Օրվա իշխանության նախաձեռնած հայ֊թուրքական, այսպես կոչված՝ «հաշտեցման գործընթացը» պետք է կասեցվի

Օրվա իշխանության նախաձեռնած հայ֊թուրքական, այսպես կոչված՝ «հաշտեցման գործընթացը» պետք է կասեցվի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, Times․am: Օրվա իշխանության նախաձեռնած հայ֊թուրքական, այսպես կոչված՝ «հաշտեցման գործընթացը» պետք է կասեցվի: Ինչպես փոխանցում է Yerkir.am-ը, այս մասին ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Հայ Յեղափոխական Դաշնակցության 34-րդ Ընդհանուր ժողովի բացման պաշտոնական արարողության ժամանակ։

Ներկայացնում ենք մի հատված ելույթից։

2020 թ. նոյեմբերի 9-ից հետո Հայաստանը հայտնվել է աշխարհաքաղաքական սպառնալից միջավայրում՝ ներքին դիմադրողականության անկումով, տարածքային կորուստներով, անգամ ինքնիշխանության կորստի վտանգով։ Իսկ այս ամենի մեղավոր և պատասխանատու իշխանությունը ոչ միայն պատրաստ չէ դիմագրավել այդ մարտահրավերները, այլ իր քայլերով սպասարկում է Ադրբեջանի և Թուրքիայի շահերը:

Օրվա իշխանությունն անտեսելով՝

– Թուրքիայի հայատյաց և Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը,

– Քառասունչորսօրյա պատերազմին Թուրքիայի բացահայտ մասնակցության փաստը,

– Թուրք-ադրբեջանական տանդեմի՝ «Շուշիի հռչակագրով» ամրագրված հակահայկական ռազմավարական նպատակներն ու պանթուրանական ծրագրերը,

– քաղաքական եւ տնտեսական էքսպանսիա իրականացնելու միջոցով տարածաշրջանում լիարժեք վերահսկողություն հաստատելու Թուրքիայի նպատակները,

փորձում է տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու կեղծ ու ցնորամիտ լոզունգների տակ երկիրը տանել նոր կորուստների և նոր զիջումների:

Առ այդ, մեկ անգամ ևս զգուշացնում ենք.

-Հայաստանի եւ հայության կողմից կենսական զիջումներ ենթադրող որեւէ գործընթացի վերջնարդյունքը հայոց պետականության փլուզումն է,

-Հայաստանի ինքիշխանության, տարածքային ամբողջականության եւ Արցախի լինելիության ու անվտանգության հարցերը փոխկապակցված են,

-Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն օգտագործել իր եւ Ադրբեջանի պահանջները բավարարելու նպատակով։

Հետևաբար, հայ֊թուրքական, այսպես կոչված, հաշտեցման գործընթացը պետք է կասեցվի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում