Դուդուկահար Արսեն Պետրոսյանը թողարկել է «Հոգին ճանապարհ» ալբոմը, որը ներառում է հայաստանյան մշակույթի տարբեր դարաշրջանների 11 գործ
Նմանատիպ
Դուդուկահար Արսեն Պետրոսյանը թողարկել է իր նոր՝ «Հոգին ճանապարհ» (Hokin Janapar) ալբոմը: «Հոգին ճանապարհ»-ը Պետրոսյանի երկրորդ սոլո սկավառակն է: Այն ստեղծվել է հինգ տարվա ծավալուն աշխատանքի արդյունքում և ներառում է հայաստանյան մշակութային ներկապնակի տարբեր դարաշրջանների 11 գործեր:
Ալբոմը ստեղծելու ժամանակ բռնկվեց արցախյան 44-օրյա պատերազմը: Դուդուկահարը խոստովանում է՝ բավականին բարդ էր ավարտին հասցնել նախագիծը՝ հաշվի առնելով այն բոլոր հույզերը, որոնք պատել էին բոլորիս պատերազմական օրերին։ Սակայն, այն գիտակցումը, որ ստեղծվում է արժեքավոր գործեր պարունակող սկավառակ, և որ այդ ստեղծագործությունները պետք է փոխանցել աշխարհին և հետագա սերունդներին, իրեն էլ ավելի մեծ ուժ էր տալիս։
Այս ալբոմում ներառված են ստեղծագործություններ, որոնք ներկայացնում են հայկական պատմության արժեքն ու կարևորությունը։
Ձայնասկավառակը թողարկվել է բրիտանական հեղինակավոր ARC Music ընկերության կողմից և արդեն իսկ միջազգային մեդիայի ուշադրության կենտրոնում է։
«Հայկական ծիրանափողն իր մեջ հզոր պատմություն է ամփոփում։ Այն թե’ տխրության, թե’ ուրախության պահերին միշտ հայերի կողքին է եղել, եղել է մեր ուղեկիցը։ Դուդուկի մեջ բացառիկ հոգի կա, որը կատարողը փոխանցում է իր հանդիսատեսին, մի հսկայական պատմական ընթացք է ներկայացնում այն ունկնդրողին», – ասում է երաժիշտը։
Նշենք, որ Արսեն Պետրոսյանը ծնվել է 1994թ., Չարենցավանում: Չնայած երիտասարդ տարիքին՝ Արսենն ակտիվ միջազգային գործունեություն է ծավալում՝ հետևելով դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանի և իր ուսուցիչ Գևորգ Դաբաղյանի խորհուրդներին և քայլերին։ Միևնույն ժամանակ իր ուղին է հարթել ամենատարբեր համագործակցությունների միջոցով՝ աշխատելով լեգենդար ռոք կիթառահար Սթիվ Հաքեթի, կոմպոզիտոր Իհաբ Դարվիշի, ուդահար Օմար Բաշիրի ու այլոց հետ։
Արսեն Պետրոսյանը համերգային շրջագայություններ է ունեցել՝ ելույթ ունենալով Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի, Կենտրոնական Ասիայի, Միջին Արևելքի, Կովկասի երկրներում։
Նրա ելույթները ներկայացվել են Medici.tv, Mezzo TV, BR-KLASSIK, ինչպես նաև BBC Persia և այլ մեդիաներով։ Արսեն Պետրոսյանի առաջին սոլո ալբոմը՝ «Չարենցավան․ Երաժշտություն՝ դուդուկի համար» լույս է տեսել 2015 թվականին ԱՄՆ-ում և մեծ հաջողություն ունեցել։
Աղբյուր՝ Aysor.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում