«Flyone Armenia» ընկերությունը Երևան-Ստամբուլ-Երևան թռիչքներ իրականացնելու թույլատվության համար դիմել է ՀՀ քաղավիացիային

«Flyone Armenia» ընկերությունը Երևան-Ստամբուլ-Երևան թռիչքներ իրականացնելու թույլատվության համար դիմել է ՀՀ քաղավիացիային

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, Times․am: «FLYONE ARMENIA» ընկերությունը Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով չարտերային թռիչքներ իրականացնելու թույլատվության համար դիմել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտե, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը։

Ընկերությունն ավելի վաղ նույն հայտով դիմել էր թուրքական ավիացիոն իշխանություններին։

Արամ Անանյանը միաժամանակ տեղեկացրել էր, որ թռիչքների մեկնարկի ժամկետների և այլ մանրամասների մասին ընկերությունը կտեղեկացնի առանձին։

Ինչ վերաբերում է «FLYONE ARMENIA» ընկերությանը հարկային կամ այլ տեսակի արտոնություններին, ապա այդպիսիք, նրա խոսքով, չեն տրամադրվել։

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի՝ մամուլի հարցերով օգնական Լիլիթ Աղաբեկյանն էլ մինչ այս տեղեկացրել էր, որ ո՛չ հայկական, ո՛չ թուրքական ավիաընկերությունների կողմից հայտեր չեն ստացել Երևան-Ստամբուլ-Երևան թռիչքներ իրականացնելու համար։

Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցներն էին հայտնել, որ Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով չարտերային թռիչքներ կիրականացնի ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «FLYONE ARMENIA» ավիաընկերությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում