Հարավային Կորեայում Ադրբեջանին ռազմական տեխնիկա վաճառելիս երկմտել են

Ադրբեջանը մտադիր է Հարավային Կորեայից ժամանակակից սպառազինություն, այդ թվում’ սուզանավեր գնել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է հարավկորեական Hankook Ilbo պարբերականը’ հղում կատարելով Հարավային Կորեայի խորհրդարանի իր աղբյուրին: Ըստ տեղեկատվության’ ռազմական տեխնիկայի ձեռքբերման նման հետաքրքրություն հնչել է Հարավային Կորեայի խորհրդարանակնների պատվիրակության վերջերս Բաքու կատարած այցի ժամանակ:

«Ադրբեջանը ցանկություն է հայտնել Կորայից ձեռք բերել ընդհանուր առմամբ 3 մլրդ դոլար արժողությամբ երկու սուզանավ, ռազմանավ, տրանսպորտային նավ, գերձայնային մարզչական T-50 ինքնաթիռներ, 155 մմ տրամաչափի ՍԱՈւ Կ-9 սարքավորումներ, ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր, կրակի ղեկավարման համակարգեր եւ այլն», -ասվում է հաղորդագրության մեջ’ նշելով, որ այդ առաջարկները հասցվել են Հարավային Կորեայի կառավարության ուշադրությանը, սակայն, կորեական կողմը դեռեւս չի տվել գարծարքի համար իր համաձայնությունը:

Պարբերականի կարծիքով’ Կորեայում վախենում են, որ նման խոշոր խմբաքանակի զենքի մատակարարումը կարող է տարածաշրջանում բերել ուժերի հավասարակաշռության փոփոխությանը: Հարավային Կորեայի ԱԳՆ-ն Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը խորհուրդ է տվել «առանձնահատուկ զգուշավորություն եւ զսպվածություն ցուցաբերել» որոշում ընդունելու ժամանակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում