Թուրքիան խոստովանել է, որ գաղտնի դիվանագիտություն է տանում Մուրսիի հետ հանդիպման համար
Նմանատիպ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն օգոստոսի 21-ին հայտարարել է, որ գաղտնի դիվանագիտություն են տանում Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի հետ հանդիպման համար: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները: «Առաջին անգամ հայտարարում եմ, որ մենք տվյալ պահին եւս գաղտնի դիվանագիտություն ենք տանում (Մուրսիի հետ հանդիպման համար), -հայտարարել է Դավութօղլուն:
Նրա խոսքով’ մինչեւ «ռազմական հեղաշրջումը» (իշխանափոխությունը) Թուրքիայի հետախուզության ղեկավարը հանդիպել է Մուհամեդ Մուրսիի հետ:
«Հոսնի Մուբարաքի ազատումը’ քանի Մուրսին գտնվում է կալանքի տակ, կփոխի իրադարձությունների ընթացքը», -ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը:
Եգիպտոսում շարունակվում են անկարգությունները, որոնք հետեւել են իշխանությունից հեռացված նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցներին ուժայինների կողմից ցրելու գործողություններին: Երկրում արտակարգ դրություն է հայտարարվել, իսկ 14 քաղաքներում պարետային ժամ է մտցվել:
Անցյալ շաբաթ իշխանությունների եւ իսլամիստների դիմակայությունը վերաճել է ուժային դիմադրության, որի ժամանակ զոհվել է 900-ից ավելի մարդ:
Եգիպտոսի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները լարվել են, երբ Թուրքիայի իսլամիստական հայացքներով վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Եգիպտոսի նախկին իսլամիստ նախագահ Մուհամեդ Մուրսիի’ զինվորականների կողմից պաշտոնանկությունն անվանել է «ռազմական հեղաշրջում», եւ կոչ արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին միջամտել խնդրին: Եգիպտոսի ժամանակավոր կառավարության արտաքին գործերի նախարարությունը Էրդողանի այդ հայտարարությունը բնութագրել է որպես «երկրի ներքին գործերին միջամտություն», որից հետո Անկարան եւ Կահիրեն փոխադարձաբար հետ են կանչել իրենց դեսպաններին: Թուրքիան չեղյալ է համարել նաեւ Եգիպտոսի զինված ուժերի հետ համատեղ անցկացվելիք’ նախապես ծրագրված զորավարժանքները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում