Թագուհի Թովմասյանը հայ ռազմագերիների վերադարձի ձգձգման խնդրով դիմել է ԵԱՀԿ գործող նախագահին

Թագուհի Թովմասյանը հայ ռազմագերիների վերադարձի ձգձգման խնդրով դիմել է ԵԱՀԿ գործող նախագահին

Այսօր, ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների և Հանրային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, իր լիազորությունների շրջանակում, հրատապ կարգով դիմել է ԵԱՀԿ գործող նախագահ` Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուին և Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Վիորել Մոսանուին՝ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների անհապաղ վերադարձի հարցով։ Թագուհի Թովմասյանը ԵԱՀԿ նախագահի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների վերադարձի խնդրի հետևողական քաղաքականացման և նոր նախապայմանների առաջ քաշման անընդունելիությունը։

Ուղերձի մեջ մասնավորապես ասվում է․
«Հարգելի պարոն Նախագահ

Սույն գրությամբ ցանկանում եմ Ձեզ իրազեկել, որ 2020 թվականի 44-օրյա Արցախյան պատերազմից 3 տարի անց Հայաստանի հանրապետության համար ռազմագերիների վերադարձի հարցը դեռևս շարունակում է մնալ ամենահրատապ խնդիրը, որն անհապաղ լուծում է պահանջում: Ստեղծված իրավիճակում, առանց միջազգային գործընկերների կոշտ արձագանքի, մենք իրական տեղաշարժ չենք կարող ապահովել։

Հայտնի է, որ ռազմագերիների վերադարձը ձգձգելը, մարդկանց պահելը քաղաքական ու ռազմական առևտրի նպատակով պատերազմական հանցագործություն է համարվում, մինչդեռ Ադրբեջանը մինչ օրս ոչ միայն չի վերադարձնում, այլև քաղաքականացնում է ռազմագերիների վերադարձի հարցը, առաջ քաշում նոր նախապայմաններ:

Ադրբեջանը, կոպտորեն ոտնահարելով միջազգային մարդասիրական իրավունքով ողջ միջազգային հանրության հանդեպ ստանձնած պարտավորությունները, խախտելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կիրառված միջանկյալ միջոցների պահանջները՝ թաքցնում է իր վերահսկողության ներքո գտնվող հայ ռազմագերիների և ներկալված քաղաքացիական անձանց իրական թիվը և անթույլատրելի կերպով ձգձգում է նշված անձանց, այդ թվում՝ կանանց անհապաղ հայրենադարձման մարդասիրական գործընթացը։
Ավելին, Ադրբեջանը անցկացնում է արհեստական դատավարություններ, գերեվարվածներին անմարդկային կտտանքների ենթարկում՝ ռասսայական և կրոնական հողի վրա։ Ադրբեջանը շինծու քրեական հետապնդման ապօրինի գործընթաց նախաձեռնելով՝ փորձում է զրկել իր վերահսկողության ներքո գտնվող հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց Ժնևի կոնվենցիաներով սահմանված կարգավիճակից՝ չտրամադրելով վերջիններիս նշված կոնվենցիաներով նախատեսված իրավունքները, արտոնությունները և այլ երաշխիքները:
Ցանկանում եմ հիշեցնել, որ «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» 1949 թ. օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիայի 118-րդ հոդվածի համաձայն՝ «Ռազմագերիներն ազատվում և հայրենադարձվում են անմիջապես ակտիվ ռազմական գործողությունները դադարեցվելուց հետո»: «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» 1949 թ. օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիայի հոդված 113-ի 1-ին մասը սահմանում է նաև, որ «Ներկալումը պետք է դադարի որքան հնարավոր է շուտ՝ ռազմական գործողություների ավարտից հետո»:

«Բռնությամբ անհետացած անձանց պաշտպանության մասին» 2007թ. փետրվարի 6-ի միջազգային կոնվենցիան սահմանում է, որ՝ Ոչ ոք չպետք է ենթարկվի բռնությամբ անհետացման, նույնիսկ պատերազմական իրավիճակում: Գերիների առկայության փաստի ժխտումը կամ անհետացած անձի ճակատագրի կամ գտնվելու վայրի մասին տեղեկությունները թաքցնելը համարվում է միջազգային հանցագործություն:

Հաշվի առնելով վերոնշյալ բոլոր հանգամանքները և ցցուն փաստարկները՝ ակնկալում եմ, որ
Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը՝ Ձեր գլխավորությամբ, քաղաքական լուրջ ճնշումներ կգործադրի, որպեսզի Ադրբեջանը հարգի իր միջազգային պարտավորությունները: Ադրբեջանցի զինվորականների կողմից գերեվարված հայ զինծառայողները և քաղաքացիական անձինք պետք է անհապաղ ազատ արձակվեն և վերադարձվեն Հայաստան: Դա պետք է արվի առանց որևէ նախապայմանի»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում