Բրիտանական նավատորմն սկսել է պատրաստվել Սիրիային հարված հասցնելուն

Մեծ Բրիտանիայի ռազմածովային նավատորմն սկսել է պատրաստվել Սիրիայի դեմ ԱՄՆ-ի հետ համատեղ ռազմական գործողությանը, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Telegraph-ին:

Ինչպես գրում է հրատարակությունը, վկայակոչելով Մեծ Բրիտանիայի կառավարության աղբյուրներ, երկրի իշխանությունները պլանավորում են միանալ ԱՄՆ-ի գործողություններին եւ մոտ ժամանակներս ռազմական գործողություն իրականացնել Սիրիայում: Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնի եւ ԱՄՆ-ի իշխանությունների միջեւ բանակցությունները շարունակվում են եւ համաձայնության ձեռք բերվելու դեպքում ռազմական գործողությունը կարող է սկսվել արդեն հաջորդ շաբաթվա ընթացքում:

Քեմերոնը եւ Օբաման շաբաթ օրը կայացած 40-րոպեանոց հեռախոսազրույցի ընթացքում լուրջ անհանգստություն են հայտնել օգոստոսի 21-ին տեղի ունեցածի կապակցությամբ: Երկու ղեկավարները համակարծիք են եղել, որ «առկա են այն բանի ավելի ու ավելի շատ նշաններ, որ այդ քիմիական գրոհը ձեռնարկվել է սիրիական ռեժիմի կողմից», հաղորդել է Դաունինգ-սթրիթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում