Կնշանակի խաչ քաշել ՀՀ–ի ապագայի վրա. Քոչարյան

Կնշանակի խաչ քաշել ՀՀ–ի ապագայի վրա. Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել մի քանի լրատվամիջոցների՝ անդրադառնալով Երասխում տեղի ունեցող գործողություններից։ Այս մասին գրում է ԼՈՒՐԵՐ.com-ը:

«Երասխի դեպքերից հետո մենք ոնց որ մոռացել ենք, որ կա Սև լիճ, և Հայաստանի տարածքում գտնվում են բազմաթիվ ադրբեջանցի զինվորներ։ Սա տրամաբանական շարունակությունն է այն ամենի, ինչ կատարվում էր Հայաստանի հետ և՛ պատրեազմի ժամանակ, և՛ հետպատերազմյան հատվածում։ Մենք ցույց ենք տվել, որ ատամներ այլևս չունենք։ Արժանապատիվ պատասխան տալու հնարավարություն չունենք, և ցանկություն չունի երկիրը, և Ադրբեջանն իր օրակարգը առաջ է տանում նման կարգի դրսևորումներով»,-ասել է Ռոբերտ Քոչարյանը։

ՀՀ երկրորդ նախագահը նաև չի հերքել, որ Երասխում տեղի ունեցող գործողությունները հնարավոր «խաղաղության պայմանագրի» նախապատրաստական իրադարձություններ կարող են լինել։

Նրա խոսքով` այսկերպ փորձ է արվում ստեղծել մի իրավիճակ, երբ հերթական փաստաթղթի ստորագրումը կարող է գնահատվել ոչ թե որպես դավաճանություն, այլ փրկություն։

«Նման կարգի պրովոկացիաներից հետո ստեղծվում է մի վիճակ, երբ նոր պատերազմի վտանգը տեսանելի է դառնում ժողովրդի համար, և ժողովուրդը շատ մեծ հեշտությամբ մարսում է հերթական փաստաթղթի ստորագրումը, հերթական զիջումը»,– ասել է Քոչարյանը` հավելելով, որ դա պլանավորված պարտության տեխնոլոգիա է։

Երկրորդ նախագահը չի բացառել, որ խաղաղության համաձայնագրի ստորագրում է պատրաստվում, որը, նրա որակմամբ, չի կարող լինել առանց Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման։

«Սա կնշանակի ուղղակի խաչ քաշել Հայաստանի ապագայի վրա»,– ասել է Քոչարյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում