Ադրբեջանը շարունակում է Արցախի խաղաղ բնակչությանն ահաբեկելը. Արցախի ԱԱԾ․ տեսանյութ

Ադրբեջանը շարունակում է Արցախի խաղաղ բնակչությանն ահաբեկելը. Արցախի ԱԱԾ․ տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, Times․am: 2020թ. նոյեմբերի 9-ից հետո ադրբեջանի հատուկ ծառայությունները իրենց ողջ ներուժն ուղղել են համացանցային հնարավորությունների կիրառմամբ կիբերհարձակումների ու արցախցիներին սոցիալական ցանցերում տարբեր դավադիր գործընթացների մեջ ներգրավելուն ուղղված գործողությունների կազմակերպմանն ու իրագործմանը: Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել Արցախի ԱԱԾ-ն:

«2020 թվականի 44-օրյա պատերազմը աննկարագրելի արհավիրք էր Արցախի Հանրապետության քաղաքացիների համար, ու թեև 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո ակտիվ ռազմական գործողությունները դադարեցվել են, այդուհանդերձ Ադրբեջանը չի հրաժարվել իր նենգ ծրագրերից ու շարունակում է Արցախի Հանրապետության խաղաղ բնակչությանն ահաբեկելուն, արցախցիների մեջ պլանավորված խուճապ ձևավորելուն և այն պահպանելուն ուղղված քայլերը:

2020թ. նոյեմբերի 9-ից հետո ադրբեջանի հատուկ ծառայությունները իրենց ողջ ներուժն ուղղել են համացանցային հնարավորությունների կիրառմամբ կիբերհարձակումների ու արցախցիներին սոցիալական ցանցերում տարբեր դավադիր գործընթացների մեջ ներգրավելուն ուղղված գործողությունների կազմակերպմանն ու իրագործմանը:

Հատկանշական է, որ այդ մեթոդներն ու հնարքները պարբերաբար փոփոխվում, կատարելագործվում են: Սկզբում հայկական համացանցային տիրույթից պատճենվել են Ստեփանակերտի ու Արցախի Հանրապետության հանրաճանաչ այլ վայրերից տեսարաններ և ադրբեջաներեն տեքստերի ուղեկցությամբ վերահրապարակվել՝ այդ կերպ արցախցիների մոտ փորձելով ձևավորել անպաշտպանության զգացողություն և ադրբեջանցիների կողմից Արցախի Հանրապետության տարածք ազատորեն ներթափանցելու տպավորություն: Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից այդ տեսանյութերի կեղծ ու բեմականացված լինելը բացահայտելուց հետո կատարվել է հանրային գիտակցության վրա ներազդելու մեթոդի փոփոխություն և նորացում:

Ամենատարբեր միջոցներով շահագրգռելու և տարբեր պատճառաբանություններով համոզելու եղանակով սոցիալական ցանցերի արցախցի օգտատերերից ձեռք են բերվել Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակի, «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի և այլ վայրերի լուսանկարներ կամ նույն վայրերում կատարված տեսանկարահանման արդյունքներ և կրկին ադրբեջաներեն խոսակցության ուղեկցմամբ հրապարակվել: Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից այդօրինակ դեպքերը բացահայտելուց և դրանց ծագման աղբյուրները մերկացնելուց հետո ադրբեջանական հատուկ ծառայությունները կրկին վերափոխել են գործողությունների բնույթը: Այս անգամ որպես թիրախ սկսել են ընտրվել ոչ միայն քաղաքացիական անձինք, այլև զինծառայողները, որոնց հետ Ֆեյսբուք, Վկոնտակտե, Թելեգրամ և սոցիալական այլ ցանցերում բացված կեղծ ու գայթակղիչ էջերով տևական ժամանակ շփվելուց և կապ ձևավորելուց հետո ձեռք են բերվել անձնական տվյալներ՝ անձնագրի, զինվորական գրքույկի լուսանկարներ, վարել ինտիմ բնույթի ու անպարկեշտ արտահայտություններ պարունակող գրագրություն, ստացել մարմնի տարբեր մասերի լուսանկարներ, որից հետո դրանք հրապարակելու սպառնալիքի գործադրմամբ մեր քաղաքացուն դարձրել սեփական պահանջները բավարարելու գործիք:

Անձնական տվյալների և պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող տեղեկությունների հրապարակման վտանգի ռիսկով շղթայված անձանցից հետագայում փորձ է արվել ստանալ Արցախի Հանրապետության տարբեր վայրերի լուսանկարներ, զորամասերի տեղակայման վայրերի, սպառազինության մեջ մտնող զենքի ու զինամթերքի տեսակի և քանակի վերաբերյալ տեղեկություններ:

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը պարբերաբար և յուրաքանչյուր նմանատիպ դեպք ի հայտ բերելու պահին ոչ միայն հանրությանը տրամադրել է անհրաժեշտ տեղեկություններ, այլև ներկայացրել հանրության գիտակցության և տրամադրությունների վրա ազդեցության ադրբեջանական ձեռագիրն ու հնարքները՝ դրանց տիրապետելու և հնարավոր դրսևորումներից պաշտպանվելու համար, այդուհանդերձ շարունակում են գտնվել անձինք, ովքեր դառնում են նման գործողությունների զոհ և միաժամանակ Արցախի ներքին անվտանգությանն ուղղված սպառնալիքների իրագործման գործիք:

Նմանատիպ դեպքերից խուսափելու նպատակով Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կրկին հորդորում է սոցիալական ցանցերում զերծ մնալ կասկածելի օգտատերերի հետ շփումներից, անձնական բնույթի տեղեկություններ, լուսանկարներ կամ տեսանյութեր, Արցախի Հանրապետության անվտանգությանն առնչվող տեղեկություններ փոխանցելուց, իսկ նման իրավիճակում հայտնվելու դեպքում անմիջապես իրազեկել մեզ:

Ցուցաբերելով բարձր քաղաքացիական գիտակցություն և կարգապահություն՝ մենք ոչ միայն հակառակորդին կզրկենք արցախահայության նկատմամբ թշնամական գործողություններ ծավալելու հնարավորությունից, այլև կունենանք առավել պաշտպանված ու անվտանգ հասարակություն», – նշված է հայտարարությունում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում