Հայաստանն ընտրում է վատի ու ամենավատի միջև. Ռազմական փորձագետ

Հայաստանն ընտրում է վատի ու ամենավատի միջև. Ռազմական փորձագետ

Հայաստանի Հանրապետությունը հայտնվել է այնպիսի մի վիճակում, երբ պետք է ընտրություն կատարի վատի, ավելի վատի, շատ վատի և ամենավատի միջև։ Այժմ ստիպված ընտրել է վատը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը՝ անդրադառնալով Ոսկեպարում ռուսական ուղեկալ տեղադրելու մասին երեկ հայտնի դարձած իրողությանը։

«Երևի թե ոչ ոք չէր ուզի, որ իր երկրի սահմանները վերահսկողության տակ պահեր որևէ այլ երկիր, բայց կա այն, ինչ կա։ ՀՀ զինված ուժերն ունեն մարդկային ռեսուրսի, նյութատեխնիկական խնդիրներ։ Շատ դեպքերում զինծառայողների թիվը մարտական արդյունավետ հերթապահություն իրականացնելու համար չի հերիքում՝ մանավանդ այսօր մեր երկիրն Ադրբեջանի հետ ունի 410 կմ նոր սահման», – ասաց ռազմական փորձագետը։

Վան Համբարձումյանի խոսքով՝ ՀՀ իշխանությունը, տեսնելով, որ սահմանի որոշ հատվածներում Ադրբեջանն ունի լուրջ հավակնություններ, և ինքն ունակ չէ զսպելու այդ հավակնությունները, օգնության համար դիմում է ռուսական կողմին։

«Այժմ Ադրբեջանի համար առկա են բարենպաստ պայմաններ՝ կրկին գնալու իրավիճակի սրացման։ Եվ այս իրավիճակում սահմանի երկայնքով ռուսական ուղեկալներ տեղադրելը չարյաց փոքրագույնն է։ Իհարկե, առավել ընդունելի կլիներ, եթե հայ-ադրբեջանական սահմանին կանգանծ լինեին ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը»,- նշեց ռազմական փորձագետը։

Համբարձումյանի կարծիքով՝ ռուսական ուղեկալների տեղակայման գործընթացը շարունակական բնույթ է կրելու, քանի որ ադրբեջանական կողմը փորձելու է սադրանքների և սրացումների գնալ ամենատարբեր ուղղություններով։

«Ադրբեջանն ուզում է առավելագույնը «պոկել» Հայաստանից՝ անկլավներ, միջանցք և այլն, որոնց նախկինում չէր հավակնում», – ասաց ռազական փորձագետը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում