«Հնարավոր է՝ շուտով մեր երկրում լինի ցորենի դեֆիցիտ, և հացի գինը հանրապետությունում թանկանա»

«Հնարավոր է՝ շուտով մեր երկրում լինի ցորենի դեֆիցիտ, և հացի գինը հանրապետությունում թանկանա»

Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը Ֆեյսբուքի իր էջում հուլիսի 27-ին գրել էր. «Պարենային կայուն համակարգերը, չանտեսելով ոչ մեկին, պետք է լինեն կայուն և ներառական: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսի գլխավորությամբ Հռոմում տեղի է ունենում Պարենային համակարգերի նախագագաթնաժողովը, որն իրապես մի հարկի տակ է համախմբել համաշխարհային տարբեր դերակատարներին՝ առավելագույնս օգտագործելու պարենային համակարգերի ներուժը` աշխարհի այսօրվա մարտահրավերներին դիմակայելու համար: Միջոցառմանը մաս են կազմում աշխարհի ավելի քան 140 երկրներ, որոնք, գյուղոլորտում, իհարկե, որոշ տարբերություններով, առերեսվում են այնպիսի մարտահրավերների, որոնք արդի են նաև մեր երկրի համար»:

Ֆերմերային շարժում ՀԿ նախագահ Սարգիս Սեդրակյանը 168.am-ի հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե ի՞նչ օգուտ կարող է բերել Հայաստանին փոխնախարար Խոջոյանի մասնակցությունն այդ նախագագաթնաժողովին, նշեց.

«ՄԱԿ-ի Պարենի գյուղատնտեսական կազմակերպությունը (FAO) որոշ ժամանակ առաջ բոլոր երկրներին նախազգուշացրեց, որ COVID-19 -ի հետ կապված՝ հնարավոր է, որ երկրները փակեն իրենց սահմանները, գյուղմթերքների ներմուծում և արտահանում չիրականացվի, և ամեն երկիր ստիպված կլինի ինքը լուծել իր երկրի Պարենային ապահովության խնդիրը: Կուզեի, որպես համակարգի պատասխանատուներից մեկը, պարոն Խոջոյանին հարցնել, թե ինչո՞ւ այս ուղղությամբ Հայաստանում ոչ մի քայլ չձեռարկեցին: Արցախի 44-օրյա պատերազմի հետ կապված՝ երկիրը կանգնած է պարենային անվտանգության լուրջ մարտահրավերի առջև, 95.000 հա վարելահող անցել է հակառակորդին՝ կորցրել ենք Արցախի ցանքատարածությունների մոտ 90%-ը:

Հիշեցնեմ, որ Արցախը՝ իր ցանքատարածություններով, ապահովում էր մեր երկրի հացահատիկի պահանջարկի 20-30%-ը, իսկ այս տարի Հայաստանում ստացվեց հացահատիկի ցածր բերք, հնարավոր է՝ շուտով մեր երկրում լինի ցորենի դեֆիցիտ, և հացի գինը հանրապետությունում թանկանա: Դեռ չգիտենք նաև, թե Ռուսաստանը մեզ ի՞նչ գնով կվաճառի իր ցորենը, եթե հաշվի առնենք վերջին օրերին մամուլով հայաստանյան որոշ շրջանակների կողմից նախաձեռնած հակառուսական հիստերիան: Ուզում եմ իմանալ՝ ինչո՞ւ պաշտպանիչ քայլեր չձեռնարկեցին»:

Ֆերմերային շարժում ՀԿ նախագահն ընդգծեց՝ Արցախից բազմաթիվ, իսկ Հայաստանից՝ որոշ արոտավայրեր այսօր գտնվում են ադրբեջանցիների ենթակայության կամ կրակահերթերի ներքո, որի պատճառով պակասել, հետևաբար՝ թանկացել է անասնակերը, ու այդ պատճառով Սյունիքից և Գեղարքունիքից բազմաթիվ գյուղացիներ ստիպված մորթում են իրենց անասուններին:

«Այդպե՞ս են զարգացնում անասնապահությունը մեր երկրում: Հարցերը բազմաթիվ են, ուղղակի ինձ հետաքրքրում է, թե ի՞նչ է ասելու Էկոնոմիկայի փոխնախարարը՝ Հռոմի գագաթաժողովին: Կարո՞ղ է խոստովանելու է, որ իրենց մեղքով Շիրակի մարզի գյուղերի գյուղացիներին սխալմամբ գարնանը սուբսիդավորված աշնանացան գարի են տվել, գյուղացին վարկով ձեռք է բերել այդ գարին, բայց այն բերք չի տվել, և գյուղացիներն այժմ աղմուկ են բարձրացրել, կամ, որ ոռոգման ջուր չլինելու պատճառով հանրապետության բազմաթիվ գյուղացիների բերքը չորացավ, և այլն:

Ե՛վ Ա. Խոջոյանին, և՛ գյուղատնտեսության գծով էկոնոմիկայի մյուս երիտասարդ փոխնախարար Տիգրան Գաբրիելյանին խորհուրդ կտամ՝ մեկ-մեկ էլ ոլորտի փորձառուների հետ խորհրդակցել, թե չէ՝ շրջագայելով ու դատարկ կրկնելով՝ «ապագա կա», մեր երկիրը ոչ մի առաջընթաց չի ունենա»,- նկատեց Սարգիս Սեդրակյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում