեռնոյի որդին՝ Պատրիկ Մալաքյանը, Յան Ֆրանչեսկին և նրա կինը, Ստեփան Ավետիսյանը, Միքայել Վեմիանը, որոնք թե՛ ֆինանսական, թե՛ բարոյական մեծ աջակցություն են ցույց տվել Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին: Նրանք համույթի միջոցով օգնություն են տրամադրել պատերազմում տուժածներին:
«Որպես արվեստագետ մենք չենք կարող և չենք ցանկանում քաղաքականությամբ զբաղվել, սակայն մեր ներսում կուտակված ապրումներ, հույզեր կային, որոնք պետք է արտահայտեինք: Դա անում ենք ներկայացման միջոցով: Հենց վերոնշյալ մարդիկ մեզ օգնեցին ներկայացման ստեղծման հարցում՝ բեմի վարձակալություն, հագուստներ, պաստառներ, գովազդներ համացանցում և այլն: Մայիսի 6-ին ներկայացումը երեկոյան 21:00-ին է: Այդ ժամն ենք ընտրել, որպեսզի այն առցանց հեռարձակվի ամբողջ աշխարհում: «44»-ը օնլայն հնարավոր է դիտել #44 YouTube-ի պաշտոնական ալիքով»,- շեշտում է Արման Ջուլհակյանն ու հավելում, որ իրենց աջակիցներն արտասահմանից ժամանել են Երևան՝ ներկայացումը դիտելու համար:
Անժելա Համբարձումյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում