Բրազիլիայից 600.000 դոլարի կոկաին են փորձել ներկրել Հայաստան. տեսանյութ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, Times․am: ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված հետևողական հսկողական աշխատանքների արդյունքում բացահայտվել է թմրամիջոցի առանձնակի խոշոր քանակի մաքսանենգության դեպք: Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության, Արևմտյան մաքսատուն-վարչության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված համատեղ միջոցառումների արդյունքում մաքսային հսկողության է ենթարկվել Սան Պաուլո-Դուբայ-Երևան ավիաչվերթով Երևանի «Զվարթնոց» օդանավակայան ժամանած Բրազիլիայի Դաշնային Հանրապետության քաղաքացին և վերջինիս ուղեկցող ուղեբեռը:
Հայաստան ժամանած քաղաքացու ուղեբեռի մաքսային զննման արդյունքում հայտնաբերվել է «կոկաին» տեսակի թմրամիջոցի սպիտակ փոշենման զանգվածների պարունակությամբ 2 փաթեթ: Դրանք թաքցված են եղել նրա ուղեբեռի ներքին հատվածներում նախապես պատրաստված թաքստոցներում: Մաքսային զննման արդյունքում հայտնաբերված «կոկաին» տեսակի թմրամիջոցի զանգվածների ընդհանուր քաշը կազմել է 1721 գրամ: Այս խմբաքանակի շուկայական արժեքը կազմում է ավելի քան 600.000 ԱՄՆ դոլար:
Փաստի առթիվ, կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում նախապատրաստվել են նյութեր, իսկ օտարերկրացին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել ՊԵԿ քննչական վարչություն: Բրազիլիայի Դաշնային Հանրապետության քաղաքացին ձերբակալվել է: ՀՀ քրեական օրենսգրքի 267․1 հոդվածի 1-ին մասով և 266-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ :
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից շարունակվում է համապատասխան միջոցառումների անցկացումը` գործի հետ առնչություն ունեցող հնարավոր այլ անձանց շրջանակը պարզելու նպատակով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում