Մեհրիբան Ալիևային հանում են ամուսնու դեմ

Ադրբեջանի «Հանուն հայրենիքի ժողովրդական շարժում»-ը հայտարարել է երկրի առաջին տիկին, պատգամավոր Մեհրիբան Ալիեւային նախագահի թեկնածու առաջադրելու մասին: Հայտարարության հեղինակները գտնում են, որ արդեն նախագահի թեկնածու հաստատվածներից շատ քչերն են արժանի այդ պաշտոնին: Այդ պատճառով, ամենաընդունելի թեկնածու շարժումը համարում է Մեհրիբան Ալիեւային:

Ինչպես հաղորդում  «Ազադլըգ» թերթը, հայտարարության մեջ ասվում է, որ հասարակական կարծիքի հարցման արդյունքների համաձայն’ Ադրբեջանում ամենահեղինակավոր եւ նրա խնդիրները լուծելու ունակ գործիչը Մեհրիբան Ալիեւան է:

Շարժումը հավատում է, որ Ադրբեջանի առաջին տիկինը դրականորեն կարձագանքի իրենց այդ նախաձեռնությանը: «Հանուն հայրենիքի ժողովրդական շարժումը» այս տարվա հուլիսին հիմնադրվել է «Թովբե» (Խոստովանանք) կրոնական միության, «Իմամ Հուսեյին» մզկիթի համայնքի եւ Աբդուլ Աբդուլզադեի (հաջի Աբդուլ) կողմից: Բացի դրանից, շարժման մեջ են մտնում նաեւ «Բաքու-վերածնունդ» միավորումը, «Ադրբեջանի առաջավոր դաշինք» եւ այլ հասարակական կազմակերպություններ:

Մեհրիբան Ալիեւայի թեկնածությունը առաջիկա նախագահական ընտրություններում, որն Ադրբեջանում պետք է անցկացվի հոկտեմբերի 9-ին, ավելի վաղ առաջադրել էր նաեւ Ադրբեջանի աշխարհիկ եւ դեմոկրատական կուսակցությունը եւ այդ կուսակցությունից անջատված անհատ Սեվդա Խուրշուդովան, ինչը Մեհրիբան Ալիեւան անարձագանք էր թողել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում