Թալինում ճգնաժամը շարունակվում է, համայնքի ղեկավարման հարցը դեռևս անորոշ է
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, Times․am: Թալին քաղաքի տարածքային ընտրական հանձնաժողովը «Հայք» կուսակցության ավագանու թեկնածու Գագիկ Ավետիսյանին է փոխանցել ավագանու անդամի մանդատը, իսկ այս հարցով դատական նիստը հետաձգվել է։ Այս մասին 24News-ին ասաց «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության ղեկավար, Փաստաբանական դպրոցի տնօրեն Արա Զոհրաբյանը։
Թալին խոշորացված համայքնում դեկտեմբերի 17-ին ավագանու ձայների մեծամասնությամբ համայնքապետ էր ընտրվել ՔՊ-ական Տավրոս Սափեյանը, որը քվորում չլինելու պատճառով մինչ օրս չի երդվել՝ ստանձնելու համար լիազորությունները։ Դեկտեմբերի 17-ին ինչ-որ ճնշումների հետևանքով «Հայք» կուսակցության ցուցակը գլխավորող Կարեն Գրիգորյանը քվեարկել էր Սափեյանի օգտին, հունվարի 17-ին՝ ավագանու մանդատից հրաժարվելու դիմում ներկայացրել։
Տարածքային ընտրական հանձնաժողովը սկզբում հրաժարվում էր մանդատը փոխանցել Ավետիսյանին՝ պատճառաբանելով, որ Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու մասին արձանագրություն չի կազմվել։ Իսկ արդեն հունվարի 29-ին կազմված արձանագրությամբ՝ ՏԸՀ-ը հիմք է ընդունել Թալինի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի արձանագրությունն ու մանդատը տալու մասին արձանագրություն կազմել։
Համագործակցության հուշագիր ստորագրած «Զարթոնք», «Հայք» և «Մեր համայնքը» խմբակցությունները դատական հայց էին ներկայացրել ՏԸՀ-ի դեմ՝ ավագանու անդամի մանդատը փոխանցելու պահանջով, որի վերաբերյալ նիստը նշանակված էր փետրվարի 4-ին։ «Նիստը հետաձգվել է, ՏԸՀ-ն նաև դատարան էր բերել արձանագրություն, որ մեր իրավունքը բավարարել են», – նշեց Զոհրաբյանը։
«Նույն ՔՊԿ առաջնորդը [Նիկոլ Փաշինյանը] Երևանի վերաբերյալ իր խոսքի մեջ նշել էր, որ համայնքի ղեկավարը պետք է լինի մեծամասնության կողմից։ Դա ճիշտ մոտեցում է այն առումով, որ եթե ավագանու մեծամասնությունը քո հետ չէ, բնականաբար դու չես կարող նորմալ կառավարել համայնքը։ Թալին համայնքի ավագանու մեծամասնությունը ՔՊԿ-ի ներկայացուցիչները չեն, և իրենց իսկ գործի և խոսքի միջև հակասություն կա։ Համայնքի կառավարման իրականացումը պետք է որոշվի երեք խմբակցությունների կողմից։ Մոտ ժամանակներում, կարծում եմ, դրա վերաբերյալ հստակ դիրքորոշում կունենանք, հայտարարություն կհետևի», – ընդգծեց Զոհրաբյանը։
Նա ասաց, որ Տավրոս Սափեյանը շատ վատ վիճակում է հայտնվել, որովհետև լիազորություն չունի։ «Այս պահին Թալինում տեղի ունեցող գործընթացներն իրավական լուրջ խնդիրներ ունեն, որովհետև մոտ 29 համայնք միավորվել է մեկ համայնքի մեջ, այդ համայնքների ղեկավարների և ավագանիների լիազորությունները դադարեցված են, իսկ միասնական համայնքը դեռևս չի կազմավորվել։ Օրինակ՝ Թալինի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը դեռ խոշորացված Թալինի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը չէ, բայց այսօր փաստացի լիազորություններ է իրականացնում, թղթեր է ստորագրում, որի իրավունքը չունի։ Նույն հաջողությամբ Մաստարայի աշխատակազմի քարտուղարը կարող է իրեն համարել աշխատակազմի քարտուղար», – եզրափակեց Արա Զոհրաբյանը։
Տավրոս Սափեյանը 24News-ին ասաց, որ փորձում են հաշտության եզրեր գտնել մյուս ուժերի հետ՝ համայնքապետարանի աշխատանքը կազմակերպելու համար։ ««Զարթոնքը», «Հայք» լիբերալ կուսակցությունը չէ։ Ինչ վերաբերում է համայնքապետարանի գործունեությանը, մենք միայն չենք կարող վարչական ղեկավարներ նշանակել, որովհետեւ օրենքի լիազորություն չունենք, իսկ մնացած գործընթացն իր հունով գնում է, մենք նախկին ձևով աշխատում ենք, սպասում ենք, հիմա բանակցությունների մեջ ենք։ Ու հուսով եմ, որ լավ է լինելու», – ընդգծեց նա։
«Երդմնակալության արարողությունը լինելու է, որովհետեւ ինչքան էլ ընդդիմադիր-դիմադիր խաղանք, վերջը տուժելու է ժողովուրդը։ Պետք է հարցին լուծում տանք, ճիշտ է մի քիչ ձգձգվեց, հնչեղություն ունեցավ, բայց պետք է հարցի լուծումը տանք, այդ հարցը կազմակերպենք։ Չգիտեմ ովքեր ինչ կուսակցության ղեկավար լինելով, Թալին աշխարհում չբնակվելով, Երևանում դիվիդենտներ շահելով՝ ուզում են ինչ-որ բաներ անել, չի ստացվի», – եզրափակեց Սափեյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում