ՀՅԴ երիտասարդներին բերման են ենթարկել ադրբեջանցիների դեմ ակցիա անելու համար․ տեսանյութ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, Times․am: Հանրապետության հրապարակից ադրբեջանցի պատգամավորների Երեւան այցելելու դեմ բողոքի ակցիա իրականացնելիս ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության մոտ 20 անդամ է բերման ենթարկվել՝ բավական բիրտ ձեւով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Սերգեյ Հարությունյանը։
Նա հայտնեց, որ իրեն բավական ժամանակ սպասեցրել են Ոստիկանության Կենտրոնի բաժանմունքի մոտ եւ թույլ չեն տվել ներս մտնել։
«Սա իմ փաստաբանական պրակտիկայում առաջին դեպքն էր, որ դրսում երկար սպասեցնեն, վերջում ՄԻՊ աշխատակազմի թեժ գիծ զանգահարելուց հետո վերջապես հաջողվեց ներս մտնել»,- նշեց փաստաբանը։
Ոստիկանները բերման են ենթարկել նաեւ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրագրող Անի Նահապետյանին, որն այդ պահին իր աշխատանքային պարտականություններն է կատարել, նրա վրա նաեւ համապատասխան վկայական (բեյջ) է փակցված եղել։
Փաստաբանը հայտնեց, որ լրագրողը նույնպես դեռ ոստիկանական բաժանմունքում է գտնվում։
«Ոստիկանները դեռ զեկուցագիր չեն ստացել, թե ինչի համար են նրան բերման ենթարկել։ Ես ինքս ոստիկաններին ասացի, որ լրագրողին այդ շենքում պահելն ապօրինի, բայց նրանք պատճառաբանեցին, որ իրենք չգիտեն՝ որպես լրագրող են բերման ենթարկել, թե որպես պարզապես ակցիայի մասնակից քաղաքացի, չնայած նրան, որ լրագրողի վրա այդ պահին բեյջ է փակցված եղել»,- նշեց փաստաբանը՝ ասելով, որ ակցիայի մասնակիցների, ինչպես նաեւ՝ լրագրողի բերման ենթարկման իրավական հիմքերի եւ մնացած մանրամասների մասին դեռեւս հավելյալ տեղեկատվություն չի կարող տրամադրել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում