Կամերային նվագախումբը հանդես կգա դիրիժոր Միքայել Ավետիսյանի ղեկավարությամբ
Նմանատիպ
Հայաստանի պետական կամերային նվագախումբը հանդես կգա դիրիժոր Միքայել Ավետիսյանի (ԱՄՆ) ղեկավարությամբ: Համերգը տեղի կունենա մայիսի 20-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: «Հոբոյի հմայքը» խորագրով երեկոյի ընթացքում նվագախմբի և դիրիժորի հետ հանդես կգա հոբոյահար Ջանֆրանկո Բորտոլատոն (Իտալիա): Կհնչեն Դոնիցետիի, Պոնկիելլի, Օդերմատի, Պուչինիի, Ռեսպիգիի ստեղծագործությունները: Այս մասին հայտնում են Կամերային երաժշտության ազգային կենտրոնից։
Դիրիժոր Միքայել Ավետիսյանը տարբեր տարիներին եղել է ՀՀ ազգային ռադիոյի և հեռուստատեսության նվագախմբի և Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիրիժորը, Երևանի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը, Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը: Ղեկավարել է եվրոպական մի շարք նվագախմբեր, հանդես է եկել աշխարհի տարբեր երկրներում: 1999 թվականին տեղափոխվել է ԱՄՆ և հիմնել Գլենդելի ֆիլհարմոնիկ նվագախումբը, որի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է: 2002-2007 թթ. Ավետիսյանը եղել է Նյու Վելիի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորը: 2005-ին, մշակութային ոլորտում ձեռբերումների համար պարգևատրվել է Գլենդելի և Լոս Անջելեսի Diamond մրցանակով:
Հոբոյահար Ջանֆրանկո Բորտոլատոն Concorso Nazionale Vittorio մրցույթի դափնեկիր է: 1998-ից Հռոմի օպերային թատրոնի առաջին հոբոյահարն է: Տարբեր տարիների համագործակցել է Ջենովայի Carlo Felice, Միլանի Alla Scala, Թուրինի թագավորական թատրոնների հետ: Մենահամերգներ է ունեցել աշխարհի տարբեր երկրներում: Որպես մենակատար հանդես է եկել Ռիկարդո Մուտիի, Յուրի Տեմիրկանովի, Էլիահու Իմբալիի, Ջանլուիջի Գելմետիի, Ադամ Ֆիշերի, Չարլզ Դյութուայի և այլ հայտնի դիրիժորների ղեկավարությամբ: 2016-ին համագործակցել է նաև Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ:
Աղբյուր` Panorama.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում