Գերմանիայի ԱԳ նախարարը կոչ է անում պաշտպանել Եգիպտոսի քրիստոնյաներին

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Գիդո Վեստերվելեն կոչ է արել պաշտպանել Եգիպտոսի քրիստոնյաներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով «Ֆրանսպրես»-ը, Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը միաժամանակ նշել է, որ իրենք չեն պաշտպանում որևէ քաղաքական ուժի:

«Մենք այն մարդկանց կողքին ենք, ովքեր հանդես են գալիս հանուն ազատության և ժողովրդավարության արժեքների և ցանկանում են ունենալ բաց հասարակություն»,- նշել է Վեստերվելեն: Նա միաժամանակ ընդգծել է, որ Գերմանիան չի պատրաստվում զենք մատակարարել Եգիպտոսին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ վերջին շրջանում Եգիպտոսում ծավալված բախումների արդյունքում ոչնչացվել է 22 քրիստոնեական եկեղեցի, այդ թվում 7 կաթոլիկ: Եգիպտոսի իսլամիստները մեղադրում են տեղի քրիստոնյա բնակչությանը’ ղպտիներին, բանակին աջակցելու և իսլամիստ նախագահ Մուհամեդ Մուրսիին գահընկեց անելու մեջ: Եգիպտոսի ռազմական դատախազությունը հայտարարել է, որ առաջիկայում քրիստոնեական եկեղցիներին վնաս հասցնելու կապակցությամբ կքննվեն 84 քրեական գործեր:

Նշենք նաև, որ Գերմանիայի արտաքին գործերի նախարարն առաջարկել է գումարել Եվրոպական միության ԱԳ նախարարների խորհրդի նիստ’ քննարկելու համար Եգիպտոսում ստեղծված իրավիճակը: Հանդիպումը կայանալու է առաջիկա շաբաթվա ընթացքում:

Անկարգությունների հետևանքով Եգիպտոսում հայտարարվել է արտակարգ դրություն, իսկ երկրի 11 նահանգներում պարետային ժամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում