Ադրբեջանի ընդդիմադիր «Ազադլըգ» թերթի ինտերնետային կայքը հարձակման է ենթարկվում

Օգոստոսի 16-ի երեկոյան ժամերից սկսած հզոր հաքերային հարձակումներ են սկսվել Ադրբեջանի միակ ընդդիմադիր «Ազադլըգ» թերթի ինտերնետային կայքի վրա:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նշելով որ թերթի դեմ հարձակումները կատարվում են մշտապես, կայքը հայտնում է, որ այս անգամ օգտվելով տարբեր մեթոդներից, հաքերներն աշխատում են ջարդել թերթի սերվերները:

Կայքի տեղակայման ընկերության մասնագետների խոսքով’ հարձակումները կատարվում են առանց ընդմիջումների: Ներկայում կայքի DNS սերվերների վրա հարձակումները շարունակվում են 600 տարբեր սերվերներից: Նրանք հայտնել են, որ հատկապես ընկերության կենտրոնական սերվերի վրա հարձակումները «Ազադլըգ»-ի կայքը շարքից հանելու նպատակ են հետապնդում: Մասնագետները պարզել են, որ ընկերության DNS սերվերների վրա հարձակումները կատարվում են Ռուսաստանի եւ Իրանի տարածքից:

Ադրբեջանական միակ ընդդիմադիր թերթի կայքը կոտրելու կիբեռհարձակումներն, ամենայն հավանականությամբ, կատարվում են Ադրբեջանում նախագահական ընտրությունների շեմին իշխանությանը մերկացնող հրապարակումներից հասարակությանը զերծ պահելու նպատակով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում