Նիկոլ Փաշինյանի անվտանգության պետի տեղակալը բերման կենթարկվի դատարան՝ ցուցմունք տալու
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, Times․am: Նիկոլ Փաշինյանի անվտանգության պետի տեղակալ Հովհաննես Վարդանյանը բերման կենթարկվի դատարան՝ Նարեկ Սամսոնյանի գործով ցուցմունք տալու։ «Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նման որոշում է կայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ այսօր կայացած «Իկրայի» գործով հերթական դատական նիստում։
Քրեական գործը գտնվում է ապացույցների հետազոտման փուլում և, ըստ դատարանի կողմից սահմանված հաջորդականության, պետք է հարցաքննվեն գործով անցնող վկաները։ Այսօրվա դատական նիստին հրավիրված էին դատակոչված 4 վկա, այդ թվում՝ Փաշինյանի անվտանգության պետի տեղակալ Հովհաննես Վարդանյանը, որը, սակայն, կրկին չէր ներկայացել նիստին, թեև պատշաճ ծանուցում էր ստացել։ Նա չէր ներկայացել նաև նախորդ նիստերին՝ հորդորելով դատարանին իրեն այլևս հարցաքննության չկանչել։
Նկատի ունենալով, որ վերջինս արդեն որերորդ նիստին չի ներկայանում՝ լինելով պատշաճ ծանուցված, մեղադրող դատախազ Հայկ Հարությունյանը, որն, ի դեպ, նոր է ներգրավվել քրեական գործով, միջնորդեց Վարդանյանի նկատմամբ կիրառել հարկադրանքի միջոց և բերման ենթարկել նրան։ Պաշտպանության կողմը միացավ մեղադրողի միջնորդությանը։ Կողմերի դիրքորոշումը լսելուց հետո նախագահող դատավորը որոշեց հարկադրանքի միջոց կիրառել և հաջորդ նիստին Վարդանյանի ներկայությունն ապահովելու համար բերման ենթարկել նրան։ Դատակոչված վկաներից մյուս երեքը ևս չէին ներկայացել, որոնցից մեկի՝ Դավիթ Բերմինսկիի նկատմամբ դատարանը ևս որոշում կայացրեց հարկադրանքի միջոց կիրառելու մասին, իսկ հաջորդ դատական նիստի համար ծանուցումներ ուղարկել դատակոչված ավելի շատ մարդկանց, որպեսզի որևէ անձի բացակայության պարագայում էլ քննությունը շարունակվի։
Մինչ դատարանը կհետաձգեր նիստը, Նարեկ Սամսոնյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ գործը որակելով որպես «վերից վար՝ քաղաքական»։ Քրեական գործը, ըստ Սամսոնյանի, կազմված է մի ցուցմունքի հիման վրա, որն իրականում ինքը չի տվել․ ցուցմունքի տակ գրել է, որ ինքը նման բովանդակության ցուցմունք չի տվել, հրաժարվել է ցուցմունքից, իսկ ինչ վերաբերում է նախաքննական մարմնի պնդմանը, թե ինքն իմացել է, որ սուտ տեղեկություն է տրամադրում, Սամսոնյանը նշեց, որ դա նախաքննական մարմինը պարզել է շուրջ 90 մարդու հարցաքննելուց հետո, ինչպե՞ս ինքը կարող էր դա իմանալ։ Ավելին, Սամսոնյանը գտնում է, որ դատախազը պետք է հրաժարվի մեղադրանքից, քանի որ իրեն հարգող որևէ իրավաբան «նման գործի տակ չի մտնի»։
Հաջորդ դատական նիստը կկայանա դեկտեմբերի 13-ին՝ ժամը 11.30-ին։
Նիստի ավարտից հետո Սամսոնյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում փաստեց, որ այս գործը «ֆուտուրիստական է», սակայն այսօր դատարանը կարևոր որոշում է կայացրել՝ որոշելով հարկադրանքի միջոց կիրառել Նիկոլ Փաշինյանի անվտանգության պետի տեղակալ Հովհաննես Վարդանյանի նկատմամբ։ Նման որոշումը կարող է հույս առաջացնել, որ նույնիսկ նման գործերով չեն լինի իրենց օրենքից վեր դասող անձինք։
Հիշեցնենք, որ Նարեկ Սամսոնյանը 2020 թվականի հունվարի 26-ին «Facebook» սոցիալական ցանցում կատարված գրառմամբ, այնուհետև ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով որպես վկա հարցաքննության ընթացքում տված ցուցմունքով հայտնել է, թե իբր ՀՀ վարչապետը Երևանում գործող ռեստորաններից մեկից գնել է սև ձկնկիթ՝ մեկ կիլոգրամը 3.000 ԱՄՆ դոլար արժողությամբ, որից հետո՝ 2019 թվականի դեկտեմբերին, ՀՀ վարչապետի անվտանգության աշխատակիցներն այցելել են հիշյալ ռեստորան և ցանկացել են ձեռք բերել ևս մեկ կիլոգրամ սև ձկնկիթ՝ գումարը բանկային փոխանցման եղանակով վճարելու պայմանով, սակայն ռեստորանի տնօրինությունն անվտանգության աշխատակիցներին տեղեկացրել է, որ այդ դեպքում սև ձկնկիթի մեկ կիլոգրամը կարժենա 5.000 ԱՄՆ դոլար:
Ըստ Նարեկ Սամսոնյանի՝ այդ մասին տեղեկանալուց հետո ՀՀ վարչապետը որոշել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի միջոցով պատժել հիշյալ ռեստորանին:
ՀՔԾ-ի գնահատմամբ՝ Նարեկ Սամսոնյանը, գիտակցելով իր տրամադրած տեղեկատվության կեղծ լինելը, Հայաստանի Հանրապետության վարչապետի նկատմամբ կատարել է սուտ մատնություն՝ նրան վերագրելով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարում: Ընդ որում՝ նախաքննական մարմինը սուտ մատնություն է որակել ոչ թե Փաշինյանի ընտանիքի կողմից սև ձկնկիթ գնելը, այլ «մարդ ուղարկելը»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում