Ազգային պատկերասրահն արվեստասերներին ներկայացրեց հայ մեծանուն նկարիչների վերականգնված կտավները
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային պատկերասրահը վերականգնել և արվեստասերների լայն շրջանակին է ներկայացնում 20-րդ դարի ականավոր նկարիչներ Գևորգ Բաշինջաղյանի, Մարտիրոս Սարյանի և Հակոբ Կոջոյանի կտավները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Արվե՞ստ, թե՞ գիտություն. երեք վերականգնված կտավի պատմություն. Բաշինջաղյան, Կոջոյան, Սարյան» խորագրով ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ մայիսի 19-ին պատկերասրահի ցուցասրահներից մեկում:
«Ցուցահանդեսն անմիջական կապ ունի Թանգարանների միջազգային օրվա այս տարվա խորագրի հետ, որն է՝ «Թանգարանների ապագան. վերափոխել և վերաիմաստավորել»: Իհարկե, խորագիրն ավելի ընդգրկուն է, բայց որոշեցինք անդրադառնալ վերականգնմանն ու պատկերասրահի պատմության մեջ առաջին անգամ բացել վերականգնված ցուցանմուշների ցուցադրություն»,-նշեց պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանն ու հավելեց, որ ցուցահանդեսով մեկնարկում է «Վերականգնված ցուցանմուշների պատմություն» նախագիծը, որի շրջանակում պարբերաբար ներկայացնելու են վերականգնված ստեղծագործություններ:
Հակոբյանի խոսքով՝ ցուցադրությունը չի ներառում միայն վերականգնված կտավներ, այլև ներկայացնում է վերականգնման բարդագույն գործընթացը, որն իրականացվել է մինչև վերջնարդյունքին հասնելը:
Ցուցասրահում կտավների կողքին կարելի է տեսնել վերականգնման անկյուններ, որտեղ կան պատռվածքներով, ներկաշերտի կորուստներով ու թափվածքներով կտավներ, ինչպես նաև կոտրվածքներով ու բացակայող հատվածներով դեկորատիվ-կիրառական առարկաներ: Վերականգնման ենթատարածքի ամենահետաքրքիր «նմուշներից» են ժամանակակից մանրադիտակն ու ուլտրամանուշակագույն լամպը, որոնցով այցելուն հնարավորություն է ունենում ինքնուրույն զննելու առարկաների վնասվածքները, նախկինում արված երանգավորումներն ու հետագա միջամտությունները:
Տնօրենը տեղեկացրեց, որ մայիսի 20-ից ամեն օր ժամը 12:00-ին, 14:00-ին և 16:00-ին արվեստասերները բացառիկ հնարավորություն կունենան հաղորդակցվելու մասնագետների հետ և հետևելու նրանց աշխատանքային պրոցեսին:
Պատկերասրահի վերականգնման և կոնսերվացման բաժնի վարիչ Իգոր Պողոսյանն էլ հիշեցրեց, որ պատկերասրահն այս տարի նշում է հիմնադրման 100-ամյակը: Նա տեղեկացրեց, որ իրենց բաժինը ստեղծվել է 1950 թվականին, որտեղ բազմաթիվ մասնագետներ են աշխատել: Այժմ համագործակցում են խորհրդային նկարիչ և արվեստաբան Իգոր Գրաբարի անվան արվեստի վերականգնման կենտրոնի հետ: Պատկերասրահում աշխատում է բարձրագույն կրթությամբ ութ վերականգնող մասնագետ: «Մենք գրեթե 40 հազար ցուցանմուշ ունենք, որոնցից 15 հազարը վերականգնման կարիք ունի: Տարվա ընթացքում մեր բաժինը ամբողջությամբ վերականգնում է 10 կամ 12 աշխատանք, իսկ կոսմետիկ՝ 60 գործ»,-ասաց մասնագետը:
Բաշինջաղյանի, Սարյանի և Կոջոյանի կտավները վերականգնել են վեց ամսում: Կտավները ծայրահեղ ծանր վիճակում են եղել: Լուրջ աշխատանք է տարվել, ինչի շնորհիվ կտավները կզարդարեն պատկերասրահի սրահները:
Իգոր Պողոսյանի խոսքով՝ պատկերասրահի հոբելյանի առթիվ իրականացվելու է «Հիշողության կերպարանքները» միջազգային սեմինարը, որի շրջանակում Հայաստան են ժամանելու վերականգնողներ աշխարհի տարբեր երկրներից և քննարկվելու են մասնագիտական բազմաթիվ հարցեր:
Ցուցադրությունը կգործի մայիսի 20-ից ամեն օր ժամը 11։00-17։00-ը:
Անժելա Համբարձումյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում