Աուրելիա Գրիգորիուն կպարգեւատրվի «Հեյդար Ալիեւ» ոսկե մեդալով

Ադրբեջանի «Հեյդար Ալիեւ» հիմնադրամը հայտարարել է, որ Մոլդովայի խորհրդարանում մարդու իրավունքների պաշտպան, փաստաբան Աուրելյա Գրիգորիուին պարգեւատրել է «Հեյդար Ալիեւ» ոսկե մեդալով` «թյուրքալեզու պետությունների քաղաքականությանն աջակցելու, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում արժանիքների եւ Ադրբեջանի իրողություններն ամբողջ աշխարհում առաջ տանելու համար»: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-երը:

«Հեյդար Ալիեւ» մրցանակն Ադրբեջանը շնորհում է «այն կարկառուն գործիչներին, որոնք նպաստել են թյուրքալեզու ազգերի բարեկամությանը, ներդրում են ունեցել թյուրքալեզու պետությունների տնտեսության, սոցիալ-քաղաքական, մշակութային զարգացման գործում»:

Տարբեր ժամանակներում այդ մեդալին արժանացել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, ղրղըզ գրող եւ հասարական գործիչ Չինգիզ Այթմաթովը, Ղրղզստանի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիեւը, Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը:

Մրցանակը Աուրելիա Գրիգորիուին կհանձնվի պետական ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, մոտակա ժամանակում Բաքվում կայանալիք հանդիսավոր արարողությանը:

Մոլդովայի օմբուդսմենը հուլիսի 4-ին Հայաստանի խորհրդարանում անցկացված միջազգային կոնֆերանսում ունեցած ելույթում հայտարարել էր, թե «Հայաստանը զավթել է Ադրբեջանի 20 տոկոս տարածքը եւ ցեղասպանություն իրականացրել ադրբեջանցիների նկատմամբ»:

Այս հայտարարությունը բացասական արձագանքի էր արժանացել ինչպես Հայաստանում, այնպես էլ Մոլդովայում: Բազմաթիվ հասարակական քաղաքական գործիչներ դատապարտել են Գրիգորիուի այդ հայտարարությունը’ գնահատելով այն սադրիչ եւ ուղղված իրադրության սրմանը տարածաշրջանում:

Մոլդովայի մարդու իրավունքների «պաշտպանի» այդ «քաջարի»’ անբարո գործունեությունը Հայաստանում, միանշանակ, Ադրբեջանի «խավիարային դիվանագիտության» արդյունք է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում