Հետաքննություն. «Թուրք հովիվը երկու անգամ հարձակվել էր սահմանապահ ուղեկալի վրա»

Թուրքական իշխանություններն ավարտել են օգոստոսի 31-ի երեկոյան Հայաստանի սահմանը խախտած եւ ռուս սահմանապահների գործողությունների արդյունքում մահացած Կարսի շրջանի սահմանային գյուղերից մեկի բնակիչ Մուսթաֆա Ուլքերի հետ կապված պատմության հետաքննությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական Taraf թերթը, հենվելով հետաքննության արդյունքների վրա, գրել է, որ «թուրք հովիվը երկու անգամ հարձակվել էր սահմանապահ ուղեկալի վրա»: «Հովվի կողմից հարձակում, որը նման է ֆիլմի» վերտառությամբ հոդվածում թերթը ներկայացնում է, իր բնորոշմամբ, «հովվային ճգնաժամի» նախապատմությունը, որը, «կարող էր անգամ երկու պետություններին ներքաշել պատերազմի մեջ»:

Թերթը գրում է, որ ըստ թուրքական իշխանությունների կատարած հետաքննության’ հայկական կողմը, արձագանքելով թուրքերին պատկանող հոտերի հայկական արոտավայրեր անցնելու հարցին, խնդրի վերաբերյալ նախազգուշացրել էր թուրքական կողմին: Թուրք սահմանապահները հոտերի տերերին զգուշացրել էին չխախտել Հայաստանի սահմանը: Հակառակ այդ զգուշացումներին’ գյուղացիները շարունակել են իրենց հոտերն արածեցնել Հայաստանի արոտավայրերում: Այդ պատճառով, սահմանպահ ծառայություն իրականացնող ռուս եւ հայ զինվորները առգրավել էին թուրքերին պատկանող հոտերի մի մասը: Առգրավվա ծ հոտի մեջ են եղել նաեւ մահացած Մուստաֆա Ուլքերի անասունները: Գյուղացիները օգնություն են խնդրել թուրք սահմանապահներից: Թուրք իրավասուները կենդանիների հոտերի վերադարձման հարցով բանակցություններ են վարել Հայաստանի սահմանապահների հետ: Բանակցությունների արդյունքում հայկական կողմը վերադարձրել է գյուղացիների հոտերը: Վերադարձված որոշ կենդանիներ վնասվածքներ են ունեցել. որոշների կոտոշները վնասված, մի մասի պոչերը կտրված են եղել: Ինչի պատճառով Մուստաֆա Ուլքերը որոշել էր վրեժ լուծել Հայաստանի սահմանապահներից: Թուրք զինվորի համազգեստ հագած Ուլքերը, գիշերով անցնելով թուրք-հայկական սահմանը, կրակ է բացել սահմանապահ ուղեկալի վրա: Այդ ժամանակ նրան հաջողվել էր փախչել: Երկրորդ անգամ օգոստոսի 31-ին իրագործած հարձակման ժամանակ ջերմային տեսախցիկներին մոտենալու ժամանակ, նա գլխից վիրավորվել եւ մահացել է: Ուլքերի ինքնությունը պարզվել էր սպանվելուց հետո: Հայաստանի սահմանապահները սկզբում կարծել են, թե թուրք զինվորներն են հարձակվել սահմանապահ ուղեկալի վրա, ինչը հայկական սահմանին տագնապ հայտարարելու պատճառ էր դարձել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում