Պատերազմի ընթացքում սխալները կրկնվում էին անգամ այն պարագայում, երբ փորձագետները հստակ մատնանշում էին դրանք

Պատերազմի ընթացքում սխալները կրկնվում էին անգամ այն պարագայում, երբ փորձագետները հստակ մատնանշում էին դրանք

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, Times․am: «Պատերազմից մեկ տարի անց որքան հետազոտում ենք պատերազմի թեման, հարցերն ավելի շատանում են: Պատասխաններ՝ թե ինչու այդպես եղավ, ինչպես ստացվեց հայկական երկու պետություններն այդպիսի վարքագիծ դրսևորեցին պատերազմում, ցավոք սրտի, չկան»,-«Կորսված հաղթանակ. դավաճանությո՞ւն, թե՞ անգրագիտություն» խորագրով համաժողովին ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Նրա խոսքով, երբ հարց է առաջանում՝ դավաճանությո՞ւն էր, բացթողո՞ւմ էր, թե՞ սխալ հաշվարկ, հայտնի խոսքը պետք է հիշել՝ մի սխալը պատահականություն է, երկորդը՝ զուգադիպություն, երրորդն արդեն օրինաչափություն է:

«Երբ ուսումնասիրում ենք պատերազմից առաջ Հայաստանում տեղի ունեցած զարգացումները, տեսնում ենք, որ սխալները տասնյակներով են եղել: Այս դեպքում արդեն կասկածից դուրս է մնում, որ կարող է ինչ-որ տեղ պատահականություն է եղել, ինչ-որ տեղ սխալ հաշվարկ: Սխալները կրկնվում էին անգամ այն պարագայում, երբ փորձագիտական շրջանակները հստակ մատնանշում էին այդ սխալները, ուրվագծում էին այդ սխալները հետևանքները, բայց բոլոր գնահատականները, առաջարկներն ընկալվում էին իշխանության կողմից որպես նախկին ռեժիմի, սևերի վատ ցանկություն»,- ասաց քաղաքագետը:

Նրա խոսքով, միջազգային հանրությունն էլ էր տեսնում, որ անգամ այն երկրները, որոնք նպաստում էին պատերազմի չվերսկսմանը, ամեն ինչ անում էին պատերազմ չվերսկսվի, ՀՀ իշխանության խոսույթի արդյունքում կորցրել էին հայկական շահը պաշտպանելու հիմքերը, այսինքն նույնիսկ այդ իրավունքն էին կորցրել:

«Եթե մենք նայում ենք Հայաստանի իշխանությունների նախապատերազմյան բոլոր քայլերին՝ բանակում բարեփոխումներ և այլն, տեսնում ենք, որ այդ քայլերից որևէ մեկը որևէ դրական ազդեցություն հետագայում պատերազմի ընթացքի համար չեն ունեցել: Ճիշտ հակառակը՝ ամեն փոփոխություն պատերազմում մեր պարտվելու հերթական պատճառներից մեկն է»,- ասաց Հ.Մելիք-Շահնազարյանը:

Քաղաքագետն ասաց, որ նպատակադրված իրականացված քայլերի փաստերն այնքան շատ են, որ նույնիսկ գիտական մակարդակում դառնում են ուղիղ մեղադրանքի գործող իշխանություններին:

«Կարծում եմ՝ սա օբյեկտիվ իրականություն է, որից մենք չենք կարող խուսափել»,- ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում