Արամ Խաչատրյանի անվան մրցույթի տասնվեց մասնակցից միայն վեցը կանցնեն երկրորդ փուլ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արամ Խաչատրյանի անվան մրցույթի առաջին փուլի արդյունքներն ամփոփվելու են հունիսի 9-ի երեկոյան: Աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանած 16 մասնակցից երկրորդ փուլ կանցնեն միայն վեցը:
«Արմենպրես»-ի թղթակիցը մասնակցել է մրցույթի փորձին, զրուցել կազմակերպիչների, մասնակիցներից մի քանիսի հետ:
«Արամ Խաչատրյան մրցույթ» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Մարտին Թովմասյանը հիշեցրեց, որ մասնակիցներն ըստ վիճակահանության, որը տեղի է ունեցել հունիսի 6-ին, սկսել են փորձերը, որոնք մեկնարկում են ամեն առավոտ, իսկ երեկոյան լսումներն են:
«Մրցույթն այս տարի երկու փուլով է անցկացվում: Ժյուրիի կնախագահը Հայաստանի ազգային հերոս, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանն է: Ժյուրիի կազմում են բարձրակարգ մասնագետներ աշխարհի տարբեր ծայրերից: Առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ կստանա, կլինի չորս այլ մրցանակ, նախատեսվում են նաև հատուկ մրցանակներ»,-նշեց նա ու հավելեց, որ հունիսի 12-ին մրցույթը կեզրափակվի գալա-համերգով ու մրցանակաբաշխությամբ:
Թովմասյանի խոսքով՝ մասնակիցներից շատերը ոչ թե մեկ, այլ մի քանի նվագախմբում են ընդգրկված: Հիմնադրամի գործադիր տնօրենը վստահ է՝ կա մրցակցություն, մասնակիցները կազմակերպված են, լավ են տրամադրված: Չնայած համավարակին՝ մրցույթի աշխարհագրությունը լայն է. ժամանել են դիրիժորներ Ճապոնիայից, Չինաստանից, Ռուսաստանից, Գերմանիայից և այլ երկրներից:
Թովմասյանը հույս հայտնեց, որ կլինեն նոր անուններ, որոնք համաշխարհային երաժշտարվեստում իրենց ուրույն տեղը կունենան, կդառնան Հայաստանի և Արամ Խաչատրյանի դեսպաններն ամբողջ աշխարհում:
Հարավային Կորեայից Հայաստան ժամանած դիրիժոր Յեո Ռիոնգ Անը, որը բազմաթիվ մրցույթների է մասնակցել, շեշտեց՝ Խաչատրյանի մրցույթն ամբողջ աշխարհում հանրահռչակված է: Այն կարևոր իրադարձություն է դիրիժորների համար:
Երիտասարդ դիրիժորը կարծում է, որ մրցույթը կարող է լուրջ դերակատարություն ունենալ հատկապես ուսանողների, սկսնակ դիրիժորների կյանքում, որոնք ցանկանում են մասնագիտանալ իրենց գործում: Նրանց համար Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես գալը մեծ փորձառություն է:
Յեո Ռիոնգ Անը համավարակի պատճառով բեմ բարձրանալու հնարավորություն գրեթե չի ունեցել, ուստի իր համար ևս մրցույթին մասնակցելը երաժշտությումբ զբաղվելու հրաշալի հնարավորութուն է:
Անդրադառնալով Արամ Խաչատրյանի երաժշտությանը՝ նա ասաց, որ վաղուց է ծանոթ մեծ կոմպոզիտորի ստեղծագործություններին: Նրան շատ է տպավորել հատկապես «Գայանե» բալետը, որը, ըստ Յեո Ռիոնգ Անի, խորն է, զարմանալի:
Զեկե Ֆետրոուն մրցույթին մասնակցեու նպատակով Հայաստան է եկել ԱՄՆ-ից: Իր ընկերներից է բազմիցս լսել Խաչատրյանի մրցույթի մասին: «Նրանք ասում էին, որ այն զարմանալի է, իսկ մարդիկ բարեհամբույր են, ուտելիքն է հիանալի, ուստի, եթե երբևէ հնարավորություն ընձռվի, անպայման պետք է մասնակցել: Շոյված էի, որ աշխարհի տարբեր երկրների դիրիժորների հետ ինձ էլ հնարավորություն տրվեց մասնակցելու մրցույթին, որի շրջանակում ունկնդրեցի նվագախմբի ֆանտաստիկ կատարումները»,- պատմեց Ֆետրոուն:
Նա իր գործունեության ընթացքում հաճախ չի առնչվել Խաչատրյանի երաժշտությանը, այդ իսկ պատճառով, մրցույթն իր համար հետաքրքիր է նաև այդ առումով: Դիրիժորը բացահայտում է կոմպոզիտորի ստեղծագործությունները: Նրան հիացրել, ցնցել է «Սպարտակ»-ը, յուրահատուկ է համարում Խաչատրյանի թիվ 2 սիմֆոնիան:
Զեկե Ֆետրոուն վստահ է՝ ուր էլ գնա, իր հետ կտանի Խաչատրյանի երաժշտությունն ու հաճախ կկատարի այն ամբողջ աշխարհում:
Ավանդույթի համաձայն՝ Ա. Խաչատրյանի անվան մրցույթը մեկնարկում է մեծանուն կոմպոզիտորի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին, կոմպոզիտորի անվան համերգասրահում: Մրցույթի պաշտոնական նվագախումբը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն է, որի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը Սերգեյ Սմբատյանն է:
Մրցույթն անցկացվում է «դաշնամուր», «ջութակ», «թավջութակ», «դիրիժորություն», «վոկալ» մասնագիտություններով:
Այն Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է: Մրցույթի կազմակերպիչն է «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը։ ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը նպատակ ունի բացահայտել տաղանդաշատ երիտասարդ երաժիշտների, նրանց ընձեռել մասնագիտական առաջընթացի հնարավորություններ‚ ինչպես նաև մրցույթի միջոցով էլ ավելի հանրայնացնել Արամ Խաչատրյանի արվեստը:
Անժելա Համբարձումյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում