Երևանում բարձրաստիճան ոստիկանը հրկիզել է նախկին մտերմուհու ավտոմեքենան և բռնություն կիրառել նրա նկատմամբ

Երևանում բարձրաստիճան ոստիկանը հրկիզել է նախկին մտերմուհու ավտոմեքենան և բռնություն կիրառել նրա նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, Times․am: Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:35-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել Երևան քաղաքի Մոլդովական փողոցի շենքերից մեկի բնակչուհուց, ով հայտնել է, որ մոտ 20 րոպե առաջ իր նախկին ծանոթը անհիմն հարվածել է իրեն, պատճառելով մարմնական վնասվածք, հայտնում է shamshyan.com-ը։

Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ ահազանգողը եղել է 36-ամյա Հերիքնազ Գ.-ն, իսկ նրան հարվածել ու վնասվածք է պատճառել Երևանի բնակիչ, 43-ամյա Արման Հ.-ն: Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կայքի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից որոնվող Արման Հ.-ն ոստիկանության բարձրաստիճան սպա է, ով մեկ շաբաթ առաջ ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի հրամանով ազատվել է ոստիկանության Դիլիջանի բաժնի պետի տեղակալի պաշտոնից։

Ըստ կայքի՝ այս տարվա մարտի 5-ին Հերիքնազ Գ.-ն ահազանգել էր ոստիկանություն, որ իրենց շենքի բակում կայանված, իրեն պատկանող Toyota մակնիշի ավտոմեքենան հրկիզել են: Տեղում Հերիքնազ Գ.-ն ոստիկաններին հայտնել էր, որ ավտոմեքենան հրկիզել է Արման Հ.-ն և նա հայտնաբերվել ու բերման էր ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում