Կառավարությունը 427․4 մլն դրամ հատկացրեց Հ1-ին՝ 24-ժամյա նոր լրատվական ալիք ստեղծելու համար

Կառավարությունը 427․4 մլն դրամ հատկացրեց Հ1-ին՝ 24-ժամյա նոր լրատվական ալիք ստեղծելու համար

Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթում հաղթող ճանաչվեց Հանրային հեռուստաընկերությունը։

Այսօր՝ հունիսի 4-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նիստի ժամանակ ամփոփվեցին մրցույթի արդյունքները։ Հ1-ը վարկանիշային քվեարկությամբ ստացավ 646 միավոր, Հ2-ը՝ 635 միավոր, իսկ «Փաստինֆո»-ն՝ 595։

Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին ՀՌՀ-ն հրապարակել էր մրցույթի մասնակիցների հայտերը, որից պարզ էր դարձել, որ մրցույթին մասնակցում են «Փաստինֆո», «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ-ները, ինչպես նաև «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությունը:

Հաջորդ օրը՝ ապրիլի 15-ին, Կառավարության հերթական նիստում չզեկուցվող հարցերի փաթեթով որոշվեց Կառավարության պահուստային ֆոնդից Հանրային հեռարձակողի խորհրդին տրամադրել 427.4 մլն դրամ՝ Հանրային հեռուստաընկերության ներկայիս լրատվական ծառայության հիմքի վրա նոր լրատվական հեռուստաալիք ստեղծելու համար:

Թեև մրցույթը դեռ նոր էր հայտարարվել և արդյունքները հայտնի չէին, այնուամենայնիվ, Կառավարությունը որոշել էր գումարը տրամադրել Հանրային հեռարձակողի խորհրդին:

Կառավարությունից հետաքրքրվեցինք, թե ինչու է գումար տրամադրվել Հանրային հեռարձակողի խորհրդին, եթե մրցույթի արդյունքները դեռ ամփոփված չեն։ Մեր հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին՝ եթե Հանրային հեռուստաընկերությունը հաղթող չճանաչվի, Կառավարությունը կընդունի համապատասխան որոշում:

«Գումարը հատկացվել է Հանրային հեռուստաընկերությանը՝ որպես վերոնշյալ մրցույթին մասնակցելու և հաղթելու դեպքում իր կողմից ներկայացված ծրագրերն իրականացնելու երաշխավորություն»,- նշված էր հարցման պատասխանում:

Կառավարության որոշման հիմնավորմամբ՝ Հանրային հեռուստաընկերությունը նախատեսում է ստեղծել մայրաքաղաքային սփռման առանձին լրատվական հեռուստաալիք, որի հիմնական նպատակը օպերատիվ ու անաչառ լրատվության մատուցումն է լինելու, ինչը միևնույն ժամանակ ապահովելու է հեռուստադիտողի՝ տեղեկատվության ստացման հիմնարար իրավունքները։

Աղբյուրը՝ Hetq.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում