Ուկրաինան շտապ հանդիպում է պահանջում Ռուսաստանի հետ

Ուկրաինան շտապ հանդիպում է պահանջում Ռուսաստանի հետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, Times․am: Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Ուկրաինայի իշխանությունները հանդիպում են պահանջում ՌԴ-ի եւ ԵԱՀԿ Վիեննայի փաստաթղթի մյուս անդամ պետությունների հետ, քանի որ Ռուսաստանը չի պատասխանել ռազմական գործունեության մասին տեղեկատվության տրամադրման վերաբերյալ Կիեւի հարցմանը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն

Ավելի վաղ Ուկրաինայի ԱԳ նախարարն ասել էր, որ Կիեւը ՌԴ-ից պարզաբանումներ է պահանջել՝ Ուկրաինայի տարածքին հարող շրջաններում ռազմական գործունեության վերաբերյալ:

Նա նաեւ նշել էր, որ Կիեւը ՌԴ-ից պատասխան է սպասում 48 ժամվա ընթացքում՝ ռազմական գործունեության շրջանների եւ զինվորականների թվաքանակի մասին տեղեկատվությամբ:

«Ռուսաստանը չի պատասխանել Վիեննայի փաստաթղթի մասով մեր հարցմանը։ Մենք անում ենք հաջորդ քայլը. Ուկրաինան առաջիկա 48 ժամվա ընթացքում հանդիպում է պահանջում ՌԴ-ի եւ Վիեննայի փաստաթղթի բոլոր մասնակից պետությունների հետ՝ քննարկելու մեր սահմանի երկայնքով եւ ժամանակավորապես օկուպացված Ղրիմում ՌԴ զորքերի ուժեղացումն ու տեղափոխումը: Եթե Ռուսաստանը լրջորեն է վերաբերվում ԵԱՀԿ տարածքում անվտանգության անբաժանելիության մասին իր խոսքերին, նա պետք է կատարի ռազմական թափանցիկության իր պարտավորությունները՝ լարվածությունը նվազեցնելու եւ բոլոր մասնակից պետությունների համար անվտանգության ամրապնդման համար»,-գրել է Կուլեբան թվիթերյան իր էջում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում