«Մանթաշով» ակումբի կին գործարարները կարևորում են առողջությունը

«Մանթաշով» ակումբի կին գործարարները կարևորում են առողջությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, Times․am: «Մանթաշով» ակումբի կանայք՝ իրենց ոլորտում կայացած, հաջողակ գործարարներ, որոշեցին իրենց «Բիզնես նախաճաշ» ֆորմատի հանդիպման ընթացքում անդրադառնալ կնոջ առողջությանը։

Կնոջ ֆիզիկական առողջությունը չափազանց կարևոր գործոն է ընտանիքի, հասարակության, բիզնես միջավայրի բնականոն զարգացման ու բարեկեցության համար։ Առողջությունը հիմք է կշռադատված որոշումների, հավակնոտ նախաձեռնությունների իրականացման, հետևաբար և նոր զարգացումների համար։ Հենց այս երևույթը կարևորելով էին կանայք միավորվել առողջության մասին զրույցների շուրջ՝ արտաքին գրավչությունից, գեղեցկության չափանիշներից, էսթետիկ միջամտությունների ու առողջության եզրերից մինչև բարդ բուժվող հիվանդություններ։

Հանդիպմանը հյուր էին հրավիրել բժշկական գիտությունների թեկնածու, գինեկոլոգ-սոնոգրաֆիստ Տաթևիկ Ղորուխչյանին։ Նա ներկայացրեց մեր օրերում կնոջը սպառնացող ամենատարածված հիվանդությունները, դրանց կանխարգելման հնարավորություններն ու բուժման տարբերակները։ Խիստ կարևորվեց կենսակերպը՝ սնունդը, շարժունակությունը, անխուսափելի սթրեսները։ Հենց դրանց առկայությամբ էլ պայմանավորված են ներկայիս ոչ վարակիչ հիվանդությունների զգալի մասը։ Բժշկուհու խոսքով՝ նույնիսկ ամենածանր հիվանդությունների բարդությունները հնարավոր է կանխել, երբ դրանք վաղ են հայտնաբերվում։

Հատկանշական է, որ մտերմիկ զրույցի արդյունքում բիզնես-կանայք որոշեցին առավել մեծ ուշադրություն դարձնել կենսակերպին՝ ժամանակ հատկացնել ֆիզիկական ակտիվությանը, իսկ որոշները՝ նաև սննդակարգն ու սովորությունները վերանայել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում