Մենանվագ

Մենանվագ

Ես ծածկեցի պատկերներով
Այս հուշերի պարը թեթև,
Երազները այս դեգերող,
Որ կարենամ մի օր թերթել
Հետագիծը անցած կյանքի,
Որից ոչինչ ինձ չմնաց`
Մի հյուսածո ճակատագիր,
Մի անկատար մենանվագ –
Բայց թերթերը այս խունացած
Ուղիներ են նոր նշմարում –
Երազի պես կյանքը անցավ,
Բայց երազանքն է արարում
Այդ աշխարհը անգո, անէ,
Պատրանքների պես հարատև,
Ու ցնդում է ամենն անհետ,
Ու ինչքան էլ փորձես թերթել
Հին հուշերի գիրքն այս գունատ
Դեմքերի պես` վաղուց անցած,
Ու դեպքերի հոսքը ունայն,
Քո մեջ միայն վերքեր բացած
Ու հասկանալ այս անհեթեթ
Գոյությունը` կախված մազից`
Այդ ամենը չարժե երբեք
Հայտնությանը մի երազի…
Ու երազն է պատկեր դառնում,
Ու հյուսածո ճակատագիր,
Երգի նման մի անանուն
Անծանոթ է քեզ նվագն իր:
Ու մնում է քեզ հավաքել
Հին հուշերի երթը պարող`
Տրված` իբրև վերին պարգև,
Քեզ ներհյուսված անհուն կարոտ:

19.07.2013
Հրաչյա Թամրազյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում