Մարվել է «Ա. Սպենդիարյան-150» հոբելյանական նամականիշով գեղաթերթիկը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Աշխարհահռչակ հայեր. Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակը» թեմային նվիրված մեկ նամականիշով գեղաթերթիկ է շրջանառության մեջ դրվել հունիսի 14-ին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, 890 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է հայ մեծ կոմպոզիտոր, դիրիժոր և հայ սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր Ալեքսանդր Սպենդիարյանը (1871-1928 թթ.):
«Նամականիշի մարումն իրականացրել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, «ՀայՓոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը, Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը, ՀՀ ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ գեղաթերթիկի վրա պատկերված են Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Սպենդիարյանի արձանը, իր ստորագրությունը և «150-ԱՄՅԱԿ» գրառումը՝ հայերեն և անգլերեն: Գեղաթերթիկի ստորին հատվածում տեղադրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի լոգոտիպը, քանի որ Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյա հոբելյանն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2020-2021 թթ. օրացույցում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում