Ժողովրդական արվեստի կրքոտ սիրահարը. ազնիվ, հայրենասեր ու սկզբունքային. այսպիսին էր գեղանկարիչը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ:
«Ինչ ունեի՝ մսխեցի,
Քիչ էր, շատ էր՝ չգիտեմ,
Մեծ ձիրքե՞րն են առավել,
Թե՞ մեծ մարդը՝ չգիտեմ…
Շատ անգամներ երգի տեղ
Ձեռք պարզեցի ես մարդուն,
Կյանքս այսպես ապրեցի,
Լավ էր, վատ էր՝ չգիտեմ…
Ահա այսպես ապրեց Վանիկը: Նա շատ էր սիրում «հրաշք» բառը եւ իր հիացումի գերադրական աստիճանն արտահայտում էր այդ բառով: Հովհաննես Շարամբեյանը հենց իր ասած հրաշք մարդկանցից էր…»:
Սիլվա ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ
Բանաստեղծուհու բնութագրած հրաշք մարդն ու վաստակավոր նկարիչը վանեցի գաղթական հոր եւ երեւանցի մոր զավակ էր: Ծնվել է մայրաքաղաքում 1926 թ. օգոստոսի 18-ին: Ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, այնուհետեւ Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը: Տակավին երիտասարդ էր՝ ընդամենը քսանմեկ տարեկան, երբ նախաձեռնում եւ հեռավոր Դիլիջան քաղաքում հիմնադրում է նկարչական ստուդիա, որը ժամանակներ անց դառնում է նկարչական կրթօջախ՝ դպրոց: Սքանչելի նվեր գավառական քաղաքին: 1958 թ. տեղի երկրագիտական թանգարանին կից ստեղծում է կիրառական արվեստի թանգարանը, որը հետագայում դառնալու էր Հայաստանի ժողովրդական արվեստի պետական թանգարանի (այս հաստատության տնօրենն էր լինելու 1978-1986 թթ.) մասնաճյուղերից մեկը:
Իսկ ինչո՞ւ հենց Դիլիջանում. երեւի ճակատագիրն էր այդպես տնօրինել: Ավելի ստույգ՝ դեռեւս ուսանողական տարիներին բուժման նպատակով տեղափոխվել էր Աղստեւի գեղատեսիլ ափերին փռված առողջարանային գողտրիկ քաղաք, աշխատանքի անցել ժողովրդական թատրոնում՝ որպես գլխավոր նկարիչ:
Հասարակական ու մշակութային ակտիվ գործունեություն ծավալած նկարիչը 1953 թ. առաջին անգամ մասնակցում է հանրապետական ցուցահանդեսի: Երեք տարի անց դառնում է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ: Շուտով ընտրվում է ՀԽՍՀ գեղարվեստի ֆոնդի դեկորատիվ կիրառական արվեստի գեղարվեստի խորհրդի նախագահ: 1960 թ. Հովհաննես Շարամբեյանը նշանակվում է Դիլիջան քաղաքի գլխավոր նկարիչ: Իսկ երբ նկարիչների միության անդամ էր, արժանանում է հանրապետության վաստակավոր նկարչի կոչման: Նման գնահատանքը՝ մեր ապրած ժամանակների համեմատ, բոլորովին էլ նման չէր խաղուպարի: Դա ճշմարիտ, վաստակաշատ արվեստագետի գնահատական էր, ինչը քչերին էր բախտ վիճակվում:
1978 թ. նկարիչը նշանակվում է Հայաստանի ժողովրդական ստեղծագործության արվեստի պետական թանգարանի տնօրեն: Պաշտոնավարման հաջորդ տարում հիմնադրում է հարազատ դարձած Դիլիջանի ժողովրդական արվեստի թանգարանը, որի համար հիմք է Ս. Դավթյանի եւ իր անձնական հավաքածուն, իսկ թանգարանի տարածքի մի մասի համար՝ իրեն հատկացված բնակարանը: Անկաշառ նվիրումը, ստեղծագործական ակնառու նվաճումներն աննկատ չեն մնում. 1984 թ. միութենական պետության Գերագույն Սովետի հրամանագրով վրձնի մշակին շնորհվում է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի պատվաբեր կոչում:
Անուրանալի է գեղանկարչի նվիրական աշխատանքը մեր երկրի առողջարանային քաղաքի բարետեսման գործում. ավելի քան երեսուն տարի արվեստագետն աշխատել է Դիլիջանի հին փողոցի վերականգնման վրա՝ մասնակցելով դրա նորոգ նախագծմանը, լուծելով կազմակերպչական հարցեր, ստեղծելով շենքերի մանրամասների էսքիզներ: Իր անմնացորդ մասնակցությունն է ունեցել նաեւ Երեւանի փայտարվեստի թանգարանի հիմնադրմանը: Ժողովրդական արվեստի ժրաջան մշակն իր անշփոթելի ձեռագիրն է թողել հայ գեղանկարչության ընդհանրական կտավին: Հիշատակենք նրա լավագույն ստեղծագործություններից՝ «Կոմիտաս», «Մեխակներ», «Դիլիջան», «Նվիրում խաչքարին», «Հովիվ Պողոսյանի դիմանկարը», «Մակարավանք», «Վանի կարպետ», «Հեթանոսական տաճարի ավերակները», «Կոնդ», «Հիշողություն հին Երեւանից»… Բոլորը թվարկելու կարիք չկա: Միայն հավելենք՝ գեղանկարչի կտավներից շատերը պահպանվում են Տրետյակովյան պետական պատկերասրահում, Արեւելյան ժողովուրդների արվեստի պետական թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում, Դիլիջանի արգելոց-թանգարանի ֆոնդերում, երկրագիտական թանգարանում, մասնավոր հավաքածուներում: Այսպիսին է մնայուն արժեքների ճակատագիրը: Այսպիսին են կոչումով արվեստագետները: «Կան մարդիկ, որոնց հետ մշտապես հաճելի է հանդիպելը,- գրել է հանրահայտ Բորիս Պիոտրովսկին.- այդ նրանք են, ովքեր հրապուրված են իրենց գործով, միշտ կենսուրախ են ու բարի: Այդպիսին էր Վանիկ Շարամբեյանը՝ իր հայրենիքի ժողովրդական արվեստի կրքոտ սիրահարը…»:
Գեղանկարչի հիշատակի օրվա առիթով ասված մեր խոսքն ամփոփենք տաղանդավոր Գրիգոր Խանջյանի ջերմ բնութագրումով. «Հովհաննեսը ազնիվ, շիտակ եւ բարի մարդ էր: Նրա բարությունը չափ ու սահման չուներ: Բայց Հովհաննեսը նաեւ շատ սկզբունքային մարդ էր: Շատ տակտով ու կրքոտությամբ կարող էր մերժել բոլոր այն ամենը, ինչ գտնում էր, որ ճիշտ չէ, օգտակար չէ մեր ժողովրդին, նրա պատմությանը կամ նրա ժողովրդական արվեստին…»:
Ազնիվ ու ազգասեր արվեստագետի պահվածք…
Հակոբ ՍՐԱՊՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում