Գերությունից եկած զինծառայողներից մեկին կալանավորելու միջնորդությունը մերժվել է,մյուսինը՝ բավարարվել

Գերությունից եկած զինծառայողներից մեկին կալանավորելու միջնորդությունը մերժվել է,մյուսինը՝ բավարարվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, Times․am: Դեկտեմբերի 4-ին Ադրբեջանական գերություներից Հայաստան վերադարձված, այժմ արդեն՝ մեղադրյալի կարգավիճակ ունեցող զինծառայողներից Ն. Ե.-ին կալանավորելու վերաբերյալ նախաքննական մարմնի կողմից ներկայացված միջնորդությունը դատարանը մերժել է: Այս մասին NEWS.am-ին հայտնել է նրա պաշտպան Կարմեն Պողոսյանը՝ հավելելով, որ դատարանը մեղադրյալի նկատմամբ այլ խափանման միջոց ընտրելու հարցի լուծումը թողել է վարույթն իրականացնող մարմնի հայեցողությանը:

«Նարեկը հիմա ազատության մեջ է: Քանի որ այժմ նախաքննություն է ընթանում, քրեական գործի մանրամասների եւ առաջադրված մեղադրանքի մասին խոսել չեմ կարող: Մեղադրանքը նոր է առաջադրվել, վկայով են հարցաքննվել, ցուցմունք տվել, հետո կասկածյալով հրաժարվել է իմ պաշտպանյալը, իսկ մեղադրանք առաջադրվելուց հետո, կարելի է ասել, լրացուցիչ ցուցմունք է տվել: Նախաքննական մարմինը նորից կալանավորելու միջնորդություն չի կարող ներկայացնել, պետք է արդեն խափանման այլ միջոց ընտրվի՝ ստորագրության կամ գրավի տեսքով, այդ հարցը դեռ չի քննարկվել»,- հայտնել է պաշտպանը, ապա հավելել, որ դատարանը մեղադրյալի կարգավիճակ ունեցող մեկ այլ զինծառայողի՝ Ս. Ա.-ին, կալանավորելու միջնորդությունը բավարարել է:

Մեղադրյալի կարգավիճակ ունեցող մյուս 3 զինծառայողներին կալանավորելու միջնորդությունների առնչությամբ տեղեկատվություն դեռեւս առկա չէ:

Ավելի վաղ՝ դեկտեմբերի 4-ին, ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանը Հայաստանին էր փոխանցել նոյեմբերի 16-ին ՀՀ արևելյան սահմանագոտում տեղի ունեցած մարտերի ժամանակ գերեվարված 10 հայ զինծառայողի, որոնց ՌԴ ՊՆ ինքնաթիռով Երևան էր տեղափոխել գեներալ Ռուստամ Մուրադովը: Ըստ ՀՀ ՔԿ մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանի՝ դեկտեմբերի 4-ին Հայաստան վերադարձված 10 գերիից 5-ին մեղադրանք է առաջադրվել, նրանց կալանավորելու միջնորդություններ են ներկայացվել դատարան։

Զինծառայողներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում