Առավել ծածուկ, մեկ-մեկ բացահայտ
07/06/2021 22:00
Նմանատիպ
Առավել ծածուկ, մեկ-մեկ բացահայտ,
Երբեմն պղտոր, երբեմն հստակ,
Մեկ խոտորնակի, մեկ-մեկ անխոտոր –
Ապրում եմ այսպես հին երկնքի տակ։
Ծածուկ եմ, երբ որ երկինքը մութ է,
Արփին քնած է, ամպը՝ խռով,
Եվ բացահայտ եմ, երբ այգն արթուն է,
Երկինքը լուրթ է, ամպն՝ անխռով։
Հստակ եմ, երբ որ շուրջս խաղաղ է,
Օրը ուրախ է ու սիրտը բաց,
Պղտոր եմ, երբ որ խառնաշփոթ է,
Մահագույժ օր է, աղմուկ ու լաց։
Խոտորնակի եմ, երբ խենթանում է
Քամին ծերացած ծառաստանում։
Եվ անխոտոր եմ, երբ սյուքը մեղմիկ
Ինձ իմ հուշերի գիրկն է տանում…
…
Այնպես եմ, ինչպես և այս երկիրն է,-
Ո՛չ գոհ եմ, ո՛չ էլ դժգոհ իմ բախտից,-
Բայց թե չգիտեմ՝ ինչո՞ւ եմ այսչափ
Ցանկանում չքվել երկրի երեսից։
Վահագն ՄՈՒՂՆԵՑՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում