ՄԱԿ-ի տեսուչները ձեռնամուխ են լինում Սիրիայում քիմիական զենքի կիրառման տվյալների ստուգմանը

ՄԱԿ-ի տեսուչները օգոստոսի 19-ին աշխատանքի են ձեռնամուխ լինում Սիրիայում քիմիական զենքի կիրառման ենթադրվող դեպքերի շրջաններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Միավորված ազգերի քարտուղարությունը:

«Առաքելությունն աշխատանքը կսկսի օգոստոսի 19-ին»,- հայտնել է ԱՄԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսիրկին: Նրա խոսքով՝ տեսչական ստուգումները կտեւեն երկու շաբաթ: Այդ ժամկետը կարող է երկարաձգվել Սիրիայի իշխանությունների հետ փոխհամաձայնությամբ:

ՄԱԿ-ի տեսուչների խումբը կազմվել է Դամասկոսի պահանջով այն բանից մի քանի օր անց, երբ մարտի 19-ին խռովարարները քիմիական գրոհ ձեռնարկեցին Հալեպի Խան էլ Ասալա արվարձանում: Դրա հետեւանքով զոհվեց 26, տուժեց 86 մարդ:

Փորձագետները միաժամանակ հետաքննելու են քիմիական զենքի կիրառման երեք դեպք՝ ներառյալ Խան էլ Ասալայի միջադեպը:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը նշում Է, որ խմբի կազմում ընդգրկված են Կազմակերպության՝ քիմիական զենքի արգելման հարցերով զբաղվող փորձագետներ եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչներ: Նրանց անուններն ու ազգանունները չեն բացահայտվում: Հավաստի հայտնի է միայն, որ նրանք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների՝ Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ներկայացուցիչներ չեն: Տեսչական ստուգումների արդյունքների հիման վրա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը զեկույց կպատրաստի Անվտանգության խորհրդի համար, որն էլ կորոշի հետագա քայլերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում