Աստծու գոյությունը, մաս 3-րդ
Նմանատիպ
2. Դարձյալ, մասնավորապես մեր բնակեցրած այս երկրագնդի մասին խոսելով՝ պիտի նշենք այն հաստատված և ապացուցված ճշմարտությունը, որ այս երկրագունդը հավիտենապես գոյություն չի ունեցել, հավիտենությունից ի վեր նրա մեջ բույս, բնակիչ և որևէ այլ բան չի եղել: Բնագետները հաստատում են ամենքի կողմից ընդունված այն ճշմարտությունը, որ այս երկիրն ի սկզբանե գազային հրաբորբոք վիճակում էր և այժմ էլ ամբողջապես չի պաղել (ինչպես լուսնի վերաբերյալ է ենթադրվում, որ այն աստղային դիակ է դարձել):
Եթե երկրի մակերևույթից միայն մի քանի մղոն էլ ցած իջնենք, միևնույն հրաբորբոք վիճակում կգտնենք այն: Արդ, երբ մեր այս երկրագունդը գազային վիճակում էր, բնականաբար բոլորովին անբնակելի էր, և իր մակերևույթի աստիճանաբար սառչելու միջոցով այն բնակելի դարձավ: Որտեղի՞ց ուրեմն առաջին անգամ ծնվեց առաջին մարդը, անասունը, բույսը, և այլն:
Երկրաբանությունը սովորեցնում է, որ երկրագնդի գոյության սկզբում երկրիս վրա չկային ու չէին էլ կարող գոյություն ունենալ կենդանի էակներ, բույսեր և որևէ այլ բան: «Բույսերն ու անասունները,- ասում է Նյուման անունով երկրաբանը,- միայն այն ժամանակ կարող էին ստեղծվել, երբ բարեխառն, իրենց համար «հանդուրժելի» ջերմաստիճան (temperature) լիներ, քանի որ այդ բարեխառն կլիմայի առկայությունից առաջ լեռան բոլոր շերտերը ծովի տակ էին թաղված և բնականաբար բրածոներից (fossile) զուրկ նախակենդանական (տակավին անկենդան, prozoique) կազմություններ էին լոկ»:
Ուրեմն ինչպե՞ս կյանքը մուտք գործեց աշխարհ: Հողը հոգեղեն կամ հոգևոր էակ չէր, որ կարողանար մարդ ծնել, զգայուն, շնչավոր ինքնաշարժ չէր, որ ծնունդ տար անասունների, ո՛չ էլ օրգանական աճող էակ էր, որ բույսեր ծլարձակեր, քանի որ ծնողը չի կարող իրենից ծնվածին հաղորդել այնպիսի կատարելություններ, որոնք ինքը չունի: Ապա ուրեմն սրանք բոլորն այն հոգեղեն, խոհուն, ամենակարող Էակն է ստեղծել, Որին մենք «Աստված» ենք կոչում: Նա էր, որ վերը թվարկված բոլոր էակների ծննդագործության համար նրանց մեջ տպավորեց ծննդական սկզբունքները, սերմերը և այլն:
(Շարունակելի)
Տեր Սահակ քհն. Տեր Սարգսյան,
«Քննական կրոնագիտություն հավատքի ապացույցներով հանդերձ», Կ. Պոլիս, 1897 թ.,
Արևելահայերենի վերածեց Գևորգ սրկ. Կարապետյանը
Աղբյուր՝ Surbzoravor.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում