Եթե փորձեն դուրս մղել ՌԴ-ին՝ պատասխանը կարող է շատ կոշտ լինել. Մարկեդոնովը՝ Արցախի իրադրության մասին

Եթե փորձեն դուրս մղել ՌԴ-ին՝ պատասխանը կարող է շատ կոշտ լինել. Մարկեդոնովը՝ Արցախի իրադրության մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, Times․am: Ադրբեջանը հակասություններ ունի Ռուսաստանի հետ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայության հարցի շուրջ: Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) առաջատար հետազոտող Սերգեյ Մարկեդոնովը պարզաբանում է, որ եթե նախկինում ռուս-ադրբեջանական այդ հակասությունը մնում էր ոչ հրապարակային դաշտում, ապա վերջին սրացումներից հետո այն դուրս եկավ ջրի երես Ռուսաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների հայտարարությունների միջոցով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին ռուսաստանցի քաղաքագետը նշեց «Հոդված 3» ակումբի՝ «ԷՍԿԱԼԱՑԻԱ ԱՐՑԱԽՈՒՄ . ԳԱԶԱՅԻՆ ՏԵՌՈՐԻՑ ՄԻՆՉԵՎ ԼՈԿԱԼ ՄԱՐՏԵՐ» թեմայով հեռավար քննարկման ժամանակ:

Մարկեդոնովի խոսքով՝ Ռուսաստանում հիմա շատ «մոդայիկ» է դարձել Արցախում Ադրբեջանի ռազմատենչ գործողությունները որպես Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բնութագրելը՝ նկատի ունենալով ռազմական գործողությունները Ուկրաինայում: Սակայն ռուսաստանցի քաղաքագետը թերահավատորեն է վերաբերվում այդ տեսակետին՝ ասելով, որ Լեռնային Ղարաբաղում կան «համակարգային խնդիրներ», որոնք գոյություն ունեին նաև մինչև Ուկրաինայում ՌԴ ռազմական հատուկ գործողության սկսվելը:

«Նկատի ունեմ այն լուրջ տարաձայնությունները, որոնք կան Երևանի և Բաքվի միջև Լեռնային Ղարաբաղում իրերի դրության մասին: Ակնհայտ է, որ Բաքուն 2022 թ. շատ ավելի վաղ հարց էր բարձրացնում Ղարաբաղի այսպես կոչված «ապառազմականացման» վերաբերյալ: Տվյալ պարագայում հակասություն կա ռուս խաղաղապահների առնչությամբ: Եթե նախկինում այդ հակասությունը հրապարակային դաշտում չէր, ապա այժմ այն դուրս եկավ ջրի երես փոխադարձ հայտարարությունների միջոցով, կոշտ հայտարարությունների փոխանակման երկու ռաունդ է եղել Ռուսաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարություններից», – մեկնաբանեց Սերգեյ Մարկեդոնովը:

Իսկ Հայաստանի Հանրապետությունը, Մարկեդոնովի մեկնությամբ, ընդգծում է, որ ի հեճուկս Ադրբեջանի հայտարարությունների՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը մնում է օրակարգում, չճանաչված Արցախի Հանրապետությունը ունի իր ներքին քաղաքական ու հասարակական կյանքը, և կարգավիճակի հարցը չի կարող անտեսվել:

Ուկրաինական հակամարտությունը, ըստ քաղաքագետի, ազդում է Արցախյան կոնֆլիկտի վրա այն առումով, որ ձևավորվել է որոշակի ընկալում, նույնիսկ կարելի է ասել՝ պատրանք, թե Ռուսաստանը հիմա շատ ծանրաբեռնված է Ուկրաինայով, և կարելի է առիթից օգտվելով՝ որոշ արդյունքների հասնել: Բայց Սերգեյ Մարկեդոնովը շտապեց անմիջապես փարատել Բաքվի այդ հույսերը. «Իրավիճակը ամենահուսալին չէ, քանի որ Ռուսաստանը բոլոր կոնֆլիկտներում էլ փորձում է կառչել ստատուս-քվոյից, փորձում է չափավորական դիրք գրավել, բայց եթե փորձում են դուրս մղել նրան, պարզ ասած՝ վռնդել և հաշվի չառնել իր շահերը՝ պատասխանը կարող է շատ կոշտ լինել: Ես չեմ ուզում սպառնալիքներով կամ նման ինչ-որ բաներով զբաղվել, ես պարզապես վերլուծում եմ Ռուսաստանի պահվածքի տրամաբանությունը և նկարագրում այդ մոդելը՝ ինչպես որ կա»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում