Հաքերները ջարդել են Ադրբեջանի կառավարական կայքերը

Ադրբեջանի գրեթե բոլոր պետական հաստատությունների կայքերը դադարել են գործել: Ընդ որում դրանց խորհրդավոր փակման մասին պաշտոնական տեղեկատվություն չի արվել:

Haqqin.az-ը նշում է, որ պաշտոնական տեղեկատվության բացակայությունը ինտերնետում բազմաթիվ լուրեր է ծնել: Մասնավորապես, օգտատերերը վերհիշել են Ադրբեջանի պետական պահպանության հատուկ ծառայության տեղեկատվական անվտանգության պետական գործակալության համակարգչային միջադեպերի դեմ պայքարի կենտրոնի կողմից հաքերային գրոհների վտանգի մասին վերջերս արված նախազգուշացումը:

Հաքերային գրոհների «զոհերի» ցուցակում տասնյակ կառավարական գերատեսչություններ կան, որոնք տեղակայված են կառավարական gov.az դոմենում: Դրանց թվում են’ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Ադրբեջանի պետական հեռուստատեսությունը (ԱզԹՎ), ԱԳՆ-ը, Պաշտպանության նախարարությունը, ԱԻՆ-ը, Էկոլոգիայի նախարարությունը, Պետական սահմանային ծառայությունը, Արդարադատության նախարարությունը, Կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, Մշակույթի եւ զբոսաշրջության նախարարությունը, Երիտասարդության եւ սպորտի նախարարությունը, Առողջապահության նախարարությունը եւ ուրիշներ:

Եթե կայքերը փակում են, նշանակում է դա ինչ-որ մեկին պետք է: Ճշգրիտ տեղեկատվության բացակայության պատճառով, մնում է միայն գուշակել, թե ով է կանգնած դրա հետեւում: Ամենատարածված տարբերակների թվում հաքերային հարձակումն է: Սակայն հարց է ծագում’ ինչպե՞ս է անհայտ անձանց հաջողվել ջարդել Ադրբեջանի բոլոր պետական կայքերը, այն էլ նախագահական ընտրությունների շեմին», -զարմանք է հայտնում haqqin.az-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում