ՆԱՏՕ-ն Սիրիայի դեմ գործողություն սկսելու վերաբերյալ երկմտում է

ՆԱՏՕ-ի անդամ երկրները դեռեւս վերջնական որոշում չեն ընդունել այն բանի վերաբերյալ, թե կոնկրետ ինչ քայլեր պետք Է ձեռնարկվեն Սիրիայի դեմ օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձանում թունավոր նյութերի կիրառման միջադեպի կապակցությամբ: Այդ մասին հայտնել Է Միացյալ Թագավորության կառավարության ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ «գործողությունների վերջնական տարբերակ դեռեւս չի ընդունվել»: Կառավարության ներկայացուցիչը նշել Է նաեւ, որ «այսօր լույս տեսած բրիտանական թերթերն դրամատիկ գույներով են ներկայացնում իրադրությունը»:

Մասնավորապես, The Telegraph-ը գրել Է, որ Մեծ Բրիտանիայի ռազմածովային նավատորմն սկսել է պատրաստվել Սիրիայի դեմ ԱՄՆ-ի հետ համատեղ ռազմական գործողությանը: Հրատարակությունը, վկայակոչելով Մեծ Բրիտանիայի կառավարության աղբյուրներ, նշում Է, որ երկրի իշխանությունները պլանավորում են միանալ ԱՄՆ-ի գործողություններին եւ մոտ ժամանակներս ռազմական գործողություն իրականացնել Սիրիայում: Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնի եւ ԱՄՆ-ի իշխանությունների միջեւ բանակցությունները շարունակվում են եւ համաձայնության ձեռք բերվելու դեպքում ռազմական գործողությունը կարող է սկսվել արդեն հաջորդ շաբաթվա ընթացքում:

Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը պաշտպանել են նաեւ Ֆրանսիայի ԱԳ նախարարությունում: Արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը, ի պատասխան Դամասկոսի կողմից ընդդիմության դեմ իբր քիմիական զենքի օգտագործման, հայտարարել Է, որ Սիրիայի դեմ ուժի հնարավոր կիրառման վերաբերյալ ոչ մի որոշում դեռ չի ընդունվել»: «Համապատասխան արձագանքը կհետեւի, եւ դրա մասին որոշում կընդունվի առաջիկա օրերին»,-ասել Է նա «Եվրոպա-1» ռադիոյին տված հարցազրույցում:

Ֆրանսիայի ԱԳ նախարարն ընդգծել Է, թե որպես պատասխան միջոց արեւմտյան երկրները կքննարկեն «բոլոր տարբերակները»:

«Միակ բանը, որը մենք չենք դիտարկում, ոչ մի միջոց չձեռնարկելն Է»,-հայտարարել Է նա:

Իր հերթին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել Է, որ Սիրիայում քիմիական զենքի կիրառման վերաբերյալ պնդումների հետաքննությունը չի կարելի հետաձգել ոչ մի ժամով: «Թանկ է ամեն մի ժամը: Մենք չենք կարող թույլ տալ նոր ձգձգումներ»,- ասել է նա: «Ես պահանջում եմ, որ բոլոր կողմերը թույլ տան առաքելությանը կատարելու իրենց աշխատանքը, որպեսզի մենք կարողանանք պարզել փաստերը: Փորձագետների խումբը պետք է հնարավորություն ունենա իրականացնելու ամբողջական ու մանրակրկիտ հետաքննություն: Ես լիովին վստահում եմ նրանց որակավորմանը, պրոֆեսիոնալիզմին եւ անաչառությանը»,- ընդգծել է գլխավոր քարտուղարը:

Օգոստոսի 26-ին ՄԱԿ-ի փորձագետների խումբը մեկնել Է Դամասկոսի մերձակայքում ենթադրվող քիմիական գրոհի վայր: Շաբաթ օրը Սիրիայի պետական ԶԼՄ-ները հայտարարել էին, որ Դամասկոսի արվարձանում հայտնաբերվել է քիմիական զենքի պահեստ, որը պատկանում էր խռովարարներին:

«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության տվյալներով՝ Սիրիայում նեյրոտոքսիկոզի նշաններով հիվանդանոցներ է դիմել ավելի քան երեք հազար մարդ: Նրանցից 355-ը մահացել են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում