Շուրջ 10.000 օտարերկրյա քաղաքացիներ պայքարում են Սիրիայի կառավարական ուժերի դեմ

Շուրջ 10 հազար օտարերկրյա քաղաքացիներ, այդ թվում՝ 150 բրիտանահպատակներ, մարտական գործողություններ են վարում Սիրիայի կառավարական ուժերի դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 20-ին գրել Է Times թերթը՝ հղում անելով ԱՄՆ-ի հետախուզության մի աղբյուրի:

«Օտարերկրացի զինյալների թվում կան մի քանի հարյուր եվրոպացիներ, հիմնականում՝ սուննիներ»,- հրատարակությունը մեջբերել Է աղբյուրի վկայությունը: Բրիտանացիները, որոնց թիվը հասնում Է 150-ի, մտնում են այսպես կոչված «եվրոպական զորակազմի» մեջ: Թերթը նշում Է, որ Սիրիայի տարածքում նախագահ Բաշար Ասադի դեմ գործում են նաեւ Իրաքից եւ Չեչնիայից ժամանած զինյալներ:

Times թերթի տվյալներով՝ «Ալ Նուսրայի ճակատ»-ը Սիրիայում ներկայացնում Է «Ալ Քաիդա»-ի հետ կապված զինյալների հիմնական խմբավորումը: Այն առավելապես բաղկացած Է սիրիացիներից: Նրանց ղեկավարում Է սիրիացի դաշտային հրամանատար Աբու Մուհամեդ ալ Գոլանին:

Ըստ թերթի տվյալների՝ երկրում գործում Է նաեւ «Ջեյշ ալ Մուհաջիրին վալ Անսար» խմբավորումը, որի գրեթե բոլոր անդամներն օտարերկրացիներ են: Այն ղեկավարում Է չեչնիացի Աբու Ումարը, որն ավելի վաղ Չեչնիայում կռվել Է ռուսական բանակի դեմ:

Մինչդեռ, ինչպես տեղեկացրել Է Սիրիայի SANA գործակալությունը, Սիրիայի կառավարական զորքերն ապստամբներին դուրս են մղել Լաթաքիայից՝ երկրի նախագահ Բաշար Ասադի հայրենի նահանգից: Բանակը մի քանի օր տեւած մարտերից ու օդային ռմբակոծումներից հետո վերադարձրել է հսկողությունը Նաբի Աշիա լեռնաշղթայի նկատմամբ:

Ապստամբները Լաթաքիայի դիրքերում ամրապնդվել էին երկու շաբաթ առաջ՝ գրավելով մի քանի գյուղ: Սակայն կառավարական զորքերը համալրում ստանալուց հետո հակահարձակման են անցել:

«Մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնի» տեղեկատվության համաձայն՝ երկու գյուղերում մարտերը դեռեւս շարունակվում են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում