Ամեն դիրքում մշտական 15-20 հոգի ադրբեջանցի կա․ կամավորականը՝ Կութի դիրքերում

Ամեն դիրքում մշտական 15-20 հոգի ադրբեջանցի կա․ կամավորականը՝ Կութի դիրքերում

Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքի բնակիչ Սևակ Խաչատրյանն արդեն 4-րդ օրն է՝ կամավորագրվել և բարձրացել է Կութ գյուղի դիրքեր, որտեղ շուրջ 10 օր է՝ ադրբեջանական զորքերն առաջ են եկել՝ մտնելով Հայաստանի տարածք։ Գրում է 168.am-ը:

«Մենք մի խումբ կամավորներ ենք, օրինական, Զինկոմիսարիատով, մեզ դիրք են վստահել, մենք այս դիրքը պահում ենք»,- ասաց Սևակը։

Նրա խոսքով՝ 4 օրերին էլ իրավիճակը հանգիստ է եղել, հակառակորդն առաջխաղացման փորձ չի արել, սպասողական վիճակում են։

Ինչ վերաբերում է երեկ Կութ համայնքի դիրքերի ուղղությամբ հակառակորդի կրակոցներին, Սևակ Խաչատրյանն ասաց․

«Կութի այն հատվածում, որտեղ մենք ենք, 7-8 դիրք է տեսանելի, և այդ հատվածում կրակոց չի եղել, բայց ավելի հեռվից մի 5-6 կրակոց լսել ենք, բայց չեմ կարող ասել՝ օ՞դ է կրակվել, թե՞ պատահական է եղել, բայց մի 5-6 կրակոց լսվել է։ Ավելի շատ կարող էր Նորաբակ համայնքի ուղղությամբ լիներ, մեր մոտից մոտ 2 կիլոմետր է»։

Կամավորականից հետաքրքրվեցինք, թե Կութի հատվածում շա՞տ են ադրբեջանցի զինվորականները․

«Գնում-գալիս են։ Այսինքն՝ ամեն դիրքում մշտական 15-20 հոգի կան, բայց գնում-գալիս են, շուտ-շուտ փոխարինում են իրար։ Մեր դիմաց երեկ դրոշ են տեղադրել, մենք էլ ենք երեկ դրոշ տեղադրել։ Մոտ 500 մետր են մեզանից հեռու, այս պահին էլ տեսանելի է իրենց դրոշը»։

Սևակ Խաչատրյանից նաև հետաքրքրվեցինք, թե այս օրերին Գեղարքունիքի մարզպետը, Ազգային ժողովի պատգամավորները բարձրացե՞լ են դիրքեր, տեղում հետաքրքրվե՞լ են իրավիճակից․

«Խոշորացված համայնքի ղեկավարը՝ Հակոբ Ավետյանը, մշտական բարձրանում է, այս 4 օրերին արդեն մի քանի անգամ տեսել եմ։ Ինչ վերաբերում է մարզպետին, պատգամավորներին, ես չեմ տեսել, կարող է ուրիշ դիրքերում եղած լինեն, համենայնդեպս մեզ մոտ չեն բարձրացել պատգամավորներ կամ մարզպետ․․․»։

Հիշեցնենք, որ մայիսի 12-ից թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ Սյունիքի և Գեղարքունիքի հատվածներում մի քանի կիլոմետր առաջ է եկել՝ պատճառաբանելով, թե դրանք իր տարածքներն են, հետևաբար՝ չի հեռանալու։ Գեղարքունիքի մարզում թշնամին առաջ է եկել Կութ, Ազատ, Նորաբակ և Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում