Ռուսաստանի ռազմական հատուկ գործողության վեցերորդ օրը մեծ ավերածություններ ու կորուստներ է բերել Ուկրաինային

Ռուսաստանի ռազմական հատուկ գործողության վեցերորդ օրը մեծ ավերածություններ ու կորուստներ է բերել Ուկրաինային

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, Times․am: Օրն առանձնացել է հրետանու, հրթիռային զորքերի, ռազմական ավիացիայի ակտիվ աշխատանքով, որի արդյունքում ռազմական նշանակության օբյեկտների ոչնչացումից բացի մեծ թվով խաղաղ բնակիչներ են զոհվել։ Ընդ որում, արկակոծումներն ու հրետակոծությունները եղել են երկկողմ։ Ուկրաինայում ամենաշատն այսօր տուժել է Խարկովը։ Իսկ ահա դիմակայող կողմից՝ Դոնցեկը, որն ամբողջ օրվա ընթացքում հրետակոծվել է համազարկային կրակի տարբեր կայանքներից։

Իրավիճակը ռազմադաշտում։ Կիևի մերձակայքում Ռուսաստանը շարունակում է մեծացնել իր զորքերի թիվը։ Արևմտյան լրատվամիջոցներն այսօր հրապարակել են արբանյակից ստացված լուսանկարներ, որտեղ երևում է թե ինչ ահռելի քանակությամբ զինտեխնիկա է շարժվում դեպի Կիև։ Ամեն ինչ խոսում է այն մասին, որ Ռուսաստանը մեծ հարձակում է պատրաստում Կիևի վրա։

Ռուսական զորքերն այսօր ներխուժել են Ուկրաինայի հարավում գտնվող Խերսոն քաղաք։ Օրվա ընթացքում նրանց հաջողվել է գրավել քաղաքի կեսը՝ այդ թվում կենտրոնական շրջանը։ Քաղաքի ծայրամասում դեռևս գտնվում են ուկրաինական ինքնապաշտպանական ուժեր, որոնց ուղղությամբ այս պահին հրետանի է աշխատում։

Ուկրաինայի հարավում գտնվող մեկ այլ քաղաք, Նիկոլաևը, որը քանի օր շարունակ գրեթե շրջափապատված էր, այսօր անակնկալ կերպով ապաշրջափակվել է։ Ռուսական զորքերը պարզապես շրջանցել են այն և շարժվել դեպի հյուսի, որտեղից բացվում են Օդեսա և Կրիվոյ Ռոգ տանող ճանապարհները։

Ուկրաինայի արևելյան շրջաններում գտնվող Էներգոդար և Զապորոժյե քաղաքների մերձակայքում ռուսական զորքերն այսօր մի շարք փոքր բնակավայրեր են գրավել։ Ուկրաինական մի շարք լրատվամիջոցներ սակայն տեղեկացնում են, որ այդ հատվածում Ուկրաինայի բանակը հասցրել է ամրաշինական աշխատանքներ տանել և հիմա ռուսական կողմը փորձում է հրետանու օգնությամբ հաղթահարել նրանց դիմադրությունը։

Դոնբասում ինքնահռչակ հանրապետությունների և Ռուսաստանի բանակները սկսել են պայքարել Վոլնովախ քաղաքը գրավելու համար։ Այսօր կեսօրին ՌԴ ՊՆ-ն տեղեկացրել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում ռուսական զորքերին հաջողվել է միանալ Դոնեցկի բանակին և կտրել ուկրաինացիներին Ազովի ծովից։ Այդ հատվածում Ուկրաինայի վերջին հենակետը՝ Մարիուպոլը, շրջափակված է և ամենան հավանականությամբ շուտով կանցնի Դոնեցկի Հանրապետության ձեռքը։

Հյուսիս-Արևելքում ռուսական բանակն առաջ է շարժվում դեպի Խարկովի շրջանում գտնվող Իզյում քաղաք։ Ակնհայտ է, որ այդ հատվածում Ռուսաստանի մարտավարական ծրագիրը Դոնբասում գտնվող ուկրաինական ողջ զորքն օղակի մեջ առնելն ու նրանց պարտություն պարտադրելն է։

Այսօր՝ ուշ երեկոյան Ռուսաստանը հերթական հարվածն է հասցրել Խարկովի մերձակայքում գտնվող ուկրաինական բանակի ենթակառուցվածքներին։ Չուգուևի օդանավակայանին հասցված ուժգին հարվածի կադրերը մինչ այս պահը տարածվում են ուկրաինական սոցիալական ցանցերում։

Հիշեցնենք նաև, որ Ռուսաստանն այսօրվանից սկսել է ոչնչացնել Ուկրաինայի կապի և հեռահաղորակցման հանգույցները։ Այդ ծրագրի շրջանակում ցուցադրական երկու հարված է հասցվել Կիևի հեռուստաաշտարակին։ Այս պահին ընթացող մարտական գործողությունների գրեթե բոլոր շրջաններում ուկրաինական կողմը կապի լուրջ խնդիրներ ունի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում