Եգիպտոսի բանակի գլխավոր հրամանատարը հաշտության կոչ Է արել իսլամիստներին

Եգիպտոսի բանակի գլխավոր հրամանատար Աբդուլ Ֆաթահ Սիսին իշխանությունից հեռացված իսլամիստ նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցներին հայտարարել է, որ երկրում «բոլորի համար էլ տեղ կգտնվի», բայց հավելել է, որ զինվորականները չեն համակերպվի բռնությունների հետ, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:Սիսին հորդորել է Մուրսիի կողմնակիցներին «վերականգնել ժողովրդավարական ուղին» եւ «միանալ քաղաքական գործընթացին»:

Սա Սիսիի առաջին հրապարակային ելույթն էր անվտանգության ուժերի կողմից «Մուսուլման եղբայրների» բողոքի ակցիաների ճնշումից հետո:

Եգիպտոսի ՄԵՆԱ պետական լրատվական գործակալությունը հաղորդել է, որ օգոստոսի 17-ին տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում զոհվել է 79, վիրավորվել՝ 549 մարդ: Անկարգությունների չորս օրվա ընթացքում զոհվածների թիվը գերազանցել է 880-ը:

Ինչպես հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Եգիպտոսի կարգի պահապանները կասեցրել են ձերբակալված իսլամիստների փախուստի փորձը: «Մուսուլման եղբայրների» զինված կողմնակիցները փորձել են ազատել Կահիրեում իշխանությունների կողմից ձերբակալված զանգվածային անկարգությունների մի խումբ մասնակիցների: Ինչպես ճշտել է ՄԵՆԱ-ն, զինյալները գրոհել են ձերբակալված իսլամիստներին մայրաքաղաքից հյուսիս գտնվող Աբու Զաբաալ բանտ տեղափոխող պահակախմբի վրա: Փոխհրաձգության ընթացքում 38 մարդ է սպանվել:

Եգիպտոսի ՆԳ նախարարությունը հայտնել է «Մուսուլման եղբայրների» հազարից ավելի կողմնակիցների ձերբակալման մասին, որոնք անկարգություններ են հրահրել: Նրանցից շուրջ 250-ին կարող է մեղադրանք առաջադրվել «խաղաղ քաղաքացիների վրա հարձակումների, ծրագրված սպանությունների եւ ահաբեկչության համար»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում